HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմություն, որը տեքստի մասին չէ. հարցազրույց լեհ պետմաբան Էվա Դոմանսկայի հետ

Ո՞ր իրավունքներն են պահպանվում (կամ առհասարակ պահպանվո՞ւմ են) մահվանից հետո, և ի՞նչ էթիկական պատասխանատվություն ունեն ողջերը մարդկային աճյունների հանդեպ։ Կարո՞ղ են արդյոք մարդկային աճյունները համարվել ժառանգություն։ Հայտնի լեհ պատմաբան և պատմության տեսաբան Էվա Դոմանսկան ուսումնասիրում է այս և հարակից այլ հարցեր։  

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսոր, Ստենֆորդի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր (2002-2025 թթ․) Էվա Դոմանսկան այժմ Լեհաստանում է, որտեղ այս կիսամյակ վարում է հինգ դասընթաց, մասնակցում գիտական համաժողովների և շարունակում իր հետազոտությունները։ Իսկ սեպտեմբերի 24-ից 26-ը նա որպես գլխավոր բանախոս մասնակցում էր «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ)․ ժառանգություն, հիշողություն և պատմություն» միջազգային համաժողովին, ոը կազմակերպել էր ԵՊՀ Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիան։ «Մահվան ժառանգություն» (Necroheritage) խորագրով զեկուցմամբ Էվա Դոմանսկան ներկայացրեց մարդկային աճյուններին որպես մշակութային-բնական ժառանգության յուրահատուկ ձևի վերաբերվելու իր մոտեցումը։ Անդրադարձավ դրանց գոյաբանական և էթիկական կարգավիճակին, ինչպես նաև հումանիտար և հասարակագիտական ժամանակակից քննարկումներում դրանց ունեցած նշանակությանը։ 

Էվա Դոմանսկայի հետ զրուցել ենք նրա հետազոտությունների և գաղափարների, ինչպես նաև այն մասին, թե ինչ էր նա փնտրում և ինչ տեսավ Հայաստանում։

— Որքա՞ն ժամանակ է անցել այն պահից, երբ սկսեցիք ուսումնասիրել Ձեր բարդ թեմաները։ Հիշում եմ՝ գիտաժողովի Ձեր բանախոսության ընթացքում ասացիք, որ եղել է մի պահ, երբ պատումներից շրջվեցիք դեպի կյանքի ռեալիզմը։ Ե՞րբ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ, և արդյո՞ք դրա հետևում կար անձնական որևէ շարժառիթ: 

— Իմ առաջին բեկումնային փորձառությունը 2000 թվականին էր Արգենտինայում, որտեղ առաջին անգամ առերեսվեցի այսպես կոչված «Կեղտոտ պատերազմի» պատմության հետ։ Ես զրուցեցի անհետ կորածների մայրերի հետ և այցելեցի վայրեր, որտեղ մարդկանց պահել ու խոշտանգել էին։ Սակայն ամենաբեկումնային պահը 2001 թվականի փետրվարին էր՝ Ստենֆորդի համալսարանի հնագիտության ուսանողների կազմակերպած համաժողովի ժամանակ։ Իմ ելույթը վերաբերում էր հնագիտությանը և նյութական մշակույթին՝ տեքստային դիտանկյունից։ Մասնակիցներից մեկը Գուստավո Պոլիտիսն էր՝ հնագետ Արգենտինայից։ Նա մարտահրավեր նետեց իմ մոտեցմանը՝ ասելով մոտավորապես հետևյալը․ «Գիտե՞ս ինչ, վերադարձի՛ր Արգենտինա։ Ես քեզ կտանեմ զանգվածային գերեզմանների պեղումների, որպեսզի տեսնես, թե ինչ է իրականում հնագիտությունը։ Այն տեքստերի մասին չէ»։ Որոշ իմաստով Գուստավոն փոխեց իմ մտավոր կյանքը, որովհետև այս հանդիպումն ինձ ստիպեց առերեսվել զանգվածային գերեզմանների և մարդկային աճյունների նյութական իրականության հետ։ Այստեղ ի հայտ էր գալիս անցյալի դաժան իրականությունը՝ մի կողմից զոհականության ու ազգային մարտիրոսության ամբողջ պաթոսով, մյուս կողմից՝ մարդկային աճյունների կենսաբանական, նյութական իրականությամբ։ Սա շրջադարձային պահ էր իմ մտածողության մեջ, երբ ես սկսեցի իմ հետազոտական ուշադրությունը տեքստայնությունից տեղափոխել դեպի անցյալի «նյութականություն»։ 

Գիտեք, իմ հետազոտությունների սկզբում ես ոչ մի երկմտանք չունեի արտաշիրիմումների վերաբերյալ։ Ինձ համար ակնհայտ էր, որ զոհերը պետք է արտաշիրիմվեն, որովհետև նրանց աճյունները դատարանում հանցագործության իրեղեն ապացույցն են: Արտաշիրիմումը կարևոր է նաև ընտանիքի անդամների համար՝ պատշաճ հուղարկավորության և սգո, ինչպես նաև իրավական նպատակների համար, որովհետև, օրինակ, այն կանայք, ովքեր չունեն իրենց ամուսինների մահվան վկայականները, կարող են զրկվել պետական աջակցության որոշակի ձևերից։ Մյուս կողմից, արտաշիրիմումները համաշխարհային խնդիր են, որովհետև զանգվածային սպանությունները, ջարդերն ու ցեղասպանությունները համաշխարհային երևույթներ են։ Եվ ես սկսեցի ավելի խորը փորփրել այս թեման ու բացահայտեցի նաև հարցի այլ կողմեր։

Օրինակ, երբ ուսումնասիրում էի Կատինի կոտորածը՝ 1940 թվականին խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից շուրջ 22,000 լեհ սպաների և այլ լեհ քաղաքացիների գնդակահարությունը, սկսեցի այլ հարցեր տալ։ Որոշ գերեզմաններ պեղվել էին մի քանի անգամ․ նախ՝ գերմանական օկուպացիայի ժամանակ՝ Լեհական Կարմիր խաչի մասնակցությամբ, ապա՝ խորհրդային իշխանությունների կողմից, իսկ ավելի ուշ՝ լեհական քննությունների շրջանակներում։ Այս արտաշիրիմումները տեղի էին ունեցել շատ տարբեր քաղաքական հանգամանքներում։ Գերմանացիները բացահայտումն օգտագործում էին քարոզչության համար, մինչդեռ խորհրդային իշխանությունները փորձում էին թաքցնել կոտորածի համար իրենց պատասխանատվությունը։ Լեհական քննությունները ձգտում էին հաստատել ճշմարտությունը և նույնականացնել զոհերին։ 

Ինձ մտահոգողն այն էր, թե ինչպես կարող են մարդկային աճյունները դառնալ քաղաքական պայքարի գործիք։ Եվ դա ինձ իսկապես հանգիստ չէր տալիս, որովհետև կարող եք վստահ լինել՝ քաղաքական համակարգը կփոխվի, և ինչ-որ մեկը կցանկանա նորից հետազոտել գերեզմաններն ու ապացուցել, որ հանցագործությունը մեկ ուրիշն է կատարել։ Այնպես որ, մարդկային աճյունների այս գործիքային օգտագործումը մի բան էր, որն ինձ խիստ մտահոգում էր։ 

Բացի այդ, այժմ շատ տարածված է պատմական խնդիրների նկատմամբ միջավայրային մոտեցումը։ Եթե գերեզմանին նայում եք էկոլոգիական տեսանկյունից, տեսնում եք, որ քայքայվող մարմինն արդեն դարձել է գերեզմանի կամ զանգվածային գերեզմանի էկոհամակարգի մաս, և հասկանում եք, որ երբեք չեք կարող գերեզմանից ամբողջությամբ վերականգնել մարդկային բոլոր աճյունները, որովհետև տեղի է ունենում քայքայման գործընթաց։ Այնպես որ, սա հարց է ինչպես էկոլոգիական, այնպես էլ կրոնական տեսանկյունից։ Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու կարող եք ասել, որ երկակի վերաբերմունք ունեք զանգվածային գերեզմանների պեղումների նկատմամբ, որոնք (և ահա թե ինչու եմ խոսում սրա մասին) պետականորեն հովանավորվող բռնության, ցեղասպանության և զանգվածային սպանությունների հետևանք են։ 

—Էվա, ստացվում է՝ քաղաքականությունը կարող է վերջ դնել ցանկացած այլընտրանքային տեսլականի։ Մենք կարող ենք երևակայել բաներ արվեստում, գրականության, գիտության մեջ, բայց քաղաքականությունը կարող է լռեցնել այդ ամենը։ Ինչպիսի՞ն են այս բևեռների հարաբերությունները, արդյոք հնարավո՞ր է դրանց միջև երկխոսություն ստեղծել։ Եվ արդյո՞ք հնարավոր է Ձեր նշած հարցերի քաղաքական լուծումը:

— Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում իրավիճակն այժմ շատ բարդ է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով, և, ինչպես նշել է մեր վարչապետ Դոնալդ Տուսկը, մենք ապրում ենք «նախապատերազմյան դարաշրջանում»։ Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, որովհետև ինչ-որ կերպ սահմանում է նոր ժամանակագրական շրջան․ մենք ապրում ենք ոչ թե հետպատերազմյան, այլ նախապատերազմյան ժամանակներում։ Այնպես որ, հիմա հարցն այն է․․․

— «Վախճանի մարգարեություն» չէ՞։ 

— Դե, և՛ այո, և՛ ոչ, բայց մենք մտահոգվելու պատճառներ ունենք, այնպես չէ՞։ Ես չեմ կարծում, թե սա այն դեպքն է, երբ իշխող պետական ապարատը ցանկանում է վախ ներշնչել հասարակությանը՝ մանիպուլացնելու և վերահսկելու նպատակով։ Կարծում եմ՝ սա իրական սպառնալիք է, և որպես պատմաբաններ՝ մենք գիտենք պատմությունը, գիտենք, թե այն ուր կարող է հասցնել։ Բարեբախտաբար, հույս ունենք, որ պատմությունը բազմանպատակ (multiteleological) է, և որ մենք դեռ որոշակի ազդեցություն ունենք այն ամենի վրա, ինչ կարող է տեղի ունենալ։ Սա մեկ այլ հետաքրքիր դրվագ է, բայց վերադառնանք հիմնական հարցին։ Կարծում եմ, որ սպառնալիքի տակ գտնվող այս երկրներում հումանիտար գիտությունների հիմնական խնդիրն է պարզել, թե արդյոք կարող ենք օգնել հասարակությանը դառնալ ավելի դիմակայուն և ունակ ստեղծագործաբար հարմարվելու այն բարդ պայմաններին, որոնք կարող են վրա հասնել, և որոնք արդեն իսկ առկա են Ուկրաինայում։ Օրինակ՝ այնտեղ հնչում են օդային տագնապի ազդանշաններ, և մարդիկ ստիպված են գնալ ապաստարաններ։ Նրանք պետք է պատրաստվեն էլեկտրաէներգիայի և ջրի բացակայությանը։ Այնպես որ, իմ մյուս նախագիծը, որը վերաբերում է կանխատեսական պատմությանը (anticipatory history), հետևյալ հարցն է բարձրացնում․ ինչպե՞ս կարող է պատմությունը մեզ նախապատրաստել մի ապագայի, որտեղ մենք ստիպված կլինենք առերեսվել էներգետիկ պաշարների ու ջրի պակասի, ինչպես նաև կիբեռհարձակումների սպառնալիքի հետ, որոնք արդեն իսկ մեր իրականության մասն են։ Որոշ գիտնականներ կասեին, որ մենք արդեն իսկ պատերազմի մեջ ենք, պարզապես սա պատերազմ չէ, որը ներառում է ուղղակի բռնություն։ Կան պատմական նախատիպեր, թե ինչպես են անցյալում տարբեր համայնքներ կարողացել հաղթահարել զանանզան խնդիրներ՝ հրդեհներ, ջրհեղեղներ, գետերի հորդացումներ, ներխուժումներ․․․ Համայնքները երբեմն ինքնակազմակերպվում են։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհական ընդհատակյա պետությունն ուներ շատ ընդարձակ կրթական համակարգ, որն իսկապես շատ լավ էր կառուցված։ Պատերազմի բոլոր տարիներին մենք ունեցել ենք ընդհատակյա պետություն։ Oգտակար է մտածել, որ մենք կարող ենք նման մի բան կազմակերպել, այնպես չէ՞․․․

Իսկ քաղաքականության հարցը շատ բարդ է։ Օրինակ, երբ վերադառնում ենք արտաշիրիմման խնդրին, ակնհայտ է, որ իրավասու մարմինները կարող են արտաշիրիմումներ պատվիրել քրեական հետաքննությունների կամ օրենքով սահմանված այլ նպատակների համար, երբեմն նույնիսկ ընտանիքների ցանկությանը հակառակ։ Բայց նման որոշումները կարող են նաև մեծապես ենթարկվել քաղաքական նկատառումների ազդեցությանը, նույնիսկ ընտանիքների կամքին հակառակ։ Ձեզ մի օրինակ բերեմ, որը նույնպես ինձ մտահոգող հարցերից է․ 2012 թվականից սկսած՝ Ազգային հիշողության ինստիտուտի կողմից Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանատան «Լոնչկա» (Łączka) հատվածում իրականացվեցին կոմունիստական ռեժիմի զոհերի լայնածավալ արտաշիրիմումներ։ Խնդիրն այն է, որ 1940-ականների վերջին և 1950-ականներին այնտեղ թաղված կոմունիստական բռնաճնշումների զոհերը հանգչում էին ավելի ուշ շրջանի գերեզմանների տակ։ Ուստի այս ավելի վաղ աճյունները արտաշիրիմելու համար իշխանությունները ստիպված էին տեղափոխել 1980-ականներին այնտեղ կառուցված գերեզմանները։ Անշուշտ, դիմել էին ընտանիքներին և խնդրել նրանց համաձայնությունը։ Շատ ընտանիքներ համաձայնել էին, բայց որոշ ընտանիքներ՝ ոչ։ Օրենքը, այնուամենայնիվ, իշխանություններին թույլ էր տալիս ընթացք տալ գործընթացին նույնիսկ առանց ընտանիքների համաձայնության։ Եվ հենց դա է ինձ մտահոգում՝ արտաշիրիմումների էթիկական հետևանքները, երբ որոշ զոհերի որոնումը պահանջում է խախտել այլոց գերեզմանների հանգիստը։ 

Ուստի ես հասկանում եմ, որ որոշ ընտանիքների համար կարող է իսկապես տրավմատիկ լինել իմացությունը, որ իրենց ընտանիքի անդամներն արտաշիրիմվում են և տեղափոխվում մեկ այլ վայր՝ պատշաճ հարգանքով հանդերձ։ Բայց, միևնույն է, սա տեղի է ունենում, որովհետև նրանց տակ կարող է մեկ ուրիշը թաղված լինել։ Եվ սա արտասովոր իրավիճակ չէ՝ բնորոշ միայն Լեհաստանին։ Իրավիճակը նմանատիպ էր նաև Արգենտինայում, որտեղ «Կեղտոտ պատերազմի» զոհերը թաղված էին հանրային գերեզմանոցներում, երբեմն՝ որպես անհայտ անձինք։ Հետագա թաղումներն ու աճյունների տեղափոխումը կարող էին զգալիորեն դժվարացնել նրանց հայտնաբերումն ու նույնականացումը։ 

— Բայց հնարավո՞ր է արդյոք որևէ կերպ զսպել քաղաքական միջամտությունը՝ կասկածներ հայտնելու և այլընտրանքային հեռանկարներ փնտրելու միջոցով։ Արդյո՞ք սա իրատեսական է քաղաքական իմաստով, կարո՞ղ է սա առհասարակ դառնալ քաղաքական այլընտրանք։ Եվ արդյոք ընդհանրապես արժե՞ տալ այս հարցը։  

— Դե, կարծում եմ՝ հումանիտար գիտությունները հենց դրա համար են` երևույթները հարցականի տակ դնելու և խրախուսելու քննադատական մտածողությունը, որն էլ պատմական մտածողության հիմքն է։ Արվեստի պատմության և մշակութային ուսումնասիրությունների համար ևս քննադատական մտածողությունը էական է։ Բայց այժմ, հաշվի առնելով ժամանակակից խնդիրները, բավարար չէ լինել միայն քննադատ։ Սա հենց Ձեր բարձրացրած հարցն է, այնպես չէ՞։ Մենք պետք է մտածենք ինչպես որոշակի այլընտրանքային տեսլականներ առաջարկելու, այնպես էլ խնդիրների լուծման վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու մասին։ 

Հարցն այն է, թե ինչպես կարող են այս տեսլականներն ինստիտուցիոնալացվել, դրսևորվել կամ կյանքի կոչվել։ Եվ կարծում եմ, որ մենք չպետք է «ամբողջատիրական» մոտեցումներ ունենանք այս տեսլականներն առաջ մղելիս։ Ես ունեմ իրատեսական ուտոպիաների գաղափարը։ Օրինակ՝ ունեմ պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է գործի համալսարանը, ինչպես պետք է վերաբերվեմ իմ գործընկերներին և ուսանողներին, իսկ գործընկերներս և ուսանողներս՝ ինձ, կամ թե ինչպես կարող եմ նպաստել, օրինակ, իմ թաղամասի կառուցմանը։ Այս ամենը շատ սահմանափակ է, և այդուամենայնիվ, ես գիտեմ, որ որոշակի ազդեցություն ունեմ դրա վրա։ Խոսքը նրա մասին չէ, թե ես ունեմ լիակատար գործորդություն։ Բայց եթե դուք ազդեցիկ մարդ եք, որովհետև դեկան եք, ռեկտոր կամ հարգված տարեց անձնավորություն (գուցե նաև աստղ, արվեստագետ, երգիչ, դերասան), դուք կարող եք ունենալ գործորդություն և ազդել որոշակի որոշումների ու գործողությունների վրա։ Եվ եu կմնայի դրա շրջանակում։ Ես չէի ասի, թե մենք պետք է փոխենք քաղաքական համակարգը, որովհետև դա չափազանց հավակնոտ է, այնպես չէ՞։ Չափազանց հավակնոտ։ Բայց, գիտեք, քայլ առ քայլ, ձեր վարքագծում և գործողություններում հետևողական լինելով՝ դուք կարող եք փոփոխություն բերել։ Դա նման է հին ասացվածքին, որ կաթիլ առ կաթիլ ջուրը ծակում է քարը։ Այնպես որ, ես շատ համեստ եմ, բայց նաև շատ հետևողական։

Անշուշտ, սա մի տեսլական է, որն ավելի իրատեսական է ժողովրդավարական երկրներում, որովհետև եթե ունեք ոչ ժողովրդավարական համակարգ, դա շատ ավելի բարդ է։ Բայց, միևնույն է, հնարավոր է։

Իմ գործընկեր Վերոնիկա Տոցին այն կարծիքին է, որ Լատինական Ամերիկայում բոլոր գիտնականներն ակտիվիստներ են։ Բոլոր հումանիտար գիտությունները հանձնառու հումանիտար գիտություններ են, և այս մարդիկ մշտապես բողոքի ձայն են բարձրացնում սոցիալական, ֆինանսական և քաղաքական խնդիրների դեմ։ Այնպես որ, սա մշտական գործընթաց է։ Նրանք շատ ներգրավված են, ճիշտ ինչպես մարդիկ, օրինակ, «Սոլիդարնոշչ» (Համերաշխություն) շարժման ժամանակ Լեհաստանում։ 

Ես կասեի, որ ամբողջովին կողմնակից եմ ներգրավված, հանձնառու հումանիտար գիտություններին և ինքս էլ դրանց մասն եմ կազմում։ Մյուս կողմից, ես նկատել եմ, որ հումանիտար գիտությունները չեն կարող դիտարկվել լոկ որպես աշխարհը փոխելու գործիք։ Դուք ունեք արվեստի պատմություն, փիլիսոփայություն և պատմագիտություն, որոնք կարող են զարգացվել հենց հանուն գիտելիքի կամ գեղագիտական նկատառումներով։ Երբեմն փիլիսոփայությունը կարիք չունի գործնական նպատակ ունենալու։ Այնպես չէ՞։  

— Իսկ ինչպե՞ս կարող է այս դիտանկյունը ձևափոխել պատմագրական հեռանկարը։ Պատմությունը գրելու ի՞նչ նոր հեռանկար է առաջարկում Ձեր մոտեցումը: 

— Կարծում եմ՝ այժմ ամենահետաքրքիր միտումներից մեկը վերաբերում է գիտելիքի արտադրության իմացաբանական իշխանության հարցին, որովհետև մենք սովոր էինք մտածել, որ միայն մարդ արարածը կարող է գիտելիք արտադրել, այնպես չէ՞։ Դե, երևում է, որ մենք միակը չենք․․․ Մեկ այլ կարևոր հարց է անդրգիտակարգայնությունը։ Մենք սովոր էինք պատմությանը նայել որպես միջգիտակարգային ոլորտի։ Այո՛, ակնհայտ է, որ պետք է համագործակցել հնագետների, մարդաբանների, արվեստաբանների, մշակութային ուսումնասիրությունների ոլորտի ներկայացուցիչների հետ․․․ Մինչդեռ հիմա, եթե ցանկանում եք զբաղվել միջավայրային (environmental) պատմությամբ, ստիպված եք զրուցել կլիմայի փոփոխության և աշխարհագրության ոլորտների մասնագետների հետ։ Եթե ցանկանում եք առնչվել կենդանիների պատմության հետ, լավ կլինի ունենալ որևէ մեկին, ով մասնագիտացած է էթոլոգիայի՝ կենդանիների վարքագծի կամ կենդանիների հոգեբանության մեջ։ 

Այսօր վերարտադրողական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընտրելու ապագա երեխայի որոշակի հատկանիշներ։ Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես են ծնողներն ասում․ «Ես ուզում եմ տղա ունենալ։ Ուզում եմ, որ տղան ունենա կապույտ աչքեր։ Ուզում եմ, որ տղան լինի շիկահեր»։ Ընտրության որոշ ձևեր արդեն իսկ տեխնիկապես հնարավոր են, մինչդեռ մյուսները մնում են խիստ անորոշ կամ վիճահարույց։ Ուստի վերարտադրության և այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի խնդիրը նույնպես պետք է մտահոգի պատմաբաններին, որոնք առնչվում են այն հարցի հետ, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Ո՞վ է մարդ։ Ո՞վ մարդ չէ։ Մարդկային գեների քանի՞ տոկոս պետք է ունենաս, որպեսզի համարվես մարդ։ Կարո՞ղ ենք արդյոք սահմանել, թե ինչ է նշանակում լինել մարդ՝ պարզապես հղում անելով գենետիկական նյութին։ Ի՞նչ է պատահում մարդու մասին մեր ընկալման հետ, երբ մարդկային և ոչ մարդկային կենսաբանական նյութերի միջև սահմանները դառնում են ավելի ու ավելի բարդ։ Եթե ձեզ փոխպատվաստել են խոզի սիրտ, սիրտ, որը մարդկային չէ, բայց համարվում է մարդկային զգացմունքների կենտրոնը, արդյո՞ք դուք մարդ եք։ Թե՞ ոչ լիովին։ 

էլ չեմ խոսում ռազմական պատմության և կիբօրգ զինվորների մասին, որոնք արդեն իսկ օգտագործում են էկզոկմախքներ (արտաքին կմախքներ)՝ լրացուցիչ ուժ ստանալու և ավելի ծանր բեռներ կրելու համար։ Եվ ես հարցնում եմ ռազմական պատմությամբ զբաղվող իմ գործընկերներին․ «Ինչո՞ւ դուք հետաքրքրված չեք դրանով»։ Սա այն է, ինչ մեր աչքի առջև է։ Ես հասկանում եմ, որ 16-րդ դարի ճակատամարտը շատ, շատ կարևոր է։ Բայց ես նաև ուզում եմ տեսնել պատերազմի այս նոր դեմքը՝ անօդաչու թռչող սարքերը։ Որոշ այդպիսի սարքերի մարդ-օպերատորներ պետք չեն՝ որոշակի թիրախների վրա ուղղորդվելու համար։ Այստեղ մենք ունենք ոչ մարդկային գործորդ, որը կարող է վնասել հարյուրավոր մարդկանց։ Սա նույնը չէ, ինչ Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետելը, երբ մարդ-օդաչուներն իրականացրին առաքելությունը և հետագայում կարող էին մտորել դրա բարոյական հետևանքների շուրջ։ Ինքնակառավարվող զենքերի պարագայում մարդկային գործոնի, որոշումների կայացման և պատասխանատվության միջև փոխհարաբերությունը դառնում է շատ ավելի բարդ։ Մարդ արարածը կարող է որոշել կիրառել զենքը, մինչդեռ ինքնավար համակարգը կարող է իրականացնել որոշակի գործառույթներ՝ առանց մարդու հետագա միջամտության։ Ուրեմն ո՞վ է պատասխանատու հետևանքների համար։ 

Ինչևէ, Դուք ինձ հարցրիք իմ նախագծի մասին և այն մասին, թե ինչպես այն կարող է նպաստել այս նոր միտումներին։ Այո՛, դատական փորձագիտությունը (և դատափորձագիտական փիլիսոփայությունը) շատ կարևոր է, և այն առնչվում է այն հարցին, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Եվ իմ հարցն է՝ երբ մարդկային մարմինը քայքայվում է, ո՞ր պահից մենք այլևս մարդ չենք։ Արդյո՞ք այն պահից, երբ վերածվում ենք մոխրի, թե՞ այն ժամանակ, երբ օրգանական նյութը քայքայվել է այն աստիճանի, որ նույնիսկ ամենաբարձր տեխնոլոգիական լաբորատորիան չի կարող նույնականացնել այն որպես մարդկային։ Այն կարող է ասել միայն, որ դա օրգանական նյութ է։ 

Փիլիսոփայությունն այստեղ անհրաժեշտ է, որովհետև եթե կարդաս երկխոսության փիլիսոփայությունը՝ Էմանուել Լևինաս, Մարտին Բուբեր, այն ամբողջությամբ դեմքի մասին է։ Այսպիսով, արդյո՞ք սա այն դեպքն է, երբ կարելի է հեշտությամբ ճանաչել մահացած մարմինը որպես մարդ՝ դեմքի շնորհիվ, նույնիսկ եթե դեմքը չունի ոչ մի արտահայտություն։ Լևինասը շեշտում է դեմքի էթիկական նշանակությունը, որը չի կարող պարզապես հանգեցվել դրա ֆիզիկական տեսքին։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք առերեսվում ենք մահացած մարմնի դեմքին։ Արդյո՞ք այն դեռևս նույն էթիկական պահանջն է ներկայացնում մեզ։ Սա է խնդիրը, այնպես չէ՞։ 

Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, հատկապես այն պատճառով, որ մարդկային աճյունները կարող են օգտագործվել բազմաթիվ տարբեր նպատակներով։ Դասախոսության ընթացքում ես նշեցի գենետիկական գաղտնիության պահպանման խնդիրը։ Մենք չգիտենք, թե ինչպես կարող են գերեզմանոցներն օգտագործվել ապագայում, այնպես չէ՞։ Դրանք իսկապես մարդկային ԴՆԹ-ի արխիվներ են, որոնք պարունակում են գենետիկական տեղեկատվություն, որը կարող է առնչվել ոչ միայն հանգուցյալին, այլև նրա ժառանգներին։ 

Որոշ երկրներում գերեզմանատների ղեկավարությունները փնտրում են քայքայումն արագացնելու կամ թաղման տարածքները վերաօգտագործելու եղանակներ։ Սա լրացուցիչ էթիկական և էկոլոգիական հարցեր է բարձրացնում, այնպես չէ՞։ Կամ կարող ես հարցնել․ գուցե լավագույն միջոցը բնապահպանական տեսանկյունից ավելի կայուն հուղարկավորման պրակտիկաների ընտրությունն է, ինչպիսիք են բնական կամ «կանաչ» թաղումները, երբ մարմնին թույլ են տալիս քայքայվել հողում՝ առանց քիմիական պահպանական միջոցների։ Կամ գուցե դիակիզումը և մոխրի ցրումը, թեև դիակիզումն ունի իր սեփական էկոլոգիական գինը։ Եվ դուք կարող եք ունենալ հուշահամալիր - այգիներ՝ անուններ կրող հուշատախտակներ փակցնելով ծառերին, կամ առհասարակ առանց անունների։

  • Արդյո՞ք այս մոտեցման մեջ կրոնը դեռևս տեղ ունի։

— Գերմանիայում, օրինակ, կարելի է ունենալ էկոլոգիական գերեզմանոցներ՝ ամբողջական ծիսակարգերով։ Քահանան կամ պաստորը կարող է գալ և անցկացնել բոլոր աղոթքները։ Դա խնդիր չէ։ Հարցն այն է, թե արդյոք դուք էկոլոգիապես գիտակից եք։ Բացի այդ, Լեհաստանում, օրինակ, թաղման մշակույթը շատ, շատ կարևոր է․․․

  • Հայաստանում նույնպես։

— Այո՛, որովհետև մենք քրիստոնյա ենք։ Եվ ինչպես գիտենք, դիակիզումը երկար ժամանակ ընդունելի չէր։ Կաթոլիկ եկեղեցին մեղմացրեց դիակիզման վերաբերյալ իր սահմանափակումները 1963 թվականին, թեև այդ պրակտիկան ավելի լայն տարածում գտավ միայն աստիճանաբար։ Բայց, գիտեք, մենք առերեսվում ենք դրան։ Նույնիսկ քահանաները տեղական մակարդակում դառնում են էկոլոգիապես ավելի գիտակից։ Այսպես, օրինակ, քահանան կարող է ասել․ «Խնդրում եմ, պլաստիկ ծաղիկներ մի՛ բերեք կամ պլաստիկ մոմեր մի՛ օգտագործեք։ Պարզապես թարմ ծաղիկներ բերեք, որպեսզի դրանք բնականորեն քայքայվեն։ Մի՛ կառուցեք այս բոլոր հսկայական հուշարձանները․ պարզապես մի քար դրեք, մի փոքր քար»։    

Այնպես որ, իրավիճակը բարելավվում է նույնիսկ կաթոլիկական տեսանկյունից։ Պարտադիր չէ, որ սա նշանակի պակաս հավատացյալ դառնալ, թեև որոշ մարդկանց պարագայում դա ակնհայտորեն այդպես է։ Սա որևէ առնչություն չունի հավատքը կորցնելու կամ սրբապղծության հետ, ամենևին։ Ընդհակառակը, սա առնչվում է ավելի մեծ էկոլոգիական գիտակցության հետ։ Սա նաև համահունչ է էկոաստվածաբանության (ecotheology) զարգացող ոլորտին, որը շեշտում է մարդկանց հոգևոր և էթիկական պատասխանատվությունը՝ հոգ տանելու բնական աշխարհի նկատմամբ, ներառյալ մահվան և թաղման էկոլոգիական չափումները։

— Շատ հետաքրքիր է, Էվա․․․ Եվ, թերևս, վերջին հարցս․ ի՞նչ էիք ակնկալում տեսնել Հայաստանում, և ի՞նչ տեսաք: 

— Գիտեք, սա իմ առաջին այցն է Հայաստան, և երկիրն ինձ պարզապես հմայել է։ Ես այս վայրը համարում եմ շատ հյուրընկալ և հաճելի։ Եվ հասկանում եմ, որ ցեղասպանությունը տրավմատիկ է ինչպես վայրերի, այնպես էլ մարդկանց համար (ես չեմ խոսում միայն հենց այն վայրերի մասին, որտեղ տեղի է ունեցել բռնությունը)։ Բայց վայրերն ունեն, ոչ այնքան ռացիոնալ եզրով ասած, որոշակի աուրա, լավ աուրա։ Այնպես որ, երբ տեղի են ունենում զանգվածային սպանություններ, դրանք կարող են տևական բեռ թողնել վայրերի վրա, այնպես չէ՞։ Եվ անհրաժեշտ են լինում գեղարվեստական պրակտիկաներ, կրոնական ծիսակարգեր, գրականություն, գիտություն և կրթական պրակտիկաներ՝ օգնելու համայնքներին առերեսվել այս տրավմատիկ անցյալի հետ և աստիճանաբար ձևափոխել իրենց հարաբերությունը այդ վայրերի հետ։ Եվ դա շատ, շատ բարդ է։ 

Սա նաև մի բան է, որին մենք առերեսվում ենք Լեհաստանում, որտեղ Նացիստական Գերմանիան իրականացրեց Հոլոքոստը, և որտեղ Լեհաստանի քաղաքացիներն ու բազմաթիվ այլ ազգությունների ներկայացուցիչներ հալածվեցին ու սպանվեցին նացիստական համակենտրոնացման և բնաջնջման ճամբարներում։ Գիտեք, դու կարող ես զգալ պատմության բեռն այս վայրերում, կարծես ինքնին տարածքը կրում է անցյալ դաժանությունների ծանրությունը․․․

— Դա ֆիզիկակա՞ն զգացողություն է, հոգևո՞ր զգացողություն է․․․

— Դա նաև հոգևոր զգացողություն է։ Երբ գնում ես Աուշվից, վայրն ինքը ծանր է թվում։ Անշուշտ, տեղանքը պատերազմից ի վեր փոփոխությունների է ենթարկվել, և լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են անհրաժեշտ եղել՝ պահպանելու այն, ինչ մնացել է։ Բայց ինքնին վայրը դեռևս կրում է այն ամենի բեռը, ինչ տեղի է ունեցել այնտեղ։ Դուք կարող եք զգալ պատմության ծանրությունը, նույնիսկ եթե ֆիզիկական միջավայրը փոխվել է։ 

— Հավատո՞ւմ եք, որ այն կարող է մաքրվել, այո՞։

—Հավատում եմ, որ դարերի ընթացքում մարդիկ սովորել են, թե ինչպես դա անել տարբեր պրակտիկաների միջոցով՝ գլխավորապես ծիսական և գեղարվեստական, բայց նաև գիտական։ Գերեզմանի արտաշիրիմումը թողնում է դատարկ գերեզման, որը խորհրդանշական պատճառներով կարող է ավելի վատ լինել, քան ոսկորները ներսում ունենալը՝ հատկապես քրիստոնեական երկրում։ Դատարկ գերեզմանն այս բոլոր խորհրդանշական իմաստները դարձնում է ավելի ազդեցիկ, այնպես չէ՞։ Այնպես որ, դուք կարող եք արտաշիրիմել աճյունները, բայց նրանց ներկայությունը դեռևս այնտեղ է, դատարկ գերեզմանը դեռևս այնտեղ է՝ ուրվականային ներկայությամբ, այնպես չէ՞։ 

Կարծում եմ՝ Լեհաստանի և Հայաստանի միջև շատ նմանություններ կան, մասամբ այն պատճառով, որ քրիստոնեությունը շատ կարևոր դեր է խաղացել երկու երկրների պատմության և մշակույթի մեջ։ Ես ինձ օտարված չեմ զգում ո՛չ այս վայրից, ո՛չ էլ մարդկանցից, որովհետև, նույնիսկ եթե սա շատ տարբեր մշակույթ է՝ տարբեր անցյալով, երկու երկրներում էլ ես կենտրոնանում եմ նրա վրա, ինչը միավորում է մարդկանց, այլ ոչ թե բաժանում։ Կարծում եմ՝ հենց այսպես արժե կառուցել ինքնությունը․ պահպանելով տարբերությունները, բայց նաև փնտրելով նմանություններ։

Առաջին բանը, որ ես արեցի, Հայոց ցեղասպանության թանգարան գնալն էր՝ ոչ միայն այն պատճառով, որ ես աշխատում եմ այս թեմայի շուրջ, այլև որովհետև ցանկանում էի տեսնել, զգալ, թե ինչպես է այս անցյալը ներկայացվում հանրությանը և միջազգային լսարանին։

Մեր համաժողովի ավարտին ունենք տեսարժան վայրերի այցելության ծրագիր՝ այցելություն վանական համալիր։ Սա մի բան է, որը ես նույնպես բարձր եմ գնահատում, որովհետև սա այլ տեսակի տարածք է։ Եվ, ինչպես ասացի, ես ոչինչ չունեմ այս տեսակի կրոնական կամ հոգևոր չափումը ակադեմիական ոլորտ բերելու դեմ՝ հատկապես «հետաշխարհիկ շրջադարձի» (postsecular turn) համատեքստում։ Մենք երբեք լիովին աշխարհիկացված չենք էլ եղել։ Կրոնական և հոգևոր չափումները միշտ էլ առկա են եղել հումանիտար գիտություններում, նույնիսկ եթե դրանք հաճախ մղվել են երկրորդ պլան կամ սահմանափակվել են հետազոտության որոշակի ոլորտներով։ 

Ուստի հարցն այն է, թե ինչպես ճանաչել և առնչվել այս չափումների հետ պատասխանատու և քննադատական եղանակով՝ առանց վտանգելու ակադեմիական ազատությունը կամ ակադեմիական հաստատությունների աշխարհիկ բնույթը։ Որովհետև, գիտեք, կրոնը նույնպես կարող է քաղաքականապես գործիքայնացվել, օրինակ՝ որոշ աջակողմյան կուսակցությունների կողմից, որոնք կողմնակից են կրոնապես սահմանված ակադեմիական մշակույթին վերադառնալուն։ Կարծում եմ՝ մենք պետք է տարբերակենք հոգևորությունը որպես մարդկային փորձառության կարևոր չափում ճանաչելը և թույլ տալը, որ կրոնական ուսմունքները պայմանավորեն ակադեմիական գիտելիքի կառուցումը։ Բայց կարծում եմ՝ այս տարածքը բաց է նաև այն մարդկանց համար, ովքեր զգում են, որ հումանիտար գիտությունները պետք է անդրադառնան հոգևոր և կրոնական չափումներին, հատկապես քրիստոնեության մեջ այդքան խորը արմատներ ունեցող երկրներում։ Հայաստանն առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, այնպես չէ՞։ Այնպես որ, սա շատ, շատ երկար պատմություն է և նաև շատ հարուստ ժառանգություն․․․ 

Կարծում եմ՝ աստվածաբանությունը պետք է դուրս բերվի իր ակադեմիական գետտոյից և ավելի ակտիվորեն ներգրավվի հումանիտար գիտությունների ներսում ընթացող միջառարկայական քննարկումներում։ Աստվածաբանությունն ունի հարուստ մտավոր ավանդույթ և կարող է նպաստել մարդկային բնույթի, էթիկայի, էկոլոգիայի և ապագայի վերաբերյալ ժամանակակից քննարկումներին։ Անշուշտ, սա չի նշանակում կրոնական դոգմաներին իշխանություն տալ ակադեմիական գիտելիքի նկատմամբ։ Սա նշանակում է աստվածաբանական հեռանկարներին լուրջ վերաբերվել որպես մտավոր ներդրման, որը բաց է քննադատության և գիտելիքի այլ ձևերի հետ երկխոսության համար։

— Շատ շնորհակալություն, սիրելի՛ Էվա․․․

Զրուցեց Մարիամ Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter