ՍԴ նախագահի ընտրությունը չի կայացել․ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Այսօր՝ 2026թ․ հոկտեմբերի 14-ին անցկացված ընտրության երկու փուլերում էլ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ։ Կազմակերպվելու է նոր ընտրություն։
Հոկտեմբերի 12-ին լրացել էր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը։ Նոր նախագահ ընտրվելու համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը և ՍԴ դատավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ ու պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ Վ. Վարդանյանը Հանրապետության նախագահի առաջարկությամբ և Ազգային ժողովի կողմից 2026թ. մարտի 25-ին է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր:
Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, իսկ Վարդանյանն ինքնաառաջադրվել էր։
Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Երկրորդ փուլում ևս նրանցից ոչ մեկը չի հավաքել պահանջվող ձայները, ուստի ընտրությունը համարվել է չկայացած։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահ կարող է ընտրվել դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված թեկնածուն, որն առաջին փուլում ստանում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, նա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Երբ առաջադրվում է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը առաջին փուլում չի ստանում անհրաժեշտ ձայները, հնգօրյա ժամկետում անցկացվում է երկրորդ փուլ։ Դրան մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում ընտրված է համարվում դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն։
Եթե երկրորդ փուլում ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ ձայները, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։
Օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում։ Նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել