ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի խնամքի կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։
ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև դիտարկվել է նախորդ մշտադիտարկման այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։
Հատկանշական է, որ նախորդ այցերի շրջանակում բարձրացված որոշ խնդիրներ ստացել են լուծում։ Մասնավորապես՝
- համայնքի կողմից կազմակերպվել են դեպի կենտրոն տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները,
- ընդլայնվել են խնամարկյալներին տրամադրվող ատամնաբուժական ծառայությունները,
- որոշ բաժանմունքներում անհատականացվել են հիգիենայի պարագաները։
Միևնույն ժամանակ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ. առանձին բաժանմունքներում շահառուների ոչ բոլոր ներքնազգեստներն ունեն անհատական նշումներ, իսկ լոգարաններում առկա սպունգերի պայուսակների մի մասի վրա շահառուների անունները բացակայում են կամ ջնջված են։
Այցի ընթացքում վեր են հանվել նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել էին նախկինում և շարունակում են մնալ չլուծված։ Մասնավորապես՝
- տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված, առանձին դեպքերում՝ իրար կպած՝ խախտելով խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը,
- մտահոգիչ է հոգեբույժի թափուր հաստիքների համալրման դժվարությունը,
- խնամարկյալների նկատմամբ դրսևորվում է մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցում, արձանագրվել է նաև աշխատանքային շահագործման դեպք,
- շարունակում են արձանագրվել զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, մատյանները պատշաճ չեն վարվում։ Չնայած կոնկրետ շահառուների վարքային դրսևորումները մեղմելու նպատակով կիրառվում են դեղորայքային հանդարտեցման միջոցներ՝ դրանք չեն արձանագրվում որպես զսպման միջոց,
- բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, առկա է կողապահարանների պակաս կամ բացակայություն,
- շուրջօրյա խնամքի որոշ բաժանմունքների սանհանգույցներն ու լոգարաններն ունեն հիմնանորոգման կարիք,
- անբավարար վիճակում են գտնվում խոհանոցի և լվացքատան մասնաշենքերը, որոնք վերանորոգման խիստ կարիք են ունեցել դեռևս նախորդ այցերի ժամանակ,
- կենտրոնում բացակայում է հարմարեցված և մատչելի միջավայրը. օրինակ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով հենաշարժողական խնդիրներ ունեցող խնամարկյալները դժվարություններ են ունենում սանհանգույցից և զբոսանքից օգտվելիս,
- բացակայում են ծխելու համար առանձնացված տարածքները։ Շահառուների հետ առանձնազրույցների և դիտարկումների համաձայն՝ շահառուները ծխում են բնակելի սենյակներում կամ միջանցքներում,
- արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալները չեն ներկայացնում իրազեկված համաձայնություն և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների մասին,
- խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում. խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,
- առկա է խնամարկյալների զբաղվածության ապահովման ծրագրերի շարունակական բարելավման անհրաժեշտություն,
- շահառուներին տրամադրվող խնամքը և առօրյայի կազմակերպումը կրում են ինստիտուցիոնալ բնույթ և բավարար չափով անհատականացված չեն,
- անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները, տաքսաֆոնների բացակայության պատճառով, չեն կարողանում կապ հաստատել մերձավորների հետ կամ գաղտնի (խորհրդապահական) կապ պահպանել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Խնամարկյալներն ազգականների հետ կապ են հաստատում բացառապես սոցիալական աշխատողների անձնական հեռախոսներով։ Փաստացի, հեռախոսակապից օգտվելու համար նրանք ուղղակի կախվածության մեջ են հայտնվում աշխատակիցներից, ինչը խնդրահարույց է և կարող է հանգեցնել չարաշահումների,
- արդիական է մնում տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի պարբերական վերապատրաստման անհրաժեշտությունը։
Այցի արդյունքներով կազմված ամփոփիչ փաստաթուղթը, որտեղ ներառված են արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրե առաջարկներ, կուղարկվի ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով անձանց անկախ կյանքի իրավունքի իրացումը, համայնքահեն ծառայությունների ընդլայնումը և հասարակական կյանքում լիարժեք ներառման ապահովումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել