HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական միջնադարյան արվեստն արդեն ոչ միայն հիանալու, այլ նաև օգտագործելու նյութ

Միջնադարի հայ ծաղկողների ստեղծագործական երևակայության և վարպետության  ամենավառ օրինակներից են զարդատառերը, որ մեզ են հասել հազարավոր գրչագիր մատյանների միջոցով: Հայ վարպետները հայկական տառերը զուտ նշանային պատկերից վերածել են անկրկնելի գեղարվեստական միավորների: Եվ դրանք  այսօր  մեզ հասանելի են դարձել  վերջերս լույս տեսած «Հայկական զարդատառեր» գրքի միջոցով: 

Գրքի հեղինակներ դիզայներ Արմեն Քյուրքչյանը և լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը մեկ գրքի մեջ են հավաքել աշխարհի տարբեր թանգարաններում, գրադարաններում, գրապահոցներում և մատենադարաններում պահվող  հինավուրց հայկական մատյաններից քաղված  զարդատառերը: 

Ինչպես նշում է գրքի հեղինակ Արմեն Քյուրքչյանը, հայկական զարդատառերը` պարզ երկրաչափականից մինչև անչափ բարդ հյուսվածքային, թռչնատառերից մինչև ծաղկազարդ, կենդանական կամ մարդկային ֆիգուրներով ձևավորված, վկայում են տառի նկատմամբ հայի ունեցած մեծ սերը: 

Հատկանշական է, որ հայկական ձեռագիր հոգևոր մատյանները նկարազարդել են ոչ միայն բարձր վարպետության տեր ծաղկողները, այլև հաճախ կարելի է հանդիպել մատյանների` ձևավորված հենց կրոնավորների, կամ էլ նրանց աշակերտ պատանիների ձեռքով: Եվ այս պատկերներին բնորոշ անկեղծությունն ու անմիջականությունն իրենց հերթին յուրահատուկ հմայք են հաղորդում ձեռագրերին: 

Գրքին կցված սկավառակում տեղ են  գտել ալբոմում  ընդգրկված  բոլոր զարդատառերը` թվայնացված ձևով: Հայ միջնադարյան զարդատառերով այսուհետև ոչ միայն կարելի է զմայլվել, այլև դրանք կիրառել ստեղծագործական  տարբեր նպատակներով: 

Սակայն, հեղինակների առաջին և հիմնական նպատակը հայկական միջնադարյան զարդատառերի պահպանումն է և թվայնացման շնորհիվ դրանք հաջորդ սերնդներին փոխանցելը: Թվայնացման շնորհիվ հայկական միջնադարյան զարդատառերն իրենց ողջ բազմազանությամբ արդեն հասանելի են բոլորին և ամենուր: 

«Հայկական զարդատառերը» հեղինակների երկրորդ գիրքն է, նրանց համագործակցության առաջին պտուղը «Հայկական զարդարվեստ» գիրք-ալբոմն է: Գիրքը երկու արվեստագետների ավելի քան տասը տարվա աշխատանքի արդյունքն է: Հայկական զարդարվեստ գրքի սկավառակում  կան ավելի քան հազար թվայնացված նկարներ և դրանց օրիգինալ լուսանկարները:                                                                               

Այս երկու գիրք-ալբոմները ոչ միայն  ներկայացնում են հայկական միջնադարյան զարդատառերը և զարդարվեստն իրենց ողջ գեղեցկությամբ և շքեղությամբ, այլ  նաև հիշեցնում են, թե մենք որտեղից ենք գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter