HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տոնական միջոցառումները գովազդվում են, սակայն ծախսերը չեն հրապարակվում․ որքա՞ն կարժենա Էջմիածնի 2711-ամյակը

Վաղարշապատի համայնքապետարանը սեպտեմբերի 16-ից գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութեր է հրապարակում՝ ներկայացնելով հոկտեմբերի 8-ին նախատեսվող Էջմիածնի 2711-ամյակին նվիրված միջոցառումները։ Տոնական համերգին մասնակցող երգիչները նույնպես տեսաուղերձներով դիմում են էջմիածինցիներին՝ հրավիրելով մասնակցելու միջոցառումներին։ Քաղաքի գլխավոր փողոցներն արդեն զարդարված են քաղաքը խորհրդանշող դրոշներով ու տոնական այլ պարագաներով։

Տոնակատարության ծրագիրը հանրությանը ներկայացվում է, սակայն դրա համար նախատեսված ծախսերի վերաբերյալ համայնքապետարանը դեռ ամբողջական տեղեկություն չի հրապարակում։ Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին գրավոր հարցրել էինք, թե որքան գումար է նախատեսված միջոցառումների համար, ինչ աղբյուրներից է այն ֆինանսավորվելու, և ինչ ծախսեր են նախատեսվում։

Համայնքապետարանից խնդրել էինք նաև ներկայացնել ծախսերի մանրամասն բացվածքը՝ առանձին նշելով համերգային ծրագրում ներգրավված երգիչների վարձատրությունը, պարագաների վարձակալության, հրավառության, թեմատիկ փառատոների, ցուցադրությունների, ներկայացումների, մանկական և ժամանցային ծրագրերի ու մյուս ծախսերի չափերը։ Տոնական համերգի ժամանակ երգելու են Իվետա Մուկուչյանը, Արամ Ասատրյանի թոռը՝ Արման Ասատրյանը, Էրիկը և այլք։

Բացի դրանից, հարցրել էինք՝ արդյոք արդեն կատարված կամ նախատեսվող ծախսերը հաստատվել են ավագանու որոշմամբ, եթե այո՝ ինչ չափով, ինչպես նաև արդյոք կան անհատներ կամ կազմակերպություններ, որոնք նյութական կամ ֆինանսական աջակցություն են տրամադրելու միջոցառումների կազմակերպմանը։

Համայնքապետարանից պատասխանել են, որ այս պահին հնարավոր չէ տրամադրել միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ վերջնական ու ամբողջական տեղեկատվություն։ Պատճառը, ըստ կառույցի, այն է, որ կազմակերպչական գործընթացը դեռ շարունակվում է, և վերջնական հաշվարկները դեռ ձևավորված չեն։

Համայնքապետարանից տեղեկացրել են, որ տվյալները հնարավոր կլինի տրամադրել միայն հոկտեմբերի 8-ի միջոցառումներից հետո, երբ կավարտվեն կազմակերպչական աշխատանքները, կմարվեն վերջնական հաշիվները, կկատարվեն մատուցված ծառայությունների վճարումներն ու կկնքվեն համապատասխան պայմանագրերը։ Այդ գործընթացներից հետո տվյալները կամփոփվեն, և տեղեկատվությունը կտրամադրվի սահմանված կարգով։

Այդուհանդերձ, տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մինչ այդ կնքված պայմանագրերը գրեթե հասանելի չեն հանրությանը։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում նման պայմանագրեր չեն հրապարակվում։

Armeps.am-ում մեզ հաջողվել է գտնել միայն բեմի և լուսաձայնային համակարգերի վարձակալության պայմանագիրը։ 2026թ.-ի սեպտեմբերի 22-ին Վաղարշապատ համայնքի ղեկավարի և «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր։ Պայմանագրի արժեքը 24 մլն դրամ է։ Դրանով նախատեսվում է առնվազն 12 մետր լայնությամբ և 10 մետր խորությամբ բեմահարթակի տեղադրում, ինչպես նաև բեմահարթակ-կղզյակներ՝ նկարահանող խմբերի համար։ Նախատեսվում է նաև «Լեդ» էկրանների տեղադրում, որոնց վրա պետք է ցուցադրվի առցանց ռեժիմով նկարահանվող համերգային ծրագիրը և այլ նյութեր։

Պայմանագիրը կնքվել է գնանշման հարցման հիման վրա։

«Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ.-ին։ Ընկերության սեփականատերը Արամ Պողոսյանն է։

Վաղարշապատի համայնքապետարանը 2025թ. ևս երկու պայմանագիր է կնքել «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ՝ դարձյալ բեմահարթակի ու միջոցառումների անցկացման համար՝ 7 մլն 600 հազ. դրամի։

2023-2026 թվականներին ՍՊԸ-ի ծառայություններից օգտվել են նաև  Երևանի քաղաքապետարանը, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն ու Երևանի պետական համալսարանը։

Օրինակ՝ «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների տեխնիկական ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանի ու ընկերության միջև կնքվել է մոտ 20 մլն դրամի պայմանագիր։

Էջմիածնի 2711-ամյակին վերաբերող միջոցառումների անցկացման համար 24 մլն դրամանոց պայմանագիրը միակն է, որի մասին հնարավոր եղավ տեղեկություն գտնել։

«Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցության ցուցակով Վաղարշապատի ավագանու անդամ Հարություն Խաչիկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Էջմիածնի 2711-ամյակին նվիրված միջոցառումները, որպես այդպիսին, առանձին չեն քննարկվել ավագանու նիստում: Համայնքի տարեկան բյուջեում կա միջոցառումների մասին կետ, որին էլ իրենք դեմ են քվեարկել։

«Ավելին ասեմ, օրեր առաջ հարցում ենք ուղարկել այդ մասով, բայց իրենց բնորոշ ձևով, երբ ինչ-որ հարց գումարին է վերաբերում, մաքսիմալ խուսափում են կոնկրետ պարզաբանել կամ արհեստական ձգձգում են պատասխանը»,- ասում է ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը և հավելում՝ հավանաբար նախապես չեն հրապարակում ծախսերը, որ աղմուկ չբարձրանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter