HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ռոսատոմ»ը Հայաստանից դրական ազդակներ է ստացել նոր էներգաբլոկի կառուցման մասով. Լիխաչով

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները հասարակական լայն դրական արձագանք են ստացել։

«Մեր ներկայիս բոլոր շփումներից ստացվող ազդակները վկայում են, որ դրական է ընդունվում հնարավորինս սեղմ ժամկետներում գիգավատային դասի՝ ВВЭР-1000 տիպի էներգաբլոկ կառուցելու մեր առաջարկը՝ նախագծին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու և այն օպտիմալացնելու հնարավորությամբ»,- հայտարարել է Լիխաչովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմի»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու ռուսական կողմի առաջարկները։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը շարունակում է միջազգային գործընկերներից ստացված առաջարկների քննարկումը, և համապատասխան որոշում կկայացվի տեսանելի ապագայում։ Վարչապետն ընդգծել էր, որ վերջնական որոշումը հիմնված է լինելու բացառապես տնտեսական նկատառումների վրա՝ հաշվի առնելով առաջարկվող գինը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։

ՀՀ կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ նախատեսում է կառուցել նոր մոդուլային ատոմակայան՝ փոքր հզորության ռեակտորներով։ Մասնավորապես, այս տարվա մարտին Փարիզում կայացած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները և ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները։

Միևնույն ժամանակ, «Ռոսատոմ»-ի ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում է ВВЭР-1000 տիպի՝ շուրջ 1000 մեգավատ հզորությամբ էներգաբլոկի կառուցմանը։ Այն էապես տարբերվում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայից, որի օգտին նախկինում արտահայտվել էր Հայաստանի կառավարությունը։

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ է վարում հինգ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Սեպտեմբերի 23-ին Փաշինյանը վերահաստատել էր, որ կառավարությունը փորձում է ընտրել առավել շահավետ առաջարկը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ նոր ատոմակայանի կոնկրետ մոդելի ընտրությունը նախատեսվում է կատարել 2026 թվականի ընթացքում կամ 2027 թվականի սկզբին, որից հետո կմեկնարկեն նախագծման և կառուցապատման հաջորդ փուլերը։

Զուգահեռաբար Հայաստանը շարունակում է Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը։ Նախատեսվում է կայանի աշխատանքը երկարաձգել մինչև 2036 թվականը, իսկ անհրաժեշտության դեպքում քննարկվում է այն ևս 10 տարով՝ մինչև 2046 թվականը շահագործելու հնարավորությունը։

Լուսանկարը՝ Алексей Башкиров/«Страна Росатом»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter