HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի սեփականատերերը հայտնվել են Մոլդովայի իրավապահների թիրախում

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության մոլդովացի սեփականատերերը, որոնց պատկանում է հայկական փոխադրողի 46 %-ը, իրենց երկրում՝ Մոլդովայում, հայտնվել են իրավապահների թիրախում: Խոսքը Վլադիմիր Չեբոտարի եւ Միրչա Մալեկայի մասին է: Հայկական ավիափոխադրողի մնացած 54 %-ը պատկանում է նախկին իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին. 50 %-ը՝ գործարարի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, իսկ 4 %-ը՝ «Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Մոլդովայի պետական անվտանգության համար կարեւորություն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդը (CEIISS) 11 ամիս ուսումնասիրություն կատարելուց հետո այս տարվա հունիսի 22-ին որոշում էր կայացրել այդ երկրի Fly One մասնավոր ավիաընկերության վերահսկողության փոփոխություն իրականացնելու մասին: Մոլդովական ավիափոխադրողին իր սեփականատերերի շարքում փոփոխություններ անելու համար 90 օր ժամանակ էր տրվել: Ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 22-ին:

Fly One-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը, սակայն, սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ ավիաընկերության սեփականատերերը չեն վաճառի իրենց բաժնեմասերը (թղթերով Fly One-ի 40 %-ը պատկանում է Չեբոտարի կնոջը, իսկ 10 %-ը՝ քրոջը: Ավիաընկերության մնացած 50 %-ը պատկանում է Միրչա Մալեկայի ընտանիքին: 10 %-ը գրանցված է հենց նրա անունով, իսկ 40 %-ը՝ նախկին կնոջ):

«Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատեր Էդուարդ Սուքիասյանը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, Միրչա Մալեկան

Փոխարենը, ըստ Չեբոտարի, Fly One-ը պատրաստվում է ապագա կապիտալ ներդրումներն ու գործառնական ընդլայնումը իրականացնել Մոլդովայի սահմաններից դուրս: Նկատենք, որ Fly One-ի ցանցի անդամ ընկերություններ կան Հայաստանում («Ֆլայուան Արմենիա»), Ռումինիայում (FlyOne Airlines) եւ Ուզբեկստանում (Flyone Asia):

CEIISS-ի հունիսյան որոշման հրապարակումից օրեր առաջ՝ հունիսի 10-ին, մոլդովական Fly One-ը հայկական «Ֆլայուան Արմենիայում» իր 46 %-ն օտարել է այս տարվա մարտ ամսին Երեւանում հիմնադրված նոր ընկերության՝ «Ֆլայ Սոլուշն» ՍՊԸ-ին: Դժվար չէ կռահել, որ սրա տերերը հենց Վ. Չեբոտարն ու Մ. Մալեկան են՝ 50-50 համամասնությամբ: Մալեկան նաեւ տնօրենն է:

ՀՀ պետռեգիստրի գործակալությունում «Ֆլայուան Արմենիայի» սեփականատերերի այս փոփոխությունն արձանագրվել է օգոստոսի 14-ին:

Այսպիսով՝ ներկայում Fly One-ը «Ֆլայուան Արմենիայի» սեփականատերը չէ այլեւս, բայց Չեբոտար-Մալեկա զույգը երեւանյան «Ֆլայ Սոլուշն» ընկերության միջոցով է պահպանում իր վերահսկողությունը հայկական ավիափոխադրողի նկատմամբ:

Դժվար չէ նաեւ կռահել, որ այս փոփոխությունն անմիջական կապ ունի Մոլդովայում Fly One-ի ու դրա տերերի հանդեպ սկսված գործընթացի հետ:

Վլադիմիր Չեբոտար, աղբյուրը՝ thelist.md

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 29-ին Չեբոտարը հայտարարեց, որ Fly One-ի սեփականատերերը չեն վաճառի իրենց բաժնեմասերը, Մոլդովայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ հատուկ գործերով դատախազությունը գործի անցավ: Հոկտեմբերի 2-ին վերջինս հայտարարեց, որ իր դատախազները Պետական հարկային ծառայության աշխատակիցների հետ արձանագրել են կազմակերպված հանցավոր խմբի գործունեություն:

Հետաքննության համաձայն՝ 2016 թ.-ից մինչ օրս խմբի անդամները գործել են համակարգված՝ բաժանելով դերերը եւ օգտագործելով տարբեր իրավաբանական անձանց (ներառյալ՝ վստահելի միջնորդներին)՝ հարկերից եւ տուրքերից խուսափելու համար։

Միեւնույն ժամանակ հարկային մարմինների առաջ ոչ պատշաճ ձեւով հայտարարագրված միջոցներն օգտագործվել են՝ ավիաընկերություն ստեղծելու համար (ընկերության կանոնադրական կապիտալը մեծացնելու համար): Այդ միջոցները, ըստ մոլդովական դատախազության, կազմել են գրեթե 41 մլն լեյ (մոտ 2.3 մլն դոլար), որը ենթադրաբար թաքցվել ու լվացվել է ինչպես Մոլդովայում, այնպես էլ արտերկրում։ Ընդ որում՝ միայն 2016 թ. ֆինանսական տարվա համար պետական բյուջեի նկատմամբ չհայտարարագրված եւ չվճարված հարկային պարտավորությունների չափը գնահատվել է գրեթե 5 մլն լեյ (մոտ 280 հազ. դոլար)։

Մեր կողմից նկատենք, որ մոլդովական Fly One-ը հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ այդ երկրի քաղավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել 2016-ի մարտին:

Հետաքննության շրջանակներում այս տարվա հոկտեմբերի 1-ին Մոլդովայի ՆԳՆ աշխատակիցների աջակցությամբ խուզարկություններ են իրականացվել մի շարք անձանց գրասենյակներում, տներում եւ տրանսպորտային միջոցներում։ Առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, կանխիկ գումար, համակարգչային սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր եւ գործին վերաբերող այլ նյութեր։ Հետաքննությունը շարունակվում է՝ պարզելու բոլոր հանգամանքները եւ ներգրավված անձանց ինքնությունը։

Հիշեցնենք, որ Մոլդովայի պետական անվտանգության համար կարեւորություն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդն (CEIISS) ուսումնասիրել էր նաեւ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» հետ փոխկապակցված անձանց ու միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց միջեւ կապերի առկայությունը: Այս հանգամանքը ներառվել էր այն տարրերի շարքում, որոնք գնահատվել էին Խորհրդի կողմից որոշում կայացնելիս:

Հաշվի առնելով այս գործոնը՝ մոլդովական լրատվամիջոցներն անդրադարձել էին այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձավոր շրջապատից է եղել Վ. Չեբոտարը: Բայց թե կոնկրետ ինչպիսի կապեր կամ բիզնես շահեր ունի Պլախոտնյուկը Fly One-ում, դժվար է ասել:

Վլադիմիր Պլախոտնյուկը՝ դատարանում

Հատկանշական է, որ 2026-ի ապրիլին մոլդովական դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել Պլախոտնյուկին՝ նրան մեղավոր ճանաչելով հանցավոր խմբավորում ղեկավարելու, փողերի լվացման ու խարդախության մեջ: Դատարանը նաեւ որոշել է օլիգարխից ավելի քան 1,1 մլրդ լեյ արժեքով (այդ ժամանակ՝ մոտ 64 մլն դոլար) ակտիվներ բռնագանձել:

Պլախոտնյուկն Արեւմուտքի կողմից համարվում է պրոռուսական գործիչ: Ներկայում մոլդովացի օլիգարխը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի պատժամիջոցների տակ:

Այդուհանդերձ, Վլադիմիր Չեբոտարը հերքել է, որ իր եւ Մալեկայի ընտանիքներից բացի կամ դրանց փոխարեն այլ շահառու սեփականատեր կա Fly One-ում:

Հավելենք, որ Չեբոտարն ու Մալեկան նախկին պաշտոնյաներ են: Վ. Չեբոտարը, մասնավորապես, 2015-2017 թթ. Մոլդովայի արդարադատության նախարարն էր, իսկ 2019-2021 թթ. եղել է պատգամավոր: Մ. Մալեկան էլ 2015-2016 թթ. ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչությունը: Fly One-ն սկսել է ավիացիոն գործունեությունն այն ժամանակ, երբ այս անձինք պաշտոնյաներ էին: Երբ լրագրողական հետաքննությունը պարզել էր, որ մասնավոր ավիաընկերության իրական տերերից մեկը (աներոջ միջոցով) հենց ոլորտը ղեկավարող Մալեկան է, Մոլդովայի վարչապետը խոստովանել էր, որ շահերի բախում կա, ինչին հետեւել էր Մալեկայի հրաժարականը: Նույնիսկ տվյալներ կային այն մասին, որ Մալեկան ցանկանում է սահմանափակել ազգային փոխադրող Air Moldova-ի թռիչքային ուղղությունները, ինչից օգտվելու էր նորաստեղծ Fly One-ը: 

Առաջին լուսանկարում՝ Fly One-ի Airbus A321 ինքնաթիռը՝ Անթալիայում, 19.09.2026, հեղ.՝ Ալփ Ակբոստանջի, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter