Կանխվել է դեպի ԱՄՆ խոշոր չափերի ծխախոտի մաքսանենգությունը․ 37,900 տուփ ծխախոտ՝ լամինատե դռների մեջ
Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում կանխել են Հայաստանից դեպի ԱՄՆ խոշոր չափերի ծխախոտային արտադրանքի ապօրինի տեղափոխման փորձը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով ԱՄՆ արտահանել չհայտարարագրված ծխախոտ։
Ստացված տեղեկությունների իրացման արդյունքում հատուկ հսկողություն է սահմանվել տվյալ ընկերության կողմից արտահանվող բեռների նկատմամբ։ Մաքսային զննման են ենթարկվել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները, որոնց քաշը երկու անգամ գերազանցել է սովորական լամինատե դռների քաշը:
Դռների կազմաքանդման արդյունքում դրանց ներսում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37 900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի, տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։
Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Պետական եկամուտների կոմիտեն մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելու փորձերից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել