Ռուսական զինուժը հարվածել է Կիևին, կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը հոկտեմբերի 14-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, ևս 21-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեսնյանսկի շրջանում հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հարվածի տակ է հայտնվել բազմահարկ բնակելի շենքերից մեկը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Հայտնաբերվել է երկու մարմին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժածների թվում կա 8-ամյա մի երեխա։ 16 տուժած էլ հոսպիտալացվել է, 4-ն էլ գտնվում է ծանր վիճակում։
Գոլոսեևսկի շրջանում էլ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկն էլ վիրավորվել։
Կլիչկոն նաև նշել է, որ բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված է հասցվել նաև մայրաքաղաք Կիևի ու մարզի էներգետիկ օբյեկտներին։ Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել են էլեկտրասնուցման խափանումներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան գործընկերները դարձյալ Ուկրաինային չեն տեղեկացրել այն մասին, որ Ռուսաստանը հոկտեմբերի 13-ի երեկոյան Կիևի ուղղությամբ կարձակի բալիստիկ հրթիռների հերթական հարվածը։ Նրա խոսքով՝ հարվածի հիմնական թիրախը դարձել է քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը, հատկախես՝ Կիևի ТЭЦ-4 էներգաօբյեկտը։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևի, Կիևի ու Խարկովի մարզերի հաղորդակցման և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք, ըստ ռուսական կողմի, կիրառվում էին Ուկրաինայի զինված ուժերի և ռազմաարդյունաբերական համալիրի շահերի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են էներգետիկ դաշտում հրադադարի շուրջ։ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այս կապակցությամբ «ստացել են բոլոր համապատասխան հրամանները»: Կրեմլում հոկտեմբերի 13-ին հայտարարել էին, որ էներգետիկ հրադադարի հարցերով շփումները շարունակվում են, սակայն փոփոխություններ դեռ չկան։
Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել