ԱՄՆ-ի ճնշման տակ ԵՄ-ն, Լատվիան և Կանադան չեղարկել են ապատեղեկատվությանը նվիրված խոշոր կոնֆերանսի հովանավորումը
Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել մի շարք երկրների վրա՝ պահանջելով չեղարկել ապատեղեկատվությանը նվիրված եվրոպական խոշոր կոնֆերանսի հովանավորումը։
Կանադան, Լիտվան և ԵՄ-ի դիվանագիտական ծառայությունը՝ Արտաքին գործողությունների դիվանագիտական ծառայությունը (EEAS) տրվել են ամերիկյան ճնշումներին և չեղարկել են միջոցառման իրենց հովանավորումը։
#Disinfo2026 խորագրով կոնֆերանսը ապատեղեկատվության դեմ պայքարող եվրոպական համայնքի ամենամյա հավաք է։ Երկօրյա կոնֆերանսը այս տարի անցկացվում է Վիլնյուսի հյուրանոցներից մեկում։
Հավաքին մասնակցում են հարյուրավոր հետազոտողներ, լրագրողներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ և քաղաքականություն մշակողներ։ Միջոցառումը կազմակերպում է Բրյուսելում գործող EU Disinfo Lab կազմակերպությունը։
Ըստ եվրոպական դիվանագետների՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հատկապես գրավել է «ԱՄՆ-ն որպես FIMI սպառնալիք. հարմարվել, ընդունել, դիմակայել» խորագրով պանելային քննարկումը։ FIMI (foreign information manipulation and interference) հապավումը նշանակում է «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն»։
Այս պանելային քննարկման ընթացքում մասնագետները քննարկել են, թե ինչպես կարող է Եվրոպայի ապատեղեկատվական համայնքը վերականգնել դիմադրողականությունը առանց պաշտոնական Վաշինգտոնի։
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի՝ Եվրոպայում ապատեղեկատվության գործոն լինելու հանգամանքը։ Մասնակցում էր երեք ամերիկացի խոսնակ, որոնց թվում՝ ԿՀՎ (CIA) նախկին աշխատակից։
Ըստ Guardian-ի և Rapporteur հարթակի, ԱՄՆ-ի դիվանագիտական կորպուսը ճնշում է գործադրել Լիտվայի, Կանադայի և ԵՄ-ի վրա՝ պահանջելով չեղարկել հովանավորումն ու կոնֆերանսի բրենդի հետ ասոցացումը։ Ինչն էլ նշված երկրներն արել են։
Կոնֆերանսից մեկ օր առաջ գովազդային ցուցանակից հեռացվել են Լիտվայի արտաքին գործերի նախարարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և Կանադայի արտաքին գործերի նախարարության (Global Affairs Canada) լոգոները։
Չնայած ծրագիրը հաստատվել էր ամիսներ առաջ՝ հունիսին, Լիտվան, Կանադան և ԵՄ-ն իրենց հայտարարություններում նշել են, որ համաժողովի ծրագիրը չի համապատասխանում ապատեղեկատվության հարցում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ իրենց պաշտոնական դիրքորոշմանը։
Ըստ Guardian-ի, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտը Եվրոպայում խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ավելի ու ավելի միջամտող դիրքորոշում է ընդունել:
The Guardian-ը բացահայտել էր, որ Պետդեպարտամենտը միլիոնավոր դոլարների ոչ մրցակցային դրամաշնորհներ է տրամադրել Եվրոպայում Թրամփի օրակարգին աջակցող պահպանողական կազմակերպություններին:
Թրամփի ադմինիստրացիան և ԱՄՆ հանրապետական կուսակցությունը խոսում և աջակցում են խոսքի ազատությանը՝ միևնույն ժամանակ ճնշում գործադրելով ԱՄՆ պաշտոնական նարատիվների վերաբերյալ անհամաձայնություն հայտնողների, հատկապես՝ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ։
Հատկանշական է, որ Լիտվայի վարչապետ Մինգաուդաս Սինկյավիչուսը վերջերս հայտարարել էր, որ Լիտվան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին իր տարածքում ռազմաբազայի մշտական տեղակայման համար, եթե վերջինս համաձայնի։ Թրամփը պատասխանել էր, որ կմտածի առաջարկի մասին։
Իսկ օրերս՝ հոկտեմբերի 6-ին, Լիտվայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է իր տարածքում միջուկային զենքի տեղակայումն արգելող օրենքը չեղարկելու օրինագիծը։ ՌԴ-ն սա էսկալացիա է որակել։ Երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 2027-ի հունվարին։
Գլխավոր լուսանկարը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել