HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացիների պնդմամբ՝ Գրիբոյեդով գյուղում ոստիկանները ծեծել են իրենց

Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով բնակավայրում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Քաղաքացիների պնդմամբ՝ ոստիկանները ծեծել են իրենց, իսկ ՆԳՆ հաղորդմամբ՝ քաղաքացիները խոչընդոտել են ոստիկանների ծառայողական գործունեությանը և չեն կատարել նրանց օրինական պահանջները։

«Հետքի» հետ զրույցում Թ. Ե-ն պատմեց, որ այդ օրը հյուրեր են ունեցել՝ սրտի ստենտ տեղադրած հորը տեսակցելու էին եկել։ Հյուրերին ճանապարհելիս, երբ  դրսում արդեն մութ էր, փողոցով մի քանի տասնյակ մեքենա է մեծ արագությամբ անցել։ Մտահոգվելով դրսում գտնվող երեխաների համար՝ Թ․Ե․-ն փորձել է կանգնեցնել վերջին մեքենաներից մեկը։

Թ. Ե-ի խոսքով՝ մեքենան որևէ տարբերանշան չի ունեցել, և ինքը չէր կարող իմանալ, որ դրանում ոստիկաններ են։ Բացի այդ, ոստիկաններին խոչընդոտելու որևէ պատճառ չի ունեցել: Եթե իմանար, որ ոստիկաններ են վարողները և դեպքի վայր են գնում՝ մեքենան չէր էլ փորձի կանգնեցնել: Նրա պատմելով՝ մեքենայից իջած ոստիկաններն իրեն գցել են գետնին, սկսել են հարվածել, այդ թվում՝ ոտքերով։ Երբ վիրահատված հայրը շտապել է որդուն օգնության, նրան նույնպես հարվածել են։

Թ. Ե-ն ասում է, որ միջադեպի հետևանքով գլխի վնասվածք է ստացել, այժմ ցավեր ունի ողնաշարի շրջանում, իսկ հոր կրծքավանդակին կապտուկներ են առաջացել։

Նրա կինը «Հետքին» պատմեց, որ ամուսնու և սկեսրայրի համար երեկ և այսօր շտապօգնություն են կանչել։ Կնոջ խոսքով՝ սկեսրայրը «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնում նկատել է, որ միջադեպին մասնակցած ոստիկաններից մեկը բժշկական խալաթով շրջում է տարածքում։ Ընտանիքը կասկածել է, որ նա կարող էր այնտեղ լինել տեսագրություններ վերցնելու նպատակով։ Երբ իրենք փորձել են տեսագրությամբ պարզել, թե ով է բժշկական խալաթով տղամարդը, կնոջ խոսքով՝ հիվանդանոցի աշխատակիցներն իրենց դուրս են հրավիրել տարածքից և տեսագրությունը ցույց չեն տվել։

Ներքին գործերի նախարարության լրատվական բաժինը միջադեպը ներկայացնում է այլ կերպ։

Նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ հոկտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգով մեկնել են Գրիբոյեդով բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ։ Գերեզմանատուն տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ, պատճառաբանելով, թե ոստիկանության ծառայողները արագ են վարել, փակել են ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը և խոչընդոտել դրա տեղաշարժը։

ՆԳՆ փոխանցմամբ՝ ոստիկանները ծառայողական համազգեստով են եղել, պատշաճ ներկայացրել են իրենց՝ այդտեղ գտնվելու նպատակը և պահանջել չխոչընդոտել իրենց օրինական ծառայողական գործունեությանը։ Սակայն հավաքվածներից մի քանիսը, ըստ նախարարության, չեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, ագրեսիվ վարքագիծ են դրսևորել և շարունակել են խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը։

Նախարարությունը հայտնում է, որ ոստիկանները համապատասխան միջոցներ են ձեռնարկել խոչընդոտը վերացնելու համար։ Միջադեպի մասնակիցներից մեկը պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Պարզվել են նաև միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունները, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թ. Ե.-ի կինն այսօր այցելել է Վաղարշապատի քննչական բաժին՝ հասկանալու, թե արդյոք քննություն է իրականացվում ամուսնու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ քննիչն ասել է, թե ծանր դեպքով մեկնում է դեպքի վայր, սակայն կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter