HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվում է ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը

ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով: Շնորհանդեսը տեղի կունենա  սեպտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Բաղրամյան 24 ա հասցեում: Թանգարանի վերաբացման արարողությանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները եւ ինստիտուտների ղեկավարները, ՀՀ կառավարության անդամները, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների տնօրենները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ-ին: Թանգարանի ֆոնդը կազմում է 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:

Թանգարանում առանձնացվում են հետևյալ բաժինները՝

  1. Հանքաբանություն (միներալոգիա)
  2. Հնէաբանություն
  3. Քարաբանություն
  4. Հայաստանի օգտակար հանածոներ
  5. Հայաստանի հանքային ջրեր
  6. Հայաստանի երկրաբանական հուշարձաններ:

Հայտնի 3000 անուն միներալներից գրեթե կեսը ցուցադրված է թանգարանում` ամեթիստ, զմրուխտ, նռնաքար, սաթ, տոպազ, սուտակ, շափյուղա, Սարիգյուղի ագաթները, Արագածի օբսիդիանները, Մարմարաշենի մարմարային օնիքսները, Թեղուտի փիրուզը, և այլն:

Հնէաբանության բաժնի ցուցանմուշների մեծամասնությունը կազմում են բրածո օրգանիզմների մնացորդները, որոնք  կյանքի առաջին փաստացի հետքերն են Երկրի վրա: Բաժնում գլխավոր տեղը զբաղեցնում է թանգարանի ամենամեծ ցուցանմուշը՝ նախապատմական թրոգոնթերյան փղի կմախքը:

Քարաբանության բաժինը ներկայացված է տարբեր տեսակի լեռնային ապարներով: Այստեղ կան հրաբխային, նստվածքային և փոխակերպային ապարներ, բոլոր տիպերն էլ ցուցադրված են ցուցափեղկերում:

Թանգարանում ցուցադրված է նաև ավելի քան 50 տեսակի օգտակար հանածոների 1000 նմուշ:

Հանքային ջրերի բաժնում ներկայացված է «Հայաստանի հանքային ջրերի ելքերի» քարտեզը:

«Բնական երկրաբանական հուշարձաններ» բաժնում ցուցադրված են Հայաստանի յուրահատուկ երկրաբանական հուշարձանների 24 լուսանկարներ: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter