Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» (ՀԱԿԵ) նախագծի շնորհանդեսին։
«Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով. «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետական այս նախագծի իրականացման արդյունքում նախատեսվող շենքը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը: «Նման շենքերը, կառույցները, նախագծերը չեն իրականացվում 1-5 տասնամյակի համար: Սրանք նախագծեր են, որոնք ի սկզբանե ենթադրում են ունենալ 100-ամյակների պատմություն։ Սա շատ կարևոր սիմվոլ է և այն առումով, որ մենք պետք է, նաև պատմության առանձնահատկությունները հաշվի առնելով, մեր առաջ մեծ ու երկար տեսադաշտեր բացենք», - ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական և պետական գաղափարախոսությունը և գաղափարաբանությունը նրա մեջ է, որ պլանավորումը պետք է ունենա հարյուրամյա հեռանկար, և այս բանաձևի վրա է հիմնված Հայաստանի հարատև պետության գաղափարը և գաղափարախոսությունը։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ հարյուրամյա հեռանկար ունեցող ներդրումային նման նախագծերը հենց դրա մասին են: «Մենք արդեն այդպիսի նախագծեր ունենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ մենք TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերներին և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է նաև՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը համաշխարհային բրենդ է, որն այսպիսով ներկայանում է Հայաստանում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի 2808-րդ տարեդարձի, ինչպես նաև նախագծի մեկնարկի առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլ առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԱԿԵ-ի՝ որպես միջազգային նշանակության բազմաֆունկցիոնալ նախագծի, տեսլականն ու զարգացման հայեցակարգը։ Աշխարհահռչակ «Ֆոսթր + Փարթներս» ճարտարապետական ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր հեղինակած շինության նախագծման վերաբերյալ մանրամասներ։ Սարյան 22 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրը մեկտեղելու է առևտրային և գրասենյակային տարածքներ, հյուրանոց, կանաչապատ այգիներ, ժամանցի վայրեր, բրենդային խանութներ, ինչպես նաև ցուցահանդեսների և միջոցառումների անցկացման համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքներ։ Ընդգծվել է, որ մեկնարկել և հաջողությամբ ընթանում են Սարյան 22 հասցեում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Միջոցառման շրջանակում ստորագրվել է կառավարման պայմանագիր «Հայաթ Հոթելս Քորփորեյշն»-ի հետ։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման պետական գործակալության (UK Export Finance) հետ՝ ՀԱԿԵ-ի նախագծի մասնակի ֆինանսավորման նպատակով։
ՀՀ Կառավարության 2023 թ. որոշմամբ հավանության է արժանացել Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը։ WTC Երևանի բաժնետերեր են Հայաստանի Հանրապետությունը (19%), «Ռենշին» ՍՊԸ-ն (56%) և «Հայփոստ» ՓԲԸ-ն (25%): Այն պետություն-մասնավոր համագործակցության խոշորագույն նախագիծ է Հայաստանում. ընդհանուր ներդրումը 470 միլիոն դոլար է։ ՀԱԿԵ-ը կապուղի է հայաստանյան բիզնեսի և միջազգային ընկերությունների միջև։ Այն նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային բիզնես հանգույց և նպաստել միջազգային առևտրային կապերի զարգացմանը՝ «Համաշխարհային առևտրի կենտրոններ» ասոցիացիայի ցանցի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել