ԱՐՄԵԴ համակարգում լաբորատոր տվյալների փոխանցման որակը կբարելավվի մասնագիտական վերապատրաստումների միջոցով
«Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
«Հուշագիրն ուղղված է լաբորատոր տվյալների որակի վերահսկողությանը, լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիաների աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից (ԼՏՀ) տվյալների՝ մասնագիտական ստանդարտներին համապատասխան փոխանցմանը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ:
Այս գործառույթների ապահովումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ: Ուստի, հուշագրի համաձայն, «Կենսաբժշկական սարքերի մասնագիտական ասոցիացիան», որն իրականացնում է լաբորատոր ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, կվերապատրաստի ԱՐՄԵԴ-ի աշխատակիցներին:
«Թե՛ լաբորատոր սարքավորումներից, և թե՛ լաբորատորիայի աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից տեղի է ունենում տվյալների ուղիղ փոխանցում ԱՐՄԵԴ համակարգ: Այս հուշագրի նպատակն է, որպեսզի այդ գործընթացի համար պատասխանատու աշխատակիցներն անհրաժեշտ մասնագիտական գիտելիք ու հմտություններ ձեռք բերեն, որը կնպաստի և՛ լաբորատոր աշխատանքի որակի բարձրացմանը, և՛ որակի վերահսկողությանը, և՛ միասնական տվյալների առկայությունը ԼՏՀ-երում և ԱՐՄԵԴ-ում»,-նշում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:
«Մեր կազմակերպությունն իրականացնում է լաբորատոր տվյալների փոխանցման, կառավարման, անվտանգության և այլ խնդիրներին վերաբերող ISO որակի ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունից շահելու են թե՛ լաբորատորիաները, և թե՛ բուժառուները, քանի որ նրանց լաբորատոր տվյալների փոխանցումը կատարվելու է ամենաբարձր մակարդակով և միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասում է «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Էդգար Հայրապետյանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել