Մեհրդադ Քեթաբչին կդառնա Իրանի պաշտպանության նոր նախարար
Իրանի խորհրդարանն այդ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Հոկտեմբերի 18-ին խորհրդարանի նիստում Քեթաբչիի թեկնածությանը կողմ է քվեարկել 237, դեմ՝ 15 պատգամավոր։ Քվեարկությունից առաջ նա հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարձակման դեպքում Թեհրանի պատասխանը լինելու է լայնածավալ և անսպասելի։ Պաշտպանության նոր նախարարը նաև առաջնահերթություն է համարել ռազմական արտադրության ընդլայնումն ու պաշտպանական տեխնոլոգիաների զարգացումը։
Բրիգադի գեներալ Քեթաբչին նախկինում ղեկավարել է Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպությունը։ Հոկտեմբերի սկզբին նրա թեկնածությունը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Պաշտպանության նոր նախարարի նշանակմամբ ավարտվել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի փոփոխության մի քանի ամիս տևած գործընթացը։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ազիզ Նասիրզադեն զոհվել էր այս տարվա փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո իրականացված հարվածների հետևանքով։ Մարտի 1-ին Նասիրզադեի մահը հաստատել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Մարտի 2-ից Իրանի պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր նախարարի նախկին տեղակալ, գեներալ Մաջիդ իբն ալ Ռեզան։
Մեհրդադ Ախլաղի Քեթաբչին պատասխանատու կլինի Իրանի պաշտպանական ոլորտի կառավարման, ինչպես նաև երկրի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման և մատակարարումների կազմակերպման համար։
Դեռևս 2007 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Քեթաբչիի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել՝ Իրանի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ առնչություն ունենալու պատճառով։
2020 թվականին նրա նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նաև ԱՄՆ-ն՝ Իրանի սպառազինության ոլորտում գործունեության հետ ենթադրյալ կապերի համար։ 2023 թվականին պատժամիջոցներին միացել էր Մեծ Բրիտանիան՝ Քեթաբչիի՝ Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերին ենթադրյալ մասնակցության հիմքով։
Լուսանկարը՝ IRNA գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել