ԵՄ-ն ներկայացրեց ընդլայնման քաղաքականությունում փոփոխությունների ծրագիրը
Այսօր Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց ընդլայնման նոր համալիր ծրագիր, որով առաջարկում է մի քանի խոշոր փոփոխություն ԵՄ ընդլայնման քաղաքականության մեջ։
Նախ՝ ԵՄ-ն ցանկանում է թեկնածու երկրներին առաջարկել «աստիճանական ինտեգրում»։
Սա նշանակում է, որ հենց թեկնածու երկիրը բավարարի որոշակի պահանջներ և գրանցի առաջընթաց, այդ երկրի քաղաքացիներն ու ընկերությունները կկարողանան օգտվել որոշ առավելություններից առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թվային ցանցերի հասանելիության և այլ ոլորտներում։
Նախատեսվում է, որ այս առավելությունները կտրվեն թեկնածու երկրներին մինչև դրանց լիիրավ անդամ դառնալը։ Սակայն, եթե երկիրը չհետևի կանոններին կամ խախտի իր պարտավորությունները, այդ առավելությունները կարող են հետ վերցվել։
Հաջորդ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ԵՄ-ում որոշումների ընդունման բարդ ընթացակարգերի որոշակի պարզեցմանն ու բյուրոկրատական փակուղիներ թույլ չտալուն։
Այժմ կարևորագույն որոշումներ ընդունելու համար պահանջվում է ԵՄ անդամ երկրների միաձայն քվեարկություն։ Եվրահանձնաժողովը ապագայում նախատեսում է որոշ փոփոխություններ մտցնել այս ընթացակարգում։
Առաջարկվում է որոշ որոշումների համար անցնել մեծամասնական քվեարկության համակարգի։ Այս դեպքում որևէ անդամ երկիր այլևս չի կարողանա վետո դնել և արգելափակել որևէ որոշում։
Նախատեսվում է նաև ավելի խիստ երաշխիքների ներդրում նոր անդամ երկրների համար։
Նոր անդամները ԵՄ-ին միանալուց հետո չպետք է հրաժարվեն ժողովրդավարական արժեքներից կամ օրենքի գերակայությունից։ Եվրահանձնաժողովն առաջարկում է ներդնել խիստ պատժամիջոցներ, եթե նոր անդամը ԵՄ-ին միանալուց հետո խախտի ԵՄ «հիմնարար» արժեքները։
Նախատեսվում է նաև ավելի խիստ երաշխիքներ ԵՄ բյուջեի և եվրոպական գյուղատնտեսության պաշտպանության համար։
Հանձնաժողովը գտնում է, որ բյուջետային հարցերի տեսանկյունից ԵՄ-ն ունակ է ընդլայնվելու։ Սակայն Ուկրաինայի համար հատուկ բացառություն է առաջրկվում։
Քանի որ Ուկրաինան գյուղատնտեսական խոշոր երկիր է, Ուկրաինայի՝ առանց որևէ սահմանափակումների ներառումը ԵՄ գյուղատնտեսական շուկայում կարող է ծանր հետևանքներ ունենալ եվրոպացի գյուղատնտեսների համար։
Ուստի Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանափակել ուկրաինական որոշ գյուղատնտեսական ապրանքների մուտքը ԵՄ ընդհանուր շուկա և հատուկ կանոններ սահմանել ուկրաինական ապրանքների համար։ Միաժամանակ ԵՄ-ն նախատեսում է օգնել Ուկրաինային իր գյուղատնտեսական ապրանքներն արտահանել աշխարհի մնացած երկրներ։
Այս փաթեթը այժմ պետք է քննարկեն ԵՄ-ի անդամ պետությունները և Եվրոպական խորհրդարանը։ Ակնկալվում է, որ այն դեռ կփոփոխվի և կլրամշակվի։
Հանձնաժողովը նախատեսում է հրապարակել ԵՄ անդամակցության հստակ, քայլ առ քայլ ճանապարհային քարտեզներ Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի համար մինչև այս տարվա ավարտը։
Գլխավոր լուսանկարում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ներկայացնում է նոր փոփոխությունների առաջարկը Եվրոպական խորհրդարանում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել