ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից և որևէ մեկը չի կարողացել ստանալ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների աջակցությունը
Հոկտեմբերի 16-ին կայացած նախնական քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող բոլոր յոթ թեկնածուների դեմ հանդես է եկել Անվտանգության խորհրդի առնվազն մեկ մշտական անդամ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ունեն վետոյի իրավունք։
Քվեարկության արդյունքում առաջատարը շարունակում է մնալ Կոստա Ռիկայի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը։ Ինչպես գրում է AFP-ն, նա ստացել է 9 կողմ և 5 դեմ ձայն, ընդ որում՝ դեմ քվեարկածներից երկուսը Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։
Մշտական անդամներից երկուական դեմ ձայն են ստացել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն, արգենտինացի Ռաֆայել Գրոսին և ՄԱԿ-ում Գայանայի ներկայացուցիչ Կարոլին Ռոդրիգես-Բիրկեթը։ Նրանք ևս համարվում են գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդները։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը դեմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի բոլոր յոթ թեկնածուներին։
Փաստացի, հոկտեմբերի 16-ին անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախնական քվեարկության վեցերորդ փուլը։ Խորհրդի 15 անդամներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել կողմ կամ դեմ քվեարկելու թեկնածուներին կամ ձեռնպահ մնալու։
Այս փուլում առաջին անգամ մշտական և ոչ մշտական անդամների համար կիրառվել են տարբեր քվեաթերթիկներ, ինչը հնարավորություն է տվել պարզելու վետոյի իրավունք ունեցող երկրների դիրքորոշումները։ Ընդ որում, նախնական քվեարկության ժամանակ մշտական անդամի դեմ ձայնը դեռևս պաշտոնական վետո չի համարվում։ Ինչպես պարզաբանում է Security Council Report-ը, հաջորդ փուլերում երկրները կարող են փոխել իրենց դիրքորոշումները։
Associated Press-ի տվյալներով՝ նախնական քվեարկության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել եկող շաբաթ։ Չի բացառվում նաև նոր թեկնածուների առաջադրումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա Անվտանգության խորհրդի առնվազն ինը անդամի աջակցությունը և չունենա մշտական անդամներից որևէ մեկի վետոն։ Դրանից հետո նրա թեկնածությունը պետք է հաստատի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման երկրորդ հնգամյա ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Լուսանկարները՝ Michelle Bachelet/EPA/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել