Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը
Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։
Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր վարորդներից քչերն են պատկերացնում, որ դրանք նախկինում կանգառներ էին։ Մայրուղու 16-17 կմ-ի այս կանգառասրահները կառուցվել են 1970-ականներին։ Դրանք հեղինակային նախագծով կառուցված շինություններ են՝ սովետական մոդեռնիզմի ոճով։ Կանգառասրահներն իրար էին միանում գետնանցումով, որով բնակիչները ապահով անցնում էին մայրուղու մի մայթից մյուսը։ 90-ականների սկզբին այս կանգառները տրամադրվեցին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին՝ վերակառուցելու նպատակով։ Հետագայում տարբեր կասկածելի գործարքներով 2660 քմ մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառները դարձան Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի ընտանիքի սեփականությունը։
Խորովածանոց դարձած կանգառասրահը
Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեներում գտնվող կանգառասրահները կասկածելի հանգամանքներում սեփականաշնորվել են։ Կանգառասրահներից մեկն այժմ արագ սննդի կետ է դարձել, մյուսը չի օգտագործվում։ Իսկ մարդիկ ստիպված են բաց երկնքի տակ սպասել ավտոբուսին, անձրևի ու ձյան ժամանակ էլ պատսպարվել մոտակայքում գտնվող կամրջի տակ։
Մասնավորեցումից հետո գետնանցումը փակվել է։ Այս տարվա օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա մի երիտասարդ վրաերթի ենթարկվեց ու մահացավ։
2660 քմ ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառասրահներն ու սանհանգույցները 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Սուրեն Բալասյանի կողմից։ Սուրեն Բալասյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հայրն է։ Հետագայում Սուրեն Բալասյանը դուրս է եկել ընկերությունից և հիմա «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի 50% փայատերը նրա կինն է՝ Աննման Ղուկասյանը։
Հակոբ Բալասյանը Բյուրեղավան համայնքը ղեկավարում է 2008 թվականից` արդեն 18 տարի։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Բալասյանը աշխատել է պետական ապարտում։ 1991-1996 թվականներին եղել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը։ Այնուհետև, երբ Կոտայքի շրջխորհրդի գործկոմը դարձել է Կոտայքի մարզպետարան, շարունակել է աշխատել մարզպետարանում՝ սկզբում որպես բաժնի պետ, ապա՝ աշխատակազմի քարտուղար։
Տիրազուրկ կանգառները
1992 թվականին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ն դիմում է Կոտայքի շրջխորհրդի գործադիր կոմիտեին (Կոտայքի մարզպետարան)՝ խնդրելով թույլատրել Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի գյուղի հատվածում գտնվող երկու կանգառասրահները վերակառուցել՝ դարձնելով խանութ-սրճարաններ։ Շրջխորհրդի գործկոմն էլ իր հերթին դիմում է Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությանը՝ թույլտվություն ստանալու համար։
Նախարարությունը շրջխորհրդի գործկոմի առաջարկությանը տալիս է իր համաձայնություն՝ բացառության կարգով։ Երկու տարի անց՝ 1994 թվականի հունվարի 28-ի որոշմամբ շրջխորհրդի գործկոմը հավանություն է տալիս «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի (այդ ժամանակ ընկերության անունը «Վետերան» ՍՊԸ էր) խնդրանքին։
«Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին Կոտայքի շրջխորհրդի գործադիր կոմիտեն թույլատրում է օգտագործել երկու կանգառասրահները, երկու սանհանգույցները և տրամադրում է դրանց պահպանման համար անհրաժեշտ 0.3 հա հողամաս։ Ընկերությունը նախատեսում էր նաև տարածքում բենզինի լիցքավորման կետ կառուցել։
2005 թվականին «Արզնի-էքսպրես»-ը դիմում է Կադաստրի կոմիտեին, որ վերջինս գրանցի իր սեփականության իրավունքը գույքերի նկատմամբ։ Բայց Կադաստրի կոմիտեն մերժում է գրանցումը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերը ներկայացվել են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան։
«Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերից երևում է, որ գույքը գտնվում է ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության հաշվեկշռում, Ձեզ միայն թույլատրված է վերակառուցել»,- նշված էր Կադաստրի կոմիտեի պատասխանում։
Կադաստրի կոմիտեից մերժում ստանալու հետո՝ 2006 թվականին, «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ն դիմում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով տիրազուրկ ճանաչել կանգառասրահներն ու սանհանգույցները և որպես բարեխիղճ տիրապետողի՝ գրանցել իր սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։
Ընկերությունը դատարան է ներկայացրել Կոտայքի մարզպետարանից, Տրանսպորտի և կապի նախարարությունից և Արզնիի գյուղապետարանից ստացված գրությունների պատասխանները, որոնցում այդ գերատեսչությունները հայտարարել էին, որ շինությունները իրենց հաշվեկշռում չեն և իրենց չեն պատկանում։
Հետաքրքրական է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունից գրությանը պատասխանել է փոխնախարար Վարդան Վարդանյանը։ Նա, մինչև փոխնախարար նշանակվելը, եղել է Կոտայքի մարզպետի խորհրդականը։ 1991-1995 թվականներին էլ զբաղեցրել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Նույն ժամանակահատվածում շրջխորհրդի գործկոմում էր աշխատում նաև Հակոբ Բալասյանը։ Բալասյանն ու Վարդանյանը նաև կուսակիցներ են, երկուսն էլ եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
Կոտայքի մարզի դատարանը 2006 թվականին բավարարում է ընկերության հայցը, և կանգառասրահների ու սանհանգույցների նկատմամբ գրանցվում է «Արզնի-Էքսպրես» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը։
Հողամասերի օտարումը
Երկու հողամասերը, որոնց վրա գտնվում են կանգառասրաները, ըստ Կադաստրի կոմիտեի, 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Արզնիի ավագանու 2007 թվականի ապրիլի 5-ի 2/2 որոշումը։ Կոմիտեից նաև տեղեկացրել են, որ այս որոշումը կադաստրային գործում առկա չէ։
Զարմանալի չէ, որ ավագանու այդ որոշումը չկա կադաստրային գործում, քանի որ նման որոշում առհասարակ գոյություն չունի։ Իրականում Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեների հողամասերը օտարվել են Արզնի համայնքի ավագանու 2007 թվականի ապրիլի 25-ի 3/2 որոշմամբ։
Ավագանու բոլոր 6 անդամները կողմ են քվեարկել, որ 0.14 և 0.126 հա մակերեսով հողամասերը առանց աճուրդի օտարվեն «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին՝ կադաստրային արժեքով։ Ընդհանուր 2660 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերի համար ընկերությունը համայնքին պետք է վճարեր 7 մլն 820 հազար դրամ։ Այսինքն՝ հողամասի 1 քմ-ն օտարվել է 2940 դրամով։
1970-ականներին կառուցված կանգառասրահները, որոնք նախատեսված էին ուղևորների համար, տարիների ընթացքում կորցրին իրենց հանրային նշանակությունն ու հայտնվեցին մասնավոր ընկերության ձեռքում։
Հակոբ Բալասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը տիրացավ կանգառներին՝ առանց դրանց համար նույնիսկ մեկ դրամ վճարելու, իսկ հարակից հողամասերը ձեռք բերեց առանց մրցույթի՝ չնչին կադաստրային արժեքով։
Այսօր նախկին կանգառների տարածքում գործում է արագ սննդի կետ, իսկ քաղաքացիների անվտանգությունն ապահովող գետնանցումը փակ է։ Այն, ինչ ժամանակին ստեղծվել էր հանրության հարմարավետության եւ անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, վերածվել է պաշտոնյայի ընտանեկան բիզնես տարածքի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել