«Սիրտս կանգնում էր սայլակին նստած». Կարեն Ղահրիյանի պատմությունը
Պահեստազորի ենթասպա Կարեն Ղահրիյանը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից է։ Նա Ֆիզուլիի ՀՕՊ զորամասի առաջին դիվիզիոնի տեխնիկն էր, երբ սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Զինծառայության մեջ անցկացրած մոտ 20 տարուց հետո նրան ընդամենը մի քանի ամիս էր մնացել զինվորական թոշակի անցնելու համար, սակայն հոկտեմբերի 10-ին՝ մարտական խնդիր կատարելիս, նա ծանր վիրավորում ստացավ։
Ստորև Կարեն Ղահրիյանը պատմում է պատերազմի առաջին օրերի, տեխնիկայի տարհանման, ստացած վիրավորման և դրանից հետո սկսված երկարատև վերականգնողական բուժման մասին։
Սեպտեմբերի 27-ից մինչև վիրավորվելը ինձ համար օրը չի մթնել՝ գիշեր-ցերեկ ծառայության մեջ էի
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան տանը քնած էի, կրակոցների ձայնից արթնացա ու հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Զանգեցի զորամաս՝ համածառայակիցներիս, հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, բայց չպատասխանեցին զանգերիս։
07:15-ին նստեցի իմ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան և գնացի զորամաս։ Զորամասը հրետակոծվում էր, չկարողացա առջևի դարպասից մոտենալ, բայց հետևի կողմից՝ ավտոպարկից, մոտեցա։ Գնացի ներկայացա հրամանատարին, նա խնդիր դրեց, որ զինտեխնիկան ավտոպարկից տարհանեմ ավելի անվտանգ տարածք։ Ֆիզուլիի դիվիզիոնի հրամանատարը փոխգնդապետ Արայիկ Շաքարյանն էր։ Ժամը 08:00-ին սկսեցինք տեխնիկաները տարհանել։ Նախ 8 զինտեխնիկայից 7-ը տարանք զորամասից մի քանի կմ հեռու՝ տեխնիկաների թաքստոց, բայց զինտեխնիկաներից մեկը անսարք էր, մնաց ավտոպարկում։ Հետո տեխնիկաները տեղափոխեցինք Հադրութի գյուղերից մեկը՝ համեմատաբար ավելի անվտանգ տեղ, բայց չեմ հիշում՝ որ գյուղն էր։ Մի քանի օր անց, այդ գյուղից տեղափոխեցինք Հադրութի Ուխտաձոր գյուղ։
Այնուհետև զինծառայողներին տարհանեցինք ու տեղավորեցինք Հադրութի Ուխտաձոր գյուղի դպրոցում։ Սեպտեմբերի 27-ից մեզ՝ պայմանագրային զինծառայողներիս համար օրը չի մթնել, որ գնանք տուն, հանգստանանք․ միշտ ծառայության մեջ էինք։ Մինչև վիրավորվելս ամեն գիշեր գնում էի զորամաս, զինծառայողներին անհրաժեշտ գույքը՝ վերմակ, դոշակ, վառելիք բարձում էի իմ սեփական ավտոմեքենան ու տանում Ուխտաձոր գյուղի դպրոցի թաքստոց, որը մեր զորամասի նոր տեղակայման վայրն էր դարձել։ Ամբողջ ցերեկը ռմբակոծում էին մեր զորամասը, չէինք կարողանում ցերեկով մոտենալ, դրա համար գիշերներն էի իրերը տեղափոխում, իսկ ցերեկը զորամասի զինտեխնիկայի հետ կապված մնացած աշխատանքներն էի կատարում Ուխտաձորում։
ՀՕՊ զինտեխնիկան բեռնատարից իջեցնելիս «Բայրաքթարի» բեկորներից ծանր վիրավորվեցի
ՀՀ-ից հակաօդային պաշտպանության զենքեր էին ուղարկել, հոկտեմբերի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտ գնացինք, որ բեռնատարի վրայից ՀՕՊ զենքը իջեցնենք, դիրքեր տանենք։ Աշխատում էինք մի քանի ժամ, արդեն գիշերվա ժամը 01:30-ն էր, երբ «Բայրաքթար» անօդաչուն խփեց «Օսա» ՀՕՊ համակարգին, ինձնից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա, ու բեկորները թափվեցին գլխիս։ Ես գլխից ծանր վիրավորվեցի, իսկ կողքիս պայմանագրային զինծառայողը՝ Էրիկը, զոհվեց։ Կողքս սպա կար, եղբորս հեռախոսահամարը տվեցի նրան, ասացի՝ զանգի, ասա, որ վիրավորվել եմ։ Հետո շտապ օգնության բժիշկն ու վարորդը եկել, ինձ համոզում էին, որ հիվանդանոց տանեն, ասացի՝ ես լավ եմ, Էրիկին տարեք։ Ժամեր հետո զգացի, որ վիճակս վատանում է, համաձայնեցի, ու ինձ էլ տարան Հադրութի Ազոխ գյուղի զինվորական ժամանակավոր հոսպիտալ։ Այնուհետև տեղափոխեցին Ստեփանակերտ վիրահատեցին ու տարան Երեւան՝ «Աստղիկ» ԲԿ։
Սիրտս կանգնում էր սայլակին նստած, անգամ վնասվածքների գնով մարզվեցի ու քայլել սկսեցի
2021թ. մարտին «Աստղիկ» ԲԿ-ից տեղափոխեցին Զինվորի տուն՝ վերականգնողական բուժման։ Այդ ժամանակ անկողնային էի, չէի կարողանում շարժվել, կոնքերիս մեծ վերքեր՝ պառկելախոցեր էր առաջացել՝ երկար ժամանակ անշարժ, նույն դիրքով պառկած մնալու պատճառով։ Զինվորի տանը մարզեցին մկաններս, բուժեցին վերքերս, սկզբում սայլակով էի տեղաշարժվում։ Սիրտս կանգնում էր սայլակին նստած։ Այնքան ակտիվ էի մարզվում, որ մի անգամ ակտիվ ու ծանր մարզվելու ժամանակ, ոտքս զոռով աշխատացնելիս, ճողվածք ստացա, մյուս անգամ առանց ձեռնափայտի քայլել փորձելիս ընկա ու ոտքս ջարդեցի։ Բայց չկոտրվեցի, պարապեցի, պնդացա, վերքերս լավացան, սկսեցի քայլել։ Մի քանի ամիս անց քայլելով տուն գնացի»,- պատմում է Կարենը։
Չնայած քայլելու դժվարությանը, ձեռքի ու մարմնի թուլությանը, Կարենը պարապ չի կարողանում նստել՝ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան է քշում Աբովյանի քիչ ծանրաբեռնված փողոցներում, ընտանիքին օգնում ու այնպիսի թեթև աշխատանքներ է գտնում իր համար, որ թույլ ձեռքով ու ոտքով կարողանա անել։
Կարեն Ղահրիյանը Տողի տունը կորցնելուց և տեղահանվելուց հետո Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի հին շենքում է բնակվում ընտանիքի հետ։ Կարենը ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել