HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Քաղաքապետը հո իր խոսքի տերն է, հո քցող չի՞, ամոթ չի՞` նա սաղ գումարները կվերադարձնի». 2004-ից մինչ օրս այդպես էլ փոխհատուցում չի եղել

«Հետքը» զրուցել է Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգու վարձակալ, մի քանի անգամ համայնքի ավագանու անդամ ընտրված Վահան Մխիթարյանի հետ: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը դատի էր տվել նրան, որ խզեր այգու վարձակալման պայմանագիրը, և Վանաձորի դատարանը վճիռը հօգուտ քաղաքապետի էր կայացրել: Բայց վերաքննիչ դատարանը, բեկանելով այդ վճիռը, հետ է ուղարկել նոր քննության:

Վահան Մխիթարյանն այն եզակի ավագանու անդամներից է, որ համարձակվել է դեմ քվեարկել ավագանու նիստերում, հակադրվել քաղաքապետին`վաստակելով քաղաքային իշխանությունների հալածանքն ու թշնամությունը: Նախկին ավագանու անդամը դրվագներ է պատմում քաղաքապետ Դարբինյանի ու նրա թիմակիցների հետ համատեղ աշխատանքի տարիներից: Ի դեպ, նրա խոսքով, Դարբինյանի պաշտոնավարման 13 տարիների ընթացքում քաղաքապետի թիմն անփոփոխ է մնացել, միայն կոմունալ բաժնի պետ Լյովա Կարապետյանը փոխարինվել է Լյովա Մելիքյանով:

-Բոլոր այգիների վարձակալներից քաղաքապետը միայն Ձեզ է դատի տվել: Որպես նախկին ավագանու անդամ, համայնքի խնդիրներին տեղյակ մարդ`ասացեք խնդրեմ` մյուսներն այդքան բարեխի՞ղճ են պարտականությունների կատարման առումով:

-Հարցը էն է` տվյալ մարդիկ իրանց թիմի՞ց են, թե՞ թիմից չեն, էդ է խնդիրը: Երբեք «կրիշա» չեմ ունեցել, չեմ էլ ուզում ունենալ, իմ համար ապրող քաղաքացի եմ: Այգին ընդհանրապես եկամուտ չի բերում, ուղղակի համարում եմ ինձ նվիրյալ, կարող էի էսքան տարվա մուծումների, այգու աշխատանքների գումարները վերցնեմ, գնամ մի տեղ բիզնես դնեմ: Իրանց նպատակը  էս կանաչ տարածքը իմ ձեռքից վերցնելն է: Իմ խնդիրն էլ եղել է, որ այգին չվերացնեն: Եթե այգին տամ նրանց, 2 օր հետո շինհրապարակ է դառնալու:

-Ինչի՞ց եք ստացել այդ տպավորությունը, թե՞ կոնկրետ դեպքերի, իրադարձությունների հետ է կապված:

-Քաղաքային այգում ուզում էին բենզալցակայան կառուցեն, հենց ներսում, իրենց թույլտվությամբ, 2002-2003-ին էր: Երիտասարդներ եկան դիմեցին, ասեցին` ուզում ենք բենզալցակայան կառուցենք: Ասեցի`ճարտարապետը որ իմանա, գիտե՞ք` ինչ կանի, ասեցին` ճարտարապետը թույլ է տվել, ասեցի` ոնց թե թույլ է տվել, որ քաղաքապետը իմանա, գիտե՞ք՝ ինչ կանի էդ ճարտարապետին, ասեցին` քաղաքապետն է մեզ ուղարկել ճարտարապետի մոտ, ինքը համաձայն է: Ասեցի` դուք էլ, քաղաքապետն էլ, ճարտարապետն էլ հեռու մնացեք այգուց: Վատ զգացին, որ դեմ եղա: Այգու ներսում լողավազանը կառուցելու ժամանակ էլ վիկինգների նման ներխուժեցին, էլի դեմ կանգնեցի: Քաղաքային այգու տարածքում ո՞վ է տեսել լողավազան կառուցեն, սպորտային կառույց է, որը կարող եք սպորտային կոմպլեքսներին կից կառուցել: Քաղաքում ուրիշ տեղեր կային, որ տնաշինության տակ տվեցին, այսինքն`մտածեցին`այն տարածքները, որ ազատ են, կծախենք տնաշինության համար, ինչի՞ ենք լողավազան կառուցում, իսկ լողավազանը կհայտարարենք քաղաքի համար կառույց ու կմտցնենք այգի: Լողավազանի կառույցի ժամանակ պարտավոր էին առաջին հերթին ինձ ասեն, որ էդ տարածքը ինձնից վերցնում են. վարձակալությանս պայմանագրում չկար, որ ցանկացած պահի կարող են կառույց կառուցեն:

Կապ  չունի` քաղաքապետ են, ես իրանց  ստրուկը չեմ: Անսպասելի իմացա: Լողավազանի կառույցը «Լոռու» ճանշինն էր անում: Դե ճանշինը, գիտենք, ճանապարհ ասֆալտողների հիմնարկություն է, իսկ շինարարության համար արդեն գոյություն ուներ կինշինպրես: Ու պարզվեց, որ ճանշինն արդեն շենք է կառուցում, ուրեմն` «մասնագիտական առաջընթաց» ունեն: Արծաթագույն եղևնիներ, իխտաներ հատվեցին էդ տարածքում, ընտիր ծառեր հատեցին, որ կառուցեն լողավազանը: Գրություն տվեցին, որ այգու էս, էս բաները քանդում ենք` բետոն, պատ, բորդյուր: Ինչ որ քանդել էր, գրեց, տվեց փաստաթուղթը «Լոռու» ՃՇՇ-ն, աշխղեկն էլ ստորագրել է` Արայիկ Վարդանյանը: Քաղաքապետի տեղակալ Սարդարյան Նորիկը և բաժնի պետերից Դարբինյան Վիկտորը երդում-կրակ կերան` Վահան ջան, անհարմար չի՞, թող շինարարություն սկսենք, քո գումարները լրիվ կվերադարձնենք: Քաղաքապետը հո իր խոսքի տերն է, հո քցող չի՞, ամոթ չի՞` նա սաղ գումարներդ կվերադարձնի:

Հետո դիմեցի քաղաքապետին, որ իմ կառուցած մանկական խաղահրապարակը քանդելու ժամանակ հանեցիք մոտ 400 մետր մալուխ, կաբել, որը սնուցում էր կարուսելները և այգու լուսավորությունը, դրանք ես իմ փողով առել էի, բերել գցել, դուք քանդեցիք, ձեր կազմակերպությունը, տարաք: Ձեր տված վնասները պետք է վերականգնեք, քանի որ իմ գրպանի գումարն է, իմ անձնական գումարն է: Ունեմ փաստաթուղթ` մոտ 5 միլիոնի վնաս են պատճառել, բայց 2004-ից մինչև այսօր չեն վերադարձնում: Չեմ փորձել դատական ճանապարհով, չեմ սիրում իրավապահ մարմիններին, դատարան` մանավանդ: Կուզեի, որ մեր քաղաքում չլինեին նմանատիպ վիճակներ, որ պաշտպանվեինք քաղաքապետարանից:

Մեր քաղաքապետին` իր աշխատողներով հանդերձ, իրան «դաբրո» տվողներին, երկրի իշխանավորներին թվում է` «ասողներ» են: Իրանք չեն հասկանում, որ ժողովրդի կողմից ընտրված են, որ ծառայեն ժողովրդին:

-Իսկ նույն քաղաքապետը հեշտությա՞մբ էր քաղաքի կենտրոնական այգին «զիջել»  Ձեզ:

-Նախկին քաղաքապետի`Հարությունյան Անդրանիկի օրոք եմ վերցրել քաղաքային այգին` 1996 թվականին: Մարդիկ կային`տնատեղ էին ուզում վերցնեն, քաղաքային այգին պետք է լիներ տնատեղ: Բայց տնատեղերի համար որոշում չկայացվեց, ես վերցրեցի վարձակալությամբ: Հետո Հարությունյան Անդրանիկին հանեցին: Այն ժամանակ ընտրություններ էին, երբ ոչ թե ընտրվողի, այլ ընտրություն թելադրողի հարցն էր: Վազգեն Սարգսյանի հետ խոսակցության մեջ Անդրանիկ Հարությունյանը պատասխանել էր նրան, Վազգենի դուրը չէր եկել, որոշել էր, որ քաղաքապետին պետք է հանեն, իրենց նման քաղաքապետ պետք չի: Որոշում  էին` ում  դնեն: Էն ժամանակ Ջումշուդիչը նախարար էր, իր բնագավառի աշխատողին որոշեց առաջ քաշի:

-Այսինքն` Սամվել Դարբինյանի առաջքաշումը Հենրիկ Քոչինյանի կողմից է եղել, որը տրանսպորտի և հողորդակցության նախարարն էր, ապա`Լոռու մարզպետը: Ի՞նչ հարաբերությունների մեջ էին նրանք:

-Մտերիմ հարաբերությունների մեջ էին: «Լոռու» ճանշինից իրար գիտեին: Նա նախարարն էր, նա էլ`հիմնարկության տնօրենը: Գուգարքի ռայոնում էր գտնվում «Լոռու» ճանշինը, նախագահը օղորմածիկ Էդոն էր, Գուգարքի «Ճաճոյի Էդոն»:  Էդոյին եթե բռնում էին, բերում էին դնում ուրիշի կադրին, հետո Էդոն բռնված տեղից հետ էր գալիս, նորից նշանակում էր իր կադրը: Որ մարդու անունը տվեցինք, մարդու նկատմամբ վատ տրամադրություններ եղել են ժողովրդի մեջ,  բայց  նա գոնե ամեն ինչ տեսել էր, արդեն ուրիշ ձևով էր նայում կյանքին: Իսկ էս մարդիկ չտեսի նման աթոռի են նստել, աթոռի հետ տեղները ամրացրել, տեղներից հետո էլ երազում են արդեն Դոն Կառլեոնե դառնան: Քոչինյանի հովանավորությամբ, թե չէ  Դարբինյանին ո՞վ էր ճանաչում, որ նրան դնեին քաղաքապետ կամ անցկացնեին: Ի դեպ, Ջումշուդիչի կադրերը բոլորն անհաջող են եղել, ում ընտրել է կադր: Բերեց քաղաքապետ առաջարկեց Դարբինյանին, և գիտենք՝ ոնց է լինում Հայաստանում ընտրությունը, դնում են թիվը նկարում են, անց են կացնում: Ու էդպես ընտրվեց, անցավ գնաց:

-Սամվել Դարբինյանի հետ երկա՞ր եք աշխատել:

-Անդրանիկից հետո երբ որ եկավ Դարբինյանը, մի գումարում  չեմ աշխատել, որոշեցի չլինեմ այլևս ավագանու կազմում, որովհետև զգացի, որ շատ ցածր մակարդակի ղեկավարություն է, ես նրանց հետ չեմ կարող աշխատել: Անդրանիկը կիրթ մարդ էր, այսինքն` բոլորիս հաճելի է, որ մեր քաղաքապետը լինի զարգացած, կիրթ, բանիմաց անձնավորութուն: Հետո զգացի, որ քաղաքի պրոբլեմները գնալով շատանում են, քանի որ եթե մի որևէ տեխնիկայի ղեկին նստած է ոչ բանիմաց մարդ և չի կարողանում վարել, գոնե կողքին մարդիկ են պետք, որ ձեռքը բռնեն: Էն ժամանակ թաղամասերով  էր, առաջին տեղ ընկա: Իմ ընտրությունների ժամանակ ինքը դեմ էր, և մարզպետը` Քոչինյանն էր դեմ, որ չանցնեմ ավագանի: Բայց ինքը նոր էր, ընտրությունների կեղծիքների դպրոցը դեռ նոր էին մշակում Վանաձորում,  հանձնաժողի նախագահը` իր փեսան որ կա` Տիգրանը, դեռ հմուտ չէր դրանց մեջ: Ընտրվեցի, աշխատեցի ավագանի: Հետո մի գումարման էլ առաջադրվեցի, նորից անցա, որովհետև ես իրանց դեմ էի խոսում: Դարբինյանի օրոք երրորդ գումարմանը չանցա: Ու հետաքրքիրն այն է, որ «Արցախ» պուրակի համար պայքարող խումբը չանցավ: Իմ տվյալներով` էն ժամանակ եղել եմ 2-րդ տեղը, ընտրության վերջում էլ հայտնեցին, որ չեմ ընտրվել: Առաջին տեղով գնացողը` բժշկուհի Օհանյան Այծեմնիկը, նա էլ չանցավ, Մկրտչյան Արամը` սոցիալականի պետը, որը մեծ ընտրազանգված ուներ: Վերջին ավագանու մեջ մարդը նստած է, ոչ անունն ես լսում, ոչ ազգանունը: Ձեռքները բարձրացնում են, հարցը միանաշնակ ընդունվեց: Մեր ժամանակ լուծվում էին շատ հարցեր:

-Ի՞նչ պայքար էր «Արցախ» պուրակի համար:

- Պուրակի մասին ասեմ, ի դեպ, ավագանու 90 տոկոսը դեմ էր: Համբարյան Սեյրանն էլ էր ճիշտ մոտեցում տալիս էդ հարցին, մեր կողքին էր, Կարենը Ադամյանը: Բայց մի քանի հոգիս հիմնական կայծն էինք, հիմնական քայլ անողը: «Արցախի» համար գնաց մեծ պայքար: Տրված էր վարձակալությամբ մեր քաղաքացիներին, լավ էր, վատ էր, անում էին, քաղաքի տղաներ էին, սրճարան էին կազմակերպել, աշխատացնում էին: Երևանից եկան, որոշեցին տարածքը վերցնեն: Դրեցին ավագանու նիստին, չանցավ, սարսափելի մեծ վիճաբանություններով: Քանի անգամ դրեցին, չանցավ, որոշեցին ձևը փոխեն` աճուրդի դնեն: Այդ ժամանակ մտավորականությունն էլ էր մեր կողմից, որ պետք է լինի պուրակ, ոչ թե շենք, որ կինոթատրոնի անունով կլինի, բայց հետագայում  կծառայի ուրիշ բաների: Մտավորականներն էլ օգնեցին, հասանք լուրջ արդյունքի: Տապալեցինք իրենց որոշումը: Քանի տարի շարունակվում էր պայքարը, ավագանին թույլ չէր տալիս: Մի քայլ արեցին. մենք անտեղյակ` իմացանք, որ պուրակը օտարվել է քաղաքապետարանի կողմից: Թղթեր էին սարքել, բայց ավագանին կապ չուներ: Ասեցինք` ուշացանք, չկարողացանք մինչև վերջ պահենք: Դրանից հետո էլ մյուս հարցերը:

-Ի՞նչ հարցեր, էլի՞ են դեպքեր եղել:

-Աբովյան փողոցը` եկեղեցու և քաղաքային այգու հատվածը, փակում էր քաղաքապետը: Ամենահին փողոցն է, որոշել էին փակեն, շենք կառուցեն: Եկեղեցու կառույցը վերջացնելուց հետո երբ հասան նոր շինարարության համար հիմքերը գցելուն, դեմը կանգնեցինք: Փորձեցինք պարկեշտ ճանապարհով, զգացինք անիմաստ է: Իրենց որոշումը որոշված է, կնիքը խփած է: Երևանից էլ բարձրաստիճան այրեր «դաբրո» են տվել: Հավաքեցի մեր թաղամասի ժողովրդին, ասեցի` տեղյա՞կ եք, որ փողոց չի լինելու: Մարդիկ ըմբոստացան: Քաղաքապետին տվեցինք 3 օր ժամանակ, որ եթե 3 օրվա մեջ իր կամքով չբացի, մենք կբացենք: Հետևողական եղանք մեր տված խոստումներին: Բերեցինք տեխնիկա, ճանապարհը բացեցինք, ժողովուրդը տոնեց ճանապարհի բացումը, շինարարությունն էլ կասեցվեց: Ինձ միլիցիա տվեց քաղաքապետը: Իմ վրա բողոք էր գրել, որ խանգարում եմ քաղաքի գործերին, շինարարությանը: Համբարյան Անուբախը քաղաքի միլպետն էր էն ժամանակ, կանչեց, բա քո վրա բողոք կա, բացատրություն տուր, թե ինչի ես քաղաքապետի աշխատանքը խանգարել: Ասեցի` գիտնական, արվեստագետ մարդ եմ, բնութուն սիրող, երաժշտություն սիրող, օրինականություն եմ պահել: Քաղաքապետը իրավունք չունի փակի մի որևէ ճանապարհ, նույնիսկ 1 ժամով: Ներքին գործերի աշխատակիցների սրտով էլ չէր էդ ամեն ինչը, ու ես որպես հանցագործ չպատժվեցի:

Մեկնաբանություններ (1)

anonym
Vahan duq shat xelazi mard eq.Isk mer irakanutjan mej xelaziner petq chen.Petq en himarner, voronz kareli e vochxari hoti nman qshel.Voronz trvats e ishxanutjun, ev ovqer bazi xabeluz u grpeluz voch mi ban chgiten.Amboxj Vanadzor@ masnatel en.Inchi eq miajn xosum ajgu tsareri masin?Inch asenq vor antarner en hatum inch vor karuzelu hamar?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter