
Էլիտար կոյուղագծի անցկացումը
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագ Շին» ՍՊԸ-ն վերսկսեց ապօրինի շինարարությունը: Տարածքի բնակիչների հավաստմամբ` շինարարությունը վերսկսվել է դեռևս երեկ երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո: Այդ հրատապ հակադարձ քայլը բնակիչները որակում են որպես նախօրեի բողոքի ակցիայի պատասխան գործողություն:
Շինարարական տեխնիկան ակտիվորեն փորում էր այն հրապարակը, որտեղ նախօրդ օրը երեխաներն ակցիա էին անցկացրել: Երբ բնակիչները և տարածք ժամանած պատգամավորներն ու քաղաքացիները հարցրին, թե ինչ հիմքով և ինչ է իրականացվում, շինարարության պատասխանատուները ցույց տվեցին Երևանի կենտրոն վարչական շրջանի կողմից «Ավագ Շին» ՍՊԸ-ին տրամադրված N23/35-20 թույլտվությունը, որով նշված ընկերությանն արտոնվում է «ամբողջովին ավարտել Նալբանդյան փողոցի 106/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կոյուղագծի տեղափոխման շինարարական աշխատանքները»:
Այնուամենայնիվ, բնակիչները տեղյակ էին, որ քաղաքաշինության նախարարության կողմից իրենց է ուղարկվելու ՀՀ վարչապետի 2011թ. մայիսի 18-ի N438-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խմբի եզրակացությունը՝ տարածքում շինարարական աշխատանքների կասեցման մասին:
Հատկանշական է, որ այդ փաստաթողթը առեղծվածային պատճառներով չէր հասնում բնակիչներին: Ուստի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անձամբ հետամուտ եղավ և ստացավ այդ փաստաթուղթը ՀՀ Քաղաքաշինության նախարարությունից:
Փաստաթուղթը ցույց տրվեց շինարարական ընկերության ներկայացուցիչներին, սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ իրավապահ մարմինները որևէ կերպ չարձագանքեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի ստորագրությամբ հաստատված նշյալ փաստաթղթին (26.05.2011թ. N25/2385-11), որում շինարարական աշխատանքների կասեցումը նշված է առանձին կետով:
Փոխարենը հիմք ընդունվեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ դրան հաջորդող N23/35-20 թույլտվությունը, որում տեղ են գտել մի քանի ուշագրավ փաստեր:
Նախ՝ թույլտվության մեջ հղում է արվում «կառուցվող բազմաբնակարան շենքի» մի ծրագրի, որի նախագծային փաստաթղթերը բացակայում են՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության:
Ավելին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության կողմից այդ կասկածելի թույլտվության մեջ նույնիսկ նշված է փաստաթղթերի այն փաթեթը, որն իբր հիմք է ծառայել այդ թույլտվության համար: Եվ որքան էլ անհավանական է՝ դրանց թվում նշված էին «սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերը» և «շահագրգիռ կազմակերպությունների եզրակացությունները»:
Հետաքրքիր է՝ ովքե՞ր են այդ շահագրգիռ կազմակերպությունները և որո՞նք են այդ նախագծային փաստաթղթերը, որոնց մասին Երևանի քաղաքապետարանը տեղյակ չէ: Իսկ եթե ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը հանրությանը ներկայացնում են բացարձակապես իրարամերժ փաստաթղթեր, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ աստիճանի է հասել վարչարարական անարխիան և քաղաքաշինական քաոսը:
Տարբեր ուղղություններով կատարված ահազանգերից հետո մի խումբ բնակիչներ՝ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի նախաձեռնությամբ, որոշեցին, պատկան մարմինների հետ հանդիպելով, պարզել կասկածելի թույլտվության էությունը: Սակայն թաղապետարանի աշխատակիցները նրանց հայտնեցին, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանը, ինչպես նաև նրա տեղակալը, մեկնել են գործուղման:
Քիչ անց տարածք ժամանած քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսեցին միջամտել գործողություններին և ինչպես ակնկալվում էր՝ բացառապես ի վնաս բնակիչների և հօգուտ կառուցապատողի: Ոստիկանների խոսքով՝ աշխատանքներն օրինական են, և բնակիչներն իրավունք չունեն խոչընդոտել փոսերի խորացման և կառուցվելիք «էլիտար» շենքի կոյուղագծերի անցկացման աշխատանքներին:
Այնպես որ, այս նոր կոյուղագծի անցկացումը, որը պետք է միանա շրջակա շենքերի կոյուղագծերին՝ բեռնաթափելով էլիտար կեղտը, շինարարական ծրագրի կարևոր բաղադրիչն է, ինչպես նաև «բացառիկ՝ գերակա հանրային շահի» խնդիր: Սակայն ցավալի է, որ դրանով ջնջվում են մանուկների գույնզգույն կավիճներով նկարած արևներն ու ծառերը:
«Մեր քաղաքը» հանրային նախաձեռնության խումբ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել