
Բոզոյան. Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում մեզ կարող ենք դադար թույլ տալ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ այս պահին Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը դեստրուկտիվ քայլ կլինի, իսկ ահա Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում դադար կարող ենք մեզ թույլ տալ, և միջազգային հանրությունը դրան ըմբռնումով կմոտենա, քանի որ Սաֆարովի դեպքից հետո բոլորի համար պարզ է դարձել, որ այդ երկրին չվստահելը հիմնավորումներ ունի:
Ըստ Ե. Բոզոյանի` մեր պետությունը պետք է լրջորեն զբաղվի իր ներքին զարգացմամբ, որպեսզի հասարակ քաղաքացին զգա, որ ոչ միայն ինքն է պետք պետությանը, այլ պետությունն է պետք իրեն: Դրա անհրաժեշտությունն իրոք կա, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ Ադրբեջանում տիրող միլիտարիստական հիստերիան կարող է մթագնել նաև այդ երկրի ղեկավարների ուղեղները, ու նրանց գործողությունները դուրս գան տրամաբանության սահմաններից:
Քաղաքագետը հիշեցնում է, որ Հունգարիան իր քայլի համար փաստացի չպատժվեց, միայն մի փոքր Ադրբեջանին մեղադրեցին, և այդպիսի դեպքեր եղել են պատմության մեջ: Ամենավառ օրինակը 1938 թ.-ին Գերմանիայի հարձակումն է Չեխոսլովակիայի վրա, երբ Եվրոպան լռում էր, ու միայն այն բանից հետո, երբ օկուպացվեց նաև Լեհաստանը, որոշեց խաղաղություն հաստատել, բայց արդեն ուշ էր` սկսվեց երկրորդ համաշխարհայինը: Ճիշտ է, Ադրբեջանի ֆաշիզմը լոկալ տարածաշրջանային բնույթ է կրում, բայց նրա գործողությունները ևս ոչ ոք չի փորձում սաստել: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեզ համար դա կլինի հայրենական պատերազմ, իսկ Ադրբեջանի կողմից` նվաճողական նկրտումներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել