Թրամփը չի ցանկանում Ռուսաստանին դուրս մղել բանակցությունների սեղանից ու մեղադրում է Ուկրաինայի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը և Մոսկվայի նկատմամբ նոր ավելի խիստ պատժամիջոցներ չսահմանելու որոշումը հիմնավորել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությամբ։
«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը չափազանց պարզ է։ Ես բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության հասնելու ուղղությամբ և չեմ ցանկանում որևէ չմտածված քայլ անել, որը կարող է Ռուսաստանին հեռացնել բանակցությունների սեղանից»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը գրեթե ոչինչ չի անում Իրանին աջակցելու համար, թեև նման հնարավորություն ունի։ Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ այդ իրավիճակը պահպանվի։
ԱՄՆ նախագահը հերթական անգամ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների համար։ Թրամփի պնդմամբ՝ Զելենսկին շարունակում է այդ հարձակումները՝ գիտակցելով, որ դրանք լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկային, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը ցածր գներով համաշխարհային շուկա է մատակարարում միլիոնավոր բարել դիզելային վառելիք, սակայն Զելենսկին անտեսում է այդ հանգամանքը։
ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Զելենսկուն պատերազմը դադարեցնելու ցանկություն չունենալու մեջ։ Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահը, ստանալով եվրոպական ֆինանսական աջակցությունն ու ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի տրամադրած միջոցները, չի ցանկանում ավարտել պատերազմը և, հավանաբար, երբեք էլ նման մտադրություն չի ունեցել։
«Երկու տարի առաջ նա կարող էր շատ ավելի շահավետ համաձայնագիր կնքել, քան հիմա»,- հայտարարել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր Ռուսաստանի դեմ չկիրառել «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով նախատեսված սահմանափակող միջոցների մեծ մասը։ Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ն 100% մաքսատուրք չի սահմանի ռուսական նավթի և գազի խոշորագույն ներկրողների նկատմամբ, ինչպես նաև 500% մաքսատուրք՝ ռուսական ապրանքների ներմուծման համար։
Նախատեսված պատժամիջոցների կիրառումը կասեցվում է անորոշ ժամկետով՝ մինչև ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի կողմից այլ որոշման ընդունումը։
Միևնույն ժամանակ, Թրամփի հրամանագրում հատուկ ընդգծվում էր, որ Ռուսաստանի նկատմամբ նախկինում սահմանված մյուս բոլոր պատժամիջոցները շարունակում են գործել։
Լուսանկարը՝ Jim Watson/AFP via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել