HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության ծախսերը կարող են աճել 100 մլն դրամով

Օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար պետական մարմինները կարող են ավելի շատ գումար ծախսել։ Կառավարությունը նոր կարգավորում է առաջարկում, որով կվերանայվեն հյուրանոցների, սննդի, նվերների, թարգմանության, տրանսպորտի և այլ ներկայացուցչական ծախսերի գործող սահմանաչափերը։ Ֆինանսների նախարարության հաշվարկով՝ փոփոխությունների հետևանքով պետական բյուջեից կարող է լրացուցիչ 100 մլն դրամ պահանջվել։

Կառավարությունն առաջարկում է հրաժարվել մի շարք կոնկրետ առավելագույն գումարներից և պետական մարմիններին ավելի մեծ հնարավորություն տալ ծախսերը որոշելու՝ շուկայական գների և կնքված պայմանագրերի հիման վրա։

Նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ այդ սահմանաչափերը 2009թ.-ից չեն վերանայվել։ Մինչդեռ վերջին տարիներին ապրանքների և ծառայությունների գները զգալիորեն փոխվել են, հետեւաբար անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները։

Նախագծի համաձայն՝ նախկինում սահմանված կոնկրետ առավելագույն գումարների փոխարեն կսահմանվեն ծախսերի ընդհանուր չափորոշիչներ։ Պետական մարմինները կարող են որոշել կոնկրետ ծախսի չափը՝ հաշվի առնելով շուկայական գները, ձեռք բերման պայմանագրերը և տվյալ ծախսի վերաբերյալ այլ օրենսդրական սահմանափակումները։

Օրինակ՝ հյուրանոցային ծախսերի դեպքում նախատեսվում է տարբերակել հյուրերի կարգավիճակը։ Պատվիրակության անդամների կամ պաշտոնատար անձանց կարգավիճակից կախված՝ կարող է փոխհատուցվել 4 կամ 5 աստղանի հյուրանոցի ծախսը, իսկ այլ դեպքերում՝ մինչև 3 կամ 4 աստղանի հյուրանոցի սակագինը։ Գործող կարգավորմամբ, բոլոր դեպքերի համար նախատեսված է մինչև 4 աստղանի հյուրանոցի սակագնի փոխհատուցում։

Փոփոխվում է նաև օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսի կարգավորումը։ Նախագիծը նախատեսում է, որ, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի, նրանց ճանապարհածախսը Հայաստանի պետական բյուջեի հաշվին չի փոխհատուցվի։

Սննդի ծախսերի համար այլևս կոնկրետ առավելագույն սահմանաչափ չի նախատեսվի։ Գործող կարգավորմամբ, պաշտոնական ճաշի համար սահմանված է մինչև 12,500 դրամ, պատվիրակության անդամի սննդի համար՝ օրական մինչև 8,000 դրամ, իսկ սուրճի ընդմիջման համար՝ մինչև 1,500 դրամ։ Նոր կարգավորմամբ այդ գումարները չեն սահմանափակվի։ Հյուրասիրության կազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև հյուրերի սննդային և կրոնական առանձնահատկությունները։

Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման դեպքում պետական մարմինները կարող են օգտվել նաև էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրումների ծառայություններից։

Փոխվում են նաև թարգմանչական ծառայությունների համար նախատեսված վճարների կանոնները։ Համաժամանակյա թարգմանության դեպքում վճարը կարող է որոշվել ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ գործող մինչև 22,000 դրամ սահմանաչափի փոխարեն։

Փոխվում է նաև պատվիրակություններին նվերներ կամ հուշանվերներ տալու մոտեցումը։ Գործող կարգավորմամբ՝ պատվիրակության ղեկավարի համար նվերի արժեքը կարող է կազմել մինչև 20,000 դրամ, իսկ մյուս անդամների համար՝ մինչև 10,000 դրամ։ Նոր նախագծով կոնկրետ սահմանաչափերը վերացվում են։ Փոխարենը պետք է հաշվի առնվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ օրենսդրական սահմանափակումները։ Օրինակ՝ մինչև 40,000 դրամ արժողությամբ թույլատրելի նվերները, որոշ պայմանների դեպքում, ենթակա չեն հաշվառման։

Ավելի են ընդլայնվում միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերի հնարավորությունները։ Սարքերի և սարքավորումների վարձակալության, մշակութային միջոցառումների, ծաղկային ձևավորման, գովազդային և տպագրական ծառայությունների, ինչպես նաև գրասենյակային և տնտեսական ապրանքների ձեռք բերման ծախսերը կարող են փոխհատուցվել կնքված պայմանագրերի համաձայն։

Գործող կարգավորմամբ, օրինակ, մշակութային միջոցառումների համար մեկ անձի հաշվով նախատեսված է մինչև 2000 դրամ, իսկ գրասենյակային և այլ ծախսերի համար՝ մինչև 3000 դրամ։

Նախագծով նախատեսվում է նաև պետական մարմիններին հնարավորություն տալ ներկայացուցչական ծախսեր կատարել բանկային վճարային քարտերով։ Սահմանվելու են ինչպես այդ քարտերի օգտագործման, այնպես էլ Հայաստանում և արտերկրում կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևը։

Միաժամանակ նախատեսվում է կարգավորել բացառիկ դեպքերը, երբ կարող են կիրառվել հաստատված չափորոշիչներից տարբերվող պայմաններ։ Դրանց թվում են՝ ավիատոմսերի փոխհատուցումը, պաշտոնական ճաշին հայկական կողմի անդամների թիվը և նվերների ձեռք բերումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մոտեցումը պետական մարմիններին ավելի մեծ ճկունություն կտա ներկայացուցչական ծախսերը որոշելու հարցում։ Փոխարենը նրանցից ակնկալվում է ավելի մեծ պատասխանատվություն՝ կատարված ծախսերը հիմնավորելու և հաշվետվություն ներկայացնելու միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter