Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է «ֆեյսբուքյան» գրառումների համար
«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ կիրառվել են տեսակցությունների և այլ սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Դանիելյանը երեկ՝ 2026թ. հոկտեմբերի 7-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և հայտնել, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ իրեն մեղադրանք է առաջադրվելու։
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի»,– գրել էր Դանիելյանը։
Նա նաև պնդել էր, որ իր դեմ հարուցված գործը կապված է Ադրբեջանից իր հասցեին հնչող քննադատությունների և սպառնալիքների հետ։ Դանիելյանը նշել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանական կողմը տարածել է իր նախկին ելույթները, իսկ դրանց մեկնաբանություններում և անձնական նամակներով իրեն սպառնացել են։
«Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են»,- գրել էր նա՝ իր դեմ հարուցված գործը կապելով այդ հանգամանքի հետ։
Դանիելյանը նաև գրել էր, որ իր դեմ հարուցված քրեական վարույթը չպետք է վախեցնի իր հետևորդներին և կոչ էր արել չընկրկել։
Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խուլիգանության համար (խուլիգանություն, որը կատարվել էլ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Ըստ փաստաբանի՝ մեղադրանքը վերաբերում էր Դանիելյանի՝ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմանը։
Հետագայում, փաստաբանի փոխանցմամբ, մեղադրանքը լրացվել է։ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված մեղադրանքին ավելացվել են ևս մի քանի դրվագներ, որոնք նույնպես վերաբերում են «Ֆեյսբուք»-ում կատարած գրառումներին։ Բացի այդ, Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք»-ում գրառման միջոցով Ազգային անվտանգության ծառայությանը արատավորելու համար։
Նշենք, որ Ա. Դանիելյանը սոցիալական ցանցում հաճախ է սուր գրառումներ անում։ Սակայն ոչ փաստաբանը, ոչ Քննչական կոմիտեն չեն հայտնում, թե կոնկրետ որ գրառումների համար է Ա. Դանիելյանին մեղադրանք առաջադրվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել