Ինչպես է բժշկությունն օգնելու ծխողներին․ Հայաստանում մեկնարկել է ծխելը թողնելուն աջակցող «ACTS» ծրագիրը
Ծխախոտի տուփերի վրա փակցված ախտահարված թոքերի, վնասված օրգանների լուսանկարներն ու «Ծխելը վնասական է առողջությանը» կամ «Ծխելը առաջացնում է քաղցկեղ» զգուշացնող գրությունները ծանոթ են բոլորին։ Չնայած վախեցնող պատկերներին և որոշ դեպքերում ծխելը թողնելու ցանկությանը՝ բուժհաստատություններում դեռևս բացակայում են մարդկանց օգնելու համակարգված ու գործնական մեխանիզմներ։
Գիտական ապացույցների և դրանց կլինիկական կիրառման միջև առկա այս բացը հաղթահարելուն է ուղղված «ACTS» միջազգային ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը տրվեց 2026 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում։
Ի՞նչ է ACTS-ը
ACTS-ը («Ծխախոտից հրաժարմանն ուղղված միջոցառումների կիրառման և արդյունավետության գնահատման հետազոտություն») Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) հետազոտությունների և նորարարության ծրագրի կողմից ֆինանսավորվող 5-ամյա (2026–2031 թթ․) գիտահետազոտական նախագիծ է։ Ծրագրի նպատակն է ծխախոտի օգտագործման դադարեցման ապացուցողական մեթոդները ներդնել և դարձնել առօրյա բժշկական օգնության բնականոն մաս եվրոպական ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առողջապահական համակարգերում։
Ծրագիրը միավորում է 9 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բելգիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Սերբիա, Մեծ Բրիտանիա) 12 մասնագիտացված կազմակերպությունների։ Նախագծի գլխավոր համակարգողն է Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բժշկական կենտրոնը (UKE), իսկ Հայաստանից գործընկեր կազմակերպություն է հանդիսանում Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ)։
Ծրագրի շրջանակում լայնածավալ փորձնական հետազոտություն է իրականացվելու 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի և Ալբանիայի առաջնային և մասնագիտացված բուժօգնության 34 հաստատություններում՝ ընդգրկելով շուրջ 1700 բուժառու։
Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բժշկական կենտրոնի մասնագետ, ACTS ծրագրի ղեկավար, դոկտոր Մարկուս-Սեբաստիան Մարտենսը ընդգծում է, որ ծրագրի հիմնական նպատակն է հասկանալ ոչ թե այն, թե արդյոք ծխելը թողնելու մեթոդներն արդյունավետ են, այլ թե ինչպես դրանք կիրառել իրական կյանքում․«Գիտական տեսանկյունից այս ծրագիրն անդրադառնում է ժամանակակից բժշկության հիմնավոր մարտահրավերներից մեկին, որը կոչվում է «իրագործման բաց»: Մենք արդեն գիտենք, որ ծխելը դադարեցնելու ծրագրերը գիտական իմաստով արդյունավետ են: Հաջորդ հինգ տարիներին մենք պատասխանելու ենք ոչ թե այն հարցին, թե արդյոք այս ծրագրերն արդյունք տալիս են, այլ թե համակարգված կերպով ինչպես դրանք դարձնել սովորական առողջապահական համակարգերի մաս»,- նշեց Մարտենսը։
«Հետքի» այն հարցին, թե ծխախոտի դեմ պայքարի բազմաթիվ ուղեցույցներ հաճախ ձախողվում են կամ մնում թղթի վրա, ի՞նչն է ACTS-ի մեթոդաբանությունը դարձնում այդքան յուրահատուկ, դր․ Մարտենսը պատասխանեց․«Մենք պարզապես փաստաթղթեր չենք գրում, այլ սա անմիջականորեն իրագործում և ներդնում ենք առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության օղակներում»։
«Առանց մեղադրելու և դատելու» աջակցություն
Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի համահամակարգող, դոկտոր Դավիթ Օթիաշվիլին ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ տարածաշրջանի երկրներում ծխելը շարունակում է մնալ հիվանդացության և վաղաժամ մահացության հիմնական պատճառներից մեկը․«Ծխողներից շատերն արդեն իսկ գիտեն, որ ծխելը վնասակար է, շատերը ցանկանում են դադարեցնել և բազմիցս փորձել են: Նրանց անհրաժեշտ է պրակտիկ օգնություն․ մարդը, որը փորձում է թողնել ծխելը, առանց մեղադրելու և դատելու օգնության կարիք ունի: Մեր երկրներում, սակայն, այս տեսակ օգնությունը մինչ օրս հաճախ բացակայում է ընթացիկ, ամենօրյա առողջապահական ծառայություններում: Մեր նպատակն է, որպեսզի ծխելը թողնելուն աջակցելը դառնա առողջապահական գործընթացի բնականոն և հուսալի բաղադրիչ»,- նշեց դր․ Օթիաշվիլին։
Օրենքը կա, վերահսկողությունը՝ ոչ
Չնայած փակ տարածքներում ծխելու արգելքին՝ քաղաքացիներն ամենօրյա կյանքում շարունակում են բախվել պասիվ ծխելու խնդրին, հատկապես մարդաշատ բացօթյա վայրերում ու կանգառներում։
«Հետքի» հարցին, թե արդյոք քաղաքապետարանի հետ լրացուցիչ սահմանափակումներ են նախատեսվում նման տարածքների համար, ԱՆ հանրային առողջապահության վարչության պետ Մարիամ Մնացականյանը պարզաբանեց․«Այն կանգառները, որոնք ունեն տանիք կամ որևէ ծածկված տարածություն, ծխախոտի օգտագործումն արգելված է։ Մնացածն արդեն վերահսկողության հարց է, և քաղաքապետարանն այլ սահմանափակում կիրառելու կարիք չունի, քանի որ օրենքով դա կարգավորված է»։
Մարիամ Մնացականյանի խոսքով՝ սկզբնական շրջանում եղել են բողոքներ տուգանված քաղաքացիներից, սակայն վերահսկողությունը կարևոր է, քանի որ ծածկի տակ հավաքված մարդիկ ստիպված են լինում երկրորդային ծուխ շնչել։ Ինչ վերաբերում է այլ բացօթյա հանրային տարածքներին, ապա օրենքով արգելքը տարածվում է միայն երեխաների համար նախատեսված խաղահրապարակների, դպրոցների և հիվանդանոցների մուտքերի հարակից տարածքների վրա։ Այլ բացօթյա մարդաշատ վայրերի համար դեռևս նման կարգավորումներ չկան, թեև հարցը կարող է քննարկվել տարբեր կազմակերպությունների հետ։
ACTS ծրագրի ավարտին նախատեսվում է ստեղծել ծխելը թողնելու բժշկական օգնության գիտականորեն հաստատված մոդել։ Դրան կկցվեն գործնական ուղեցույցներ և առողջապահական քաղաքականության մշակման գործիքակազմ, որոնք մասնակից երկրների առողջապահական մարմիններին թույլ կտան այս ծառայություններն ընդլայնել։
Անդրադառնալով ծրագրի վերջնական նպատակին և ակնկալվող արդյունքներին՝ դոկտոր Մարկուս-Սեբաստիան Մարտենսը նշեց․ «Ծրագրի նպատակն է ոչ միայն ապացուցել ծխելը թողնելու աջակցության արդյունավետությունը, այլև այն դարձնել առողջապահության առօրյա մաս»։
Լուսանկարները՝ ԱԱԻ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել