HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արթուր Աստոյան. «Արթիկցիները տեսել են իմ աշխատանքը և այս անգամ ավելի շատ քվե են տալու»

Արթիկ խոշորացված համայնքում 2026 թ. հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է 29 հոգանոց թիմով: Նախորդ՝ 2021 թ. համայնքային ընտրությունների ժամանակ, հավաքելով 800 ձայն, կուսակցության միակ ներկայացուցիչ Արթուր Աստոյանն անցել էր ավագանու կազմ:

«Գնում ենք հաղթանակի»,- ասում է«Ապրելու երկիր» կուսակցության թիմի ղեկավար Արթուր Աստոյանը: Հիշեցնենք, որ Արթիկ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 4  քաղաքական ուժ: 42-ամյա գործարարը վստահ է, որ արթիկցիները անցած 5 տարիների իր գործունեությունն ավագանու կազմում դրական են գնահատել և այս ընտրություններին ավելի շատ քվեներ են ունենալու, քան նախորդի ժամանակ:

Խոսելով ավագանու կազմում իր հնգամյա գործունեության մասին, պարոն Աստոյանն ասում է, որ մշտապես բարձրաձայնել է արթիկցիներին հուզող խնդիրները: «Հասկանալի է, որ մեկ հոգով ներկայացված լինելու պարագայում աշխատելն ավելի բարդ է, քան եթե լինեինք թիմով: Դե հիմա իմ աշխատանքը մարդիկ տեսել են, հույս ունեմ, որ այս անգամ ավագանու կազմում ներկայացված կլինենք մեծ թիմով»,-նկատում է զրուցակիցս:

Ի սկզբանե, «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են եղել 31 թեկնածու (ըստ ԿԸՀ տվյալների), սակայն երկու թեկնածու հետագայում հետ են վերցրել դիմումները: Արթուր Աստոյանն ասում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում իրենց հակառակորդ կուսակցությունների թեկնածուների, նրանց բարեկամների ու հարազատների վրա՝ սպառնալով հիմնականում աշխատանքից ազատմամբ: «Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ուժ ձգտում է ավելի շատ ձայն ստանալ, բայց դա անել մյուսներին ճնշելու հաշվին՝ անթույլատրելի է: Լավ կլինի բոլորս մնանք քաղաքակիրթ մրցակցության սահմաններում, ի վերջո, ընտրություններն անցնելու են, իսկ մենք շարունակելու ենք ապրել կողք կողքի»,-նկատում է Արթուր Աստոյանը:

Արթուր Աստոյանի նկատմամբ ճնշումներ եղել էին նաև այս տարվա հունիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ: Հունիսի 6-ին նրան ձերբակալել էին ու տեղափոխել քննչական կոմիտե: Հունիսի 7-ի առավոտյան, արդեն Ֆեյսբուքի իր էջում, Արթուր Աստոյանը հետևյալ հաղորդագրությունն էր տարածել. «Երեկ, ուշ գիշեր, դատարանը մերժեց իմ դեմ առաջադրված ապօրինի մեղադրանքը՝ ազատ արձակելով դատարանի դահլիճից»: «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն չգիտի, թե այս անգամ ինչ անակնկալներ կլինեն, սակայն չի պատրաստվում հրաժարվել պայքարից:

Քարոզարշավի սկզբից մեկ շաբաթ անց, Արթուր Աստոյանի թիմակիցներն իրենց ղեկավարի լուսանկար-պաստառը հայտնաբերել էին՝ փակցրած աղբարկղի վրա: Հիշեցնենք, որ նույն Արթիկ քաղաքում, ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում, հետիոտնային անցումի վրա սպանված շուն էին գտել՝ վրան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանին պատկերող պաստառով:

Դիտարկմանը, թե նախորդ դեպքի հետ կապված անպատժելիության պատճառով նման գործելաոճը Արթիկում դարձնում է ընդունելի ու կիրառելի, պարոն Աստոյանը խուսափեց կոնկրետ գնահատական տալ՝ նշելով, թե հնարավոր է երեխաներն են արել: «Միանշանակ տգեղ արարք է: Բայց ես չեմ կարող մեղադրել որևէ մեկին, մանավանդ որ մեր տղաները տեսել էին, անմիջապես պոկել էին, չէին էլ նկարել, որ թեկուզ բողոքենք: Բայց չեմ էլ մտածում, թե դա հակառակորդ թիմերից որևէ մեկի արածը լինի, հավանաբար երեխաներն են կատակել»,-կարծիք է հայտնում զրուցակիցս: Ըստ Արթուր Աստոյանի, ավելի մտահոգող բաներ կան և այդ կապակցությամբ հորդորեց ՔՊ իշխող կուսակցությանը դադարեցնել մարդկանց հալածել համացանցային տիրույթում հավանած լուսանկարի կամ գրառման տակ դրված հավանումների համար:

«Ապրելու երկիր» կուսակցության թիմում Արթիկի 23 գյուղական բնակավայրերից միայն  10–ը ունեն թեկնածու։

23-ից 10 գյուղական բնակավայրից ունեն թեկնածու, մնացածը Արթիկ քաղաքից են։

Հիմնական կորիզը թիմի Արթիկ քաղաքից են: Արթուր Աստոյանն ասում է, որ նպատակ չի ունեցել ուռճացված ցուցակ ներկայացնելու: «Ինչ իմաստ ունի 50 կամ 80 հոգու ներառես ցուցակում, եթե գիտես որ ցուցակի կեսից ավելիին էդ մանդատը հասանելի չի լինելու: Եվ հետո, պարտադիր չէ, որ մարդիկ ցուցակում լինեն, մեր թիմը մեծ է, մարդիկ՝ առանց ինչ որ ցուցակներում ընդգրկվելու, տեղերում աշխատում են»,-նշում է զրուցակիցս: Ճնշումների մասին է վկայում նաև թեկնածուի հետևյալ գրառումը Ֆեսբուքում՝ արված հոկտեմբերի 12-ին.«Ես քարոզարշավ եմ անում և հոկտեմբերի 25-ին «քաղաքական կանտուզիայի» եմ ենթարկելու մարդկային փորձանքի վրա ուրախացող թիմին»:

Ինչ վերաբերում է իրենց նախընտրական ծրագրին, ապա պարոն Աստոյանն ասում է, որ եթե արթիկցիներն ուզում են իսկապես զարգացած համայնք ունենալ, ապա պետք է քվեարկեն հենց իրենց օգտին: «Եթե վերցնենք ասֆալտը, որ ներկա իշխանություների համար զարգացվածության չափանիշն է, ապա էս տեմպերով 20 տարի է պետք, որ Արթիկն ամբողջովին ասֆալտապատվի, իսկ մենք առաջարկում ենք հինգ տարում այդ ամենն անելու թեման փակել,-նկատում է զրուցակիցս,-ծրագրեր ունենք՝ կապված Արթիկ խոշորացված համայնքում ընդգրկված գյուղերի համար՝ մթերման կետեր ենք հիմնելու, որտեղ կզբաղվեն պահածոների արտադրությամբ, համայնքային առևտրային հիմնարկների ստեղծման վրա ենք շեշտը դնելու, երիտասարդների համար ևս ծրագրեր ունենք»:

Արթուր Աստոյանը մասնագիտությամբ աշխարհագետ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, սակայն երբեք մասնագիտությամբ չի աշխատել: Դրա փոխարեն զբաղվել է գործարարությամբ: 2011թ-ին Արթիկում հիմնել է բանվորական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ն՝ անցած տարիների ընթացքում ապահովելով 50-70 աշխատատեղ:

«Ապրելու երկիր» կուսակցության Արթիկի համայնքի ղեկավարի թեկնածուն հայտարարագրել է երկու բնակարան Երևանում(56,9 քմ) և Արթիկում(65,2 քմ), հողամասեր Արթիկում( 0,06 հա) և Լոռու մարզում(0,147 հա), հասարակական նշանակության մեկ շինություն Արթիկում(79,8 քմ), 2018 թ. արտադրության «Toyota» մարդատար և «Ford» բեռնատար մեքենաներ:

Արթուր Աստոյանն ամուսնացած է, ունի երեք զավակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter