«Հետքի» հոդվածի հիման վրա կայացվել է Սևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում:
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման շրջանակներում Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետվող աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետման չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝
- ածխածնի օքսիդի քանակությունը գերազանցել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության չափաքանակները,
- հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO2), որի արտանետումը նախատեսված չէ Ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ:
- Ասֆալտբետոնի արտադրամասը գտնվում է Սևանա լճից 1560 մետր հեռավորության վրա՝ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումները:
Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին կայացվել է Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում:
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Տես նաև՝
- Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը Ծովագյուղում
- 8-րդ հարկ․ ինչպես կանխվեց Սևանի ափին ցեմենտի արտադրության ծրագիրը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել