HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքարդյունահանման ապօրինի դեպք է բացահայտվել. ՊԵԿ 

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք է բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

Վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում      իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։

Տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում տեղեկությունները հաստատվել են, մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։ 

Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով, միջոցառումների շրջանակում, գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025թ-ի  հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։ 

Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ։

Տեսանյութը՝ ՊԵԿ-ի, լուսանկարը՝ էկրանակադր տեսանյութից

Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter