Անկարգություններ Ֆրանսիայում. ՆԳ նախարարը հրաժարական է տվել, Մակրոնը չի ընդունել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հրաժարականը։ Փոխարենը նա նախարարին հանձնարարել է վերանայել զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած միջոցներն ու գործողությունների մեթոդները։ Այդ մասին հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Ստեղծված իրավիճակում իրավապահ մարմինների նկատմամբ շարունակական վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախագահը հրաժարվել է ընդունել պարոն Նունյեսի հրաժարականը»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Մակրոնը ներքին գործերի նախարարին հանձնարարել է նաև ծառայողական ուսումնասիրություն անցկացնել հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ և պարզել, թե ինչ թերացումների հետևանքով իշխանությունները չեն կարողացել ժամանակին գնահատել սպառնալիքներն ու կանխել բողոքի ցույցերի վերաճումը բռնություններով ուղեկցվող անկարգությունների։
Նախօրեին Ֆրանսիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեն պահանջել էր Լորան Նունյեսի հրաժարականը՝ բողոքի ցույցերի ժամանակ իրավապահների գործողությունները որակելով «լիակատար ձախողում»։
Տոնդելիեն նախարարին մեղադրել էր նաև նրանում, որ ոստիկանությունը չի կարողացել ապահովել մի շարք քաղաքների անվտանգությունը՝ դրանք փաստացի թողնելով անկարգություններ իրականացնողների վերահսկողության տակ։ Միաժամանակ, նրա խոսքով, իրավապահները խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ուժի կիրառման այլ միջոցներ։
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակցել է ավելի քան 800 հազար մարդ։ Ցուցարարները, որոնց թվում եղել են տաքսու վարորդներ, բուժաշխատողներ, շինարարներ, հրշեջներ, օդաչուներ, պետական ծառայողներ և այլ ոլորտների աշխատակիցներ, բողոքել են կենսապահովման ծախսերի բարձրացման, վառելիքի թանկացման և պետական հատվածում առկա խնդիրների դեմ։
Բողոքի ակցիաներին զուգահեռ շարունակվել են նաև սեպտեմբերի 21-ին մեկնարկած դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների գործադուլները։
Փարիզում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, խանութների թալանով և հրկիզումներով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ։ Բախումների հետևանքով տուժել է նաև ավելի քան 1000 ոստիկան։
Հոկտեմբերի 18-ի երեկոյան Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է Ֆրանսիայի քաղաքացիներին՝ դատապարտելով բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները։
«Մենք բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «ավերածությունները կարծիք արտահայտելու միջոց չեն»։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «ցուցարարների ձայնը պետք է լսելի լինի»։
Չնայած քաղաքական որոշ գործիչների հորդորներին՝ Մակրոնը որոշել է երկրում արտակարգ դրություն չհայտարարել։
Փոխարենը նա հայտարարել է, որ դեպարտամենտների պրեֆեկտները (ֆրանսիական կառավարության ներկայացուցիչը տվյալ դեպարտամենտում՝ խմբ.) կարող են արգելել բողոքի ակցիաների անցկացումը, եթե դա անհրաժեշտ է պետական շենքերի և տեղական ձեռնարկությունների անվտանգությունն ապահովելու համար։
Լուսանկարը՝ Christophe Aarchambault/AFP via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել