HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է որոշ շինարարական ծրագրեր ազատել ՇՄԱԳ փորձաքննությունից

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխոփոխություն կատարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում։

Ըստ այդմ, առաջարկվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունից ազատել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերում սառցարանների, սառնարանների և պահեստարանների կառուցումը կամ վերակառուցումը։

Փորձաքննության ենթակա չեն լինի գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին և պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի կամ մանկապարտեզի կառուցումը կամ գոյություն ունեցող դպրոցի կամ դպրոցի մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը։

Նույնը կվերաբերի պետական կամ համայնքային հողամասերում մարզադաշտերի, մարզադպրոցների և մարզահամալիրների վերակառուցմանն ու հիմնանորոգմանը։

Այս ծրագրերի դեպքում շրջակա միջավայրի վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը կներկայացնի ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության շրջանակում։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Էկոնոմիկայի նախարարության հիմնավորմամբ՝ այս փոփոխությունը թույլ կտա պահպանել շրջակա միջավայրի պաշտպանության պետական վերահսկողությունը՝ միաժամանակ վերացնելով այն ընթացակարգերը, որոնք, ըստ նախարարության, տվյալ ծրագրերի դեպքում լրացուցիչ բնապահպանական արդյունք չեն ապահովում։

Նախարարությունն ակնկալում է, որ փոփոխության արդյունքում կկրճատվեն սառնարանային, սառցարանային և պահեստային տնտեսությունների կառուցման վարչարարական խոչընդոտներն ու ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետները։ Ըստ նախարարության՝ դա նաև կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter