Առաջարկվում է հասցեների հաշվառման համակարգում սահմանել հիմնական և ոչ հիմնական հասցեներ. նախագիծ
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության պետական ռեգիստրում անձի հասցեների հաշվառման համակարգում նախատեսել երկու տեսակի հասցե՝ հիմնական և ոչ հիմնական։
Հիմնական հասցեն անձի հայտարարած մշտական բնակության վայրն է։ Այն օգտագործվելու է բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայություններ մատուցելու, ընտրողների ռեգիստր վարելու և ընտրողների ցուցակներ կազմելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերով։ Անձի համար մեկ գործող հիմնական հասցե նախատեսելը նպատակ ունի ապահովել պետական մարմինների կողմից հասցեների վերաբերյալ տվյալների հստակ և միասնական օգտագործումը։
Ոչ հիմնական հասցեն նախատեսվում է որպես լրացուցիչ հասցե՝ պաշտոնական ծանուցումներ ստանալու կամ որոշ հանրային ծառայություններից օգտվելու համար։ Այն անմիջականորեն չի նույնացվում անձի մշտական բնակության վայրի հետ։ Ռեգիստրում կնշվի նաև, թե ինչ նպատակով է օգտագործվում յուրաքանչյուր ոչ հիմնական հասցեն։
Նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է։ Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Բնակչության հաշվառման լիազոր մարմինը միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինն է։
Մինչև այս կարգավորման ուժի մեջ մտնելը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձինք կշարունակեն հաշվառված մնալ և նրանց մշտական կամ փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի հասցեն բնակչության պետական ռեգիստրում կգրանցվի որպես հիմնական հասցե։
Ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում անչափահաս երեխաների դեպքում
Առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվում անչափահաս երեխաների հիմնական հասցեի գրանցման և փոփոխման համար։
Նորածնի առաջին հիմնական հասցեն գրանցելիս հիմք կընդունվեն ծնողների հիմնական հասցեների վերաբերյալ ռեգիստրում առկա տվյալները։
Եթե ծնողների հիմնական հասցեները տարբեր են, նախատեսվում է ծանուցել մյուս ծնողին և հաշվի առնել նրա դիրքորոշումը։ Սակայն, որոշ դեպքերում մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվի, այդ թվում՝ երեխայի բնակության վայրը որոշող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում։
Ինչպե՞ս են կարգավորվելու հատուկ դեպքերը
Նախագծով կարգավորվում է նաև զորակոչված անձանց, քրեակատարողական հիմնարկներում կամ շուրջօրյա խնամքի կազմակերպություններում գտնվողների, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստացած անձանց հասցեների հաշվառումը։
Այս դեպքերում համապատասխան մարմինները կամ կազմակերպությունները լիազոր մարմնին կտրամադրեն անհրաժեշտ տվյալները։ Դրանց հիման վրա կգրանցվի կամ կփոխվի անձի հիմնական հասցեն, կամ կդադարեցվի տվյալ հասցեում նրա հաշվառումը։
Ի՞նչ իրավունքներ կունենան գույքի սեփականատերերը
Գույքի սեփականատերերին հասանելի կդառնան իրենց գույքի հասցեում գրանցված անձանց մասին նվազագույն անհրաժեշտ տվյալները՝ անունը, ազգանունը, հասցեի տեսակը և գրանցման ամսաթիվը։
Սեփականատերը կկարողանա նախաձեռնել իր գույքի հասցեում գրանցված անձի ոչ հիմնական հասցեի գրանցման դադարեցումը։ Նա կարող է նաև նախաձեռնել երրորդ անձի հիմնական հասցեի գրանցումը դադարեցնելու գործընթացը։
Վերջին դեպքում նախատեսվում է ծանուցել գրանցված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին և հնարավորություն տալ ներկայացնելու իր դիրքորոշումը։ Այսպիսով, կարգավորմամբ փորձ է արվում պաշտպանել ինչպես գույքի սեփականատիրոջ, այնպես էլ հասցեում գրանցված անձի իրավունքները։
Ինչպե՞ս է կատարվելու հասցեների գրանցումը
Հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցումը, փոփոխությունն ու դադարեցումը հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային հարթակի միջոցով կամ դիմելով լիազոր մարմնին։ Ըստ ՆԳՆ ներկայացրած նախագծի՝ այս մոտեցումը միտված է գործընթացները թվայնացնելուն՝ միաժամանակ հնարավորություն տալով օգտվել ծառայություններից նաև այն անձանց, որոնք չեն օգտվում էլեկտրոնային գործիքներից։
Նախատեսվում են նաև ինքնաշխատ գործողություններ՝ ռեգիստրում առկա և այլ տեղեկատվական համակարգերից ստացվող տվյալների հիման վրա։ Մասնավորապես, հասցեի գրանցման կամ փոփոխման ժամանակ Կադաստրի կոմիտեի տվյալներով կարող է ստուգվել՝ արդյոք անձն ունի տվյալ գույքի նկատմամբ սեփականության, համասեփականության, գնման կամ օգտագործման իրավունք։ Եթե այդ իրավունքը հաստատվում է համապատասխան տվյալներով, հիմնական հասցեն կարող է գրանցվել առանց լրացուցիչ համաձայնության պահանջի։
Եթե անձի՝ տվյալ գույքի նկատմամբ իրավունքը չի հաստատվում տեղեկատվական համակարգերի տվյալներով, նախատեսվում է ներգրավել գույքի սեփականատիրոջը կամ այլ իրավասու անձի՝ պարզելու, թե արդյոք անձն իրականում բնակվում է այդ հասցեում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ այս կարգավորումը հնարավորություն է տալիս համադրել անձի փաստացի բնակության վայրի հաշվառման անհրաժեշտությունը և գույքի սեփականատիրոջ իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել