Տեղի ունեցավ ՏԿՆ կոլեգիայի հերթական նիստը
Այսօր տեղի ունեցավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նիստում ներկայացվեցին աղբահանության եւ նախադպրոցական հաստատությունների գործունեության մասով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքները:
Փոխվարչապետը հանձնարարեց լրամշակել կատարված ուսումնասիրությունները` առաջարկելով մանրամասն ներկայացնել համայնքներում աղբավայրերի շահագործման հետ կապված իրավիճակը, դրանց շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաեւ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ` բացահայտված խնդիրների կարգավորման վերաբերյալ: Նա առաջարկեց նաեւ հաշվի առնել խնդրի առնչությամբ վերջերս պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումները:
Նիստում ներկայացվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակի ընդհանուր բնութագրին առնչվող օրենսդրական դաշտի գնահատման եւ ուսումնասիրության արդյունքները: Նշվեց, որ գնահատումը կատարվել է պարտադիր, պատվիրակած, կամավոր լիազորությունների տարանջատման տեսանկյունից, հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը: Փոխվարչապետը հանձնարարեց լրամշակել նաեւ այս փաստաթուղթը` ներկայացնելով կոնկրետ առաջարկներ եւ միջոցառումների ծրագիր: Նա կոլեգիայի անդամներին եւս հորդորեց մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում Տարածքային կառավարման նախարարության կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկանքը: Նշվեց, որ աշխատանքներն սկսվել են իրականացվել դեռեւս 2010 թ.-ից: Մասնավորապես համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման գործընթացը հնարավորինս պատշաճ կազմակերպելու նպատակով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածից բխող համապատասխան պարտականությունները սահմանվել են համայնքային առանձին ծառայողների պաշտոնների անձնագրերով: Բոլոր մարզպետներին հանձնարարվել է բացահայտել ոլորտում առկա թերությունները եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ: «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման մեթոդական ուղեցույց»-ը հաստատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների կողմից մարզերում հրավիրվել են տարածաշրջանային խորհրդակցություններ, քննարկվել են գրանցամատյանների վարման գործընթացի վերաբերյալ ՏԻՄ-երի կողմից բարձրացված խնդիրները, տրվել են համապատասխան լուծումներ: Վերոնշյալ գործողությունների արդյունքում ներկայումս բոլոր համայնքներում ստեղծվել են զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններ, իսկ դրանց վարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մարզպետարանների կողմից:
Փոխվարչապետը հանձնարարեց, որպեսզի թե ՏԿ նախարարությունը, թե մարզպետարանները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտում կատարվող աշխատանքները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել