HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անկեղծության երկու երեսը. Ռուբեն Հայրապետյան-1

Ֆրանսահայ «Նուվել դ’Արմենի» ամսագրին Հայաստանի խոշորագույն օլիգարխ, առայժմ
ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տված
սենսացիոն հարցազրույցը ոչ միայն ի հայտ է բերում Հայրապետյանի անձի իրական
բնութագիրը, այլև բացահայտում է վերջին շրջանում նրա շուրջ ծավալվող
իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու իշխանություն-օլիգարխիա և միջօլիգարխիկ հարաբերությունների ողջ բովանդակային ու կառուցվածքային նկարագիրը:

Միանգամից հարկ է նկատել, որ չնայած հարցազրույցի անցակացման և դրանում ներկայացված մտքերի` իրականությանը համապատասխանելու վերաբերյալ ներկայումս արտահայտվող որոշ երկմտանքին, այն որևէ կասկած չի հարուցում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ամբողջությամբ արտացոլում է նեմեցական աշխարհընկալումն ու մտքերի, արտահայտչամիջոցների առանձնահատկությունները, որոնք կարող էր մատուցել միմիայն անձամբ Ռուբեն Հայրապետյանը, այլև այն փաստը, որ չնայած սենսացիոն բնույթի, հենց օլիգարխին խիստ անհարմար դրության մեջ դնող մի քանի մտքերին, Նեմեց Ռուբոն այս ընթացքում ամսագրի խմբագրությունից հերքում պահանջելու նախաձեռնություն չցուցաբերեց: Դա վկայում է այն մասին, որ նա առավել քան վստահ է հարցազրույցի ձայնագրության առկայության և ինչ-որ պահի խմբագրության կողմից նաև դա հրապարակելու իրատեսականության մեջ:

Հավատարմության գինը

Հարցազրույցի, թերևս, ամենաքաղաքականացված մասը վերաբերում է Հայաստանի երեք նախագահների անուղղակի համեմատություններին: Նեմեց Ռուբոյի որոշ մոտեցումներից, մասնավորապես՝ կապված ընդդեմ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միավորման հետ, հասկանալի է դառնում, որ քաղաքականությունից նա առանձնապես շատ բան չի հասկանում և երևույթների մասին դատողություններ է անում «բեսեդկաների քաղաքագետների» մակարդակով:

Սակայն բանը դա չէ, այլ այն, որ դրանով Հայրապետյանը տենդագին փորձում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ վերականգնել հարսնաքարյան հայտնի ողբերգության հետևանքով սասանված իր հեղինակությունը իշխանական վերնախավի համար լրիվ ստանդարտ մի ճանապարհով` պարզապես նախագահին հավատարմության ու նվիրվածության շռայլ երդումներ տալով: Հարցազրույցում նրա ակնարկներն այն մասին, որ միայն ինքն է մնացել Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակիցը, իսկ մյուսները տարբեր խաղեր են տալիս, այդ երդումների միայն, ինչպես ասում են, «ժուռնալն» է: Իրական գաղափարը նա փորձում է հասունացնել  շատ պարզ, կենցաղային մի միջոցով. ուղղակի քար նետելով նախորդ երկու նախագահների «բոստանը»` ցույց տալու համար Սերժ Սարգսյանի բացառիկությունն ու անփոխարինելիությունը:

Սակայն, գաղափարը հասունացնելիս նա այնքան հեռու է գնում, այնպիսի ջանասիրություն է հանդես բերում, որ ուղղակի չափն անցնում է և անհեթեթ, ծիծաղելի հակասությունների մեջ ընկնում: Օրինակ` նա պնդում է, որ այն կարծիքը, թե երկրում անպատժելիություն է տիրում, իրականությանը չի համապատասխանում միայն այն պատճառով, որ նախագահը դա չի հանդուրժում: Եվ փորձում է դա հիմնավորել նրանով, որ եթե ինքը «Հարսնաքարի» ողբերգական դեպքերին ինչ-որ ձևով ներգրավված լիներ, նախագահը ոչ ավել-ոչ պակաս... իրեն անմիջապես կազատազրկեր: Թողնենք նախագահի` որպես ինչ-որ դատախազի կամ դատավորի վերաբերյալ Հայրապետյանի ուենցած ունիկալ պատկերացումները: Բայց նման բան ասելով` նա չգիտակցելով հաստատում է, որ այս երկրում ամեն ինչ, առաջին հերթին՝ պատժելու և խրախուսելու բացառիկ իրավունքը պատկանում է հենց նախագահին: Եվ ինքը, բնականաբար նաև իր նման օլիգարխները, փաստորեն, ենթակա և հաշվետու են ոչ թե օրենքի, այլ բացառապես նրա առջև: Սակայն խնդիրն անգամ սա էլ չէ:

Պնդելով, թե անպատժելիության մթնոլորտ երկրում չկա` Հայրապետյանն, այնուամենայնիվ, այդպես էլ չի բացատրում, թե եթե չի օգտվել իշխանական երաշխավորության «գրին քարտից», ինչպե՞ս է հնարավոր, որ նախաքննական մարմինը փորձաքննության ենթարկած լինի իր հեռախոսը, դետալիզացրած լինի հարսնաքարյան դեպքերի ընթացքում իր հեռախոսազանգերը, ինչպես ինքն է հաստատում հարցազրույցում, բայց դրանք ընդհանրապես ընդգրկված չլինեն արդեն դատարան ուղարկված քրեական գործի նյութերում: Կամ` ինչո՞ւ հենց կոնկրետ Հայրապետյանի պարագայում, նրան հարցաքննության ենթարկելուց անմիջապես հետո, նախաքննական մարմինը փաստացի խախտեց նախաքննության գաղտնիության «սուրբ» ռեժիմը` հայտարարելով, թե «Հարսնաքարում» ծավալված իրադարձությունների պահին նա ռեստորանում չի եղել, որի վրա էլ հետագայում կառուցվեց ողջ քրեական գործը:

Հետաքրքրական են հատկապես Սերժ Սարգսյանի ֆոնին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ստվերում թողնելու, ավելին` անվանարկելու, այդպիսով գործող նախագահի աչքին բարձրանալու փորձը, որն այս հարցազրույցի «ամենահամեղ պատառներից» է: Հայրապետյանը, թերևս փորձելով ընդգծել Քոչարյանի անհանդուրժողականությունն ու մենիշխանության ձգտումները, հայտարարում է, թե նա իրեն ստիպել է վաճառել «Գրանդ Տոբակո» ընկերությունում ունեցած պատկառելի բաժնեմասերը: Դրանով նա նաև փորձում է Սերժ Սարգսյանի լոյալության կողքին ստեղծել Քոչարյանի՝ որպես բռնակալի, գործարարությունը, ազատ տնտեսվարումը խեղդողի կերպար: Բայց նա, թերևս, մոռանում է, որ մինչ այդ էլ պնդում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ավելի վատ վիճակում է եղել, ընդհուպ այն աստիճանի, որ ֆիզիկական գոյությունը պահպանելու նկատառումներից ելնելով՝ ստիպված է եղել երկու անգամ լքել երկիրը կամ անցնել ընդհատակ (թեև տարօրինակ կերպով նաև հենց այդ ընթացքում էլ հասցրել է հաղթական կերպով Ավանի թաղապետի պաշտոնը նվաճել ընտրությունների միջոցով):

Տրամաբանորեն, եթե մինչև 1998թ. նրան երկրում պարզապես շնչելու հնարավորություն չեն տվել, նշանակում է իր ահռելի կարողությունները Հայրապետյանը պետք է կուտակած լիներ հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին և նրա հովանու ներքո: Որովհետև պարզ է՝ եթե նա կարողացել է ստիպել գործարարին վաճառել իր բաժնեմասերը, ուրեմն միայն նա կարող էր Հայրապետյանին հարստանալու հնարավորություն ու միջավայր տրամադրել: Իսկ եթե ոչ, ապա Հայրապետյանը լավ կաներ նախ մարդավարի բացատրեր, թե եթե ոչ Տեր-Պետրոսյանն է իրեն օր ու արև տվել, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը, ապա այդ ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս, կախարդական այդ ի՞նչ փայտիկի օգնությամբ է կարողացել կուտակել իր առհելի կարողությունը և դառնալ երկրի առաջին օլիգարխներից մեկը: 

Մյուս կողմից, հարցազրույցում նա պնդում է, որ 2009թ. Սուքիասյանների ընտանիքից խլված «Բջնի» գործարանը, որը դրվել էր աճուրդի, ինքը գնել է չափազանց թանկ գնով: Այսինքն` նա այն ժամանակ հասկացել է, որ չարժե այդքան վճարել «Բջնիի» դիմաց, բայցևայնպես, վճարել ու սեփականացրել է այն:

Պարզ է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում, երբ ստիպված է եղել դա անել կամ երբ նրան ուղղակի պարտադրել են այդպես վարվել: Իսկ 2009-ին Նեմեց Ռուբոյին ինչ-որ բան պարտադրել կարող էր միայն մեկ անձ` Սերժ Սարգսյանը: Իսկ եթե այդպես է, ապա ստացվում է, որ նա ոչնչով էլ Քոչարյանին չի զիջում. եթե երկրորդ նախագահը ստիպում էր վաճառել, երրորդը ստիպում է գնել: Երկու դեպքում էլ գործ ունենք պարտադրանքի հետ: Բայց չգիտես ինչու, Քոչարյանի պարտադրանքն  այդպես «վառել» է Հայրապետյանին, մինչդեռ Սարգսյանինը` հակառակը` կարծես թե «զովացնում» է:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ եթե վաղն էլ Սերժ Սարգսյանն իշխանության չլինի, Հայրապետյանը նույնքան «շնորհակալ» կլինի Սերժ Սարգսյանից: Սրանք լավագույն ցուցիչը կարող են լինել գործող նախագահի համար` ըմբռնելու, թե քանի գրոշի արժեք ունի իր «միակ հավատարիմ զինակցի» նվիրվածությունը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter