Պատերազմ, էներգետիկ ճգնաժամ ու բյուջետային մարտեր. «Հետքի» ռեպորտաժը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից
Ֆրիդրիխ Մերցը առանց շտապելու, քայլելով անցնում է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի կարմիր գորգի վրայով ու մոտենում է լրագրողներին։
Հնչում են անգլերենով և գերմաներենով հարցեր, բայց Մերցը հարցերին պատասխանում է բացառապես գերմաներենով։ Անգլերենով հարց տվողները լռում են, և արդյունքում Մերցի հետ կարողանում են շփվել միայն գերմաներենին տիրապետող մի քանի լրագրող։
Նույնն անում է նաև Ավստրիայի կանցլեր Քրիստիան Ստոքերը։ Եվրոպական խորհրդում բոլորը գիտեն, որ գերմանախոս քաղաքական գործիչները նախընտրում են շփվել միայն գերմաներենով։
Ի տարբերություն Մերցի, Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը լրագրողների հետ շփվում է անգլերենով։
Իր խոսքում նա կենտրոնանում է Ուկրաինայում պատերազմի և ռուսական վտանգի վրա։ Մոտ 15 րոպե լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նրա ուղերձը պարզ է՝ Եվրոպան պետք է էլ ավելի շատ զինվի, միասնական լինի և Ուկրաինային ավելի շատ օգնություն ցույց տա։
Ընդհանրապես, այս տարի Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի կենտրոնական հարցերից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է։
Թրամփի ու Պուտինի վերջին դիզելային գործարքի և Ուկրաինայի վրա ճնշումների ֆոնին եվրոպական քաղաքական վերնախավը սկսել է մի փոքր ավելի վստահ ցույց տալ իր վրդովմունքը, չնայած շարունակում է սուր անկյունները մեղմելու փորձեր անել և, ինչպես միշտ, կոչ է անում տարաձայնությունները լուծել քաղաքական երկխոսության միջոցով։
Կարմիր գորգով անցնող բոլոր ԵՄ անդամ երկրների ղեկավարներին տալիս են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների մասին հարցեր։
-Ի՞նչ եք կարծում Զելենսկու և Թրամփի միջև վերջին առճակատման մասին,- հարցնում են Նիդերլանդների վարչապետ Ռոբ Ետտենին։
-Կա միայն մեկ պատճառ, թե ինչու է այս անիմաստ պատերազմը շարունակվում, և դա այն է, որ Պուտինն է դա ցանկանում: Նա միակն է, որ կարող է կանգնեցնել այս պատերազմը բանակցությունների սեղան գալով և քանի դեռ նա դա չի անում, ուկրաինացիները պետք է ինքնապաշտպանվեն և պաշտպանեն եվրոպական արժեքները,- ասում է Ետտենը։
Վաղը գագաթնաժողով է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Եվրոպական լիդերները, ինչպես միշտ, կհայտնեն իրենց զորակցությունն ու համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին:
Չնայած սրան, այս գագաթնաժողովի արդյունքում հազիվ թե կարելի է ակնկալել այնպիսի որոշումներ, որոնք զգալի արդյունքներ կտան պատերազմի առաջնագծում կամ խաղաղության բանակցություններում։
Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի եզրակացության 25 էջանոց սևագրում Ուկրաինային նվիրված է մոտ 3.5 էջ, որում նշված են հունիսից ի վեր տեղի ունեցած նոր զարգացումները և թե ինչ պետք է արվի հետագայում։
Իհարկե, կան կոչեր, բայց Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ավելի խիստ վիզային քաղաքականությունից և Ուկրաինայում բարեփոխումների դիմաց ֆինանսական օգնություն ու վարկեր տրամադրելուց բացի, այլ շոշափելի որոշումներ դժվար թե լինեն։ Եզրակացություններով փաստաթղթի վերջնական տարբերակը պետք է հրապարակվի վաղը։
Բացի Ուկրաինայից, այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեման ԵՄ-ի բյուջեն է՝ 2028-2034 թվականների համար։
Խորացող տնտեսական և էներգետիկ ճգնաժամի ֆոնին սպասվում է, որ բյուջեի շուրջ բանակցությունները հատկապես ծանր են լինելու։ Բրյուսելի քաղաքական շրջանակներում այս քննարկումները անվանում են բյուջետային մարտեր։
Չնայած բուն բանակցությունները անցկացվում են փակ դռների հետևում, Եվրոպայում այս գագաթնաժողովի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, քանի որ հենց Եվրոպական խորհրդի որոշումներից է մեծապես կախված ԵՄ քաղաքական և տնտեսական ուղեգիծը։
Ուստի և լրագրողների համար նախատեսված դահլիճը լեփ–լեցուն է։ Այս օրերին կարելի է հանդիպել լրագրողների եվրոպական բոլոր երկրներից:
Հոլանդացի լրագրողներից մեկը երեկ մամուլի սենյակում շփման ժամանակ ասաց, որ ԵՄ բյուջեի մասին իր նյութերը ամենաշատ դիտումներն են ունենում։ Սա զարմանալի չէ. եվրոպացիներին ամենահուզող թեմաներից են կյանքի գնի աճն ու էներգետիկ ճգնաժամը։
Ապրուստը Եվրոպայում օրեցօր թանկանում է, իսկ Ուկրաինայում պատերազմի ֆոնին պետությունները գնում են միլիտարիզացիայի ճանապարհով՝ շատացնում են ռազմական և կրճատում են սոցիալական ծախսերը։
Եվրոպացի Gen Z սերնդի ցույցերի գլխավոր թեման հենց սա է՝ տարիներ տևող խստամբերության (austerity) քաղաքականության և աճող ռազմական ծախսերի հետևանքով տուժում են հենց երիտասարդները։
Այս գագաթնաժողովի մեծ հարցերից է նաև միգրացիան։ Իսպանական Սեուտայում տեղի ունեցածից հետո աջակողմյան ղեկավարություն ունեցող ԵՄ անդամ երկրները էլ ավելի են տրամադրված կրճատել անկանոն միգրացիան, արտաքսել միգրանտներին երրորդ երկրներ և խստացնել շենգենյան կանոնները։
Այսօր և վաղը ԵՄ ղեկավարները քննարկելու են նաև ԵՄ առջև ծառացած այլ հարցեր, օրինակ՝ ԵՄ ընդլայնումը, տնտեսական մրցունակությունը և Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունները։
Լուսանկարները՝ Սամսոն Մարտիրոսյան, «Հետք» և European Council
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել