
Հարթաշենի գյուղապետը մնացել է առանց պաշտպանի
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր նշանակված էր Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի գործով դատական նիստը, որը, սակայն, ինչպես նաև օգոստոսի 30-ին, հետաձգվել է այն պատճառով, որ մեղադրյալի փաստաբանը հրաժարվել է իր պաշտպանյալից:
Ավելի վաղ մամուլում մեղադրյալի փաստաբան Արա Զաքարյանը նշել է, որ զբաղվածության պատճառով ինքը չի զբաղվել այդ գործով: Դժվար է գուշակություն անել, արդյոք փաստաբանը համոզվել է, որ իր պաշտպանյալին արդարացնելը դյուրին չէ, մանավանդ, որ բացահայտվել է գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ:
Մինչ դատական նիստի շարունակության համար նոր փաստաբան կներգրավվի, կիրակի օրը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հարթաշենի համայնքի ղեկավար է ընտրվել Գագիկ Վանեսյանը: Ասում են, որ նրան շնորհավորողները որպես առաջին մաղթանք՝ զգուշացրել են. «Գյուղի անունը խայտառակ չանես»:
Հիշեցնենք, որ Հարթաշենի արդեն նախկին գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել գյուղի դպրոցի 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով:
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 24-ին:
Ա. Մ.
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել