HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ուղիղ հասանելիություն ստանալ Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին (ՍԷԿՏ)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Հանձնաժողովին օգտվել համակարգի տվյալներից՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու, հնարավոր խախտումները բացահայտելու և բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով։

Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար հաճախ ստիպված է լինում գրավոր հարցումներ ուղարկել պետական մարմիններին, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Ըստ նախագծի՝ այս գործընթացը լրացուցիչ վարչական աշխատանք է պահանջում և կարող է դժվարացնել օրենքով սահմանված սեղմ ժամկետներում վարույթների իրականացումը։

ՍԷԿՏ համակարգի տվյալները Հանձնաժողովին անհրաժեշտ են, մասնավորապես, հայտարարագրերում նշված կամ չնշված ճանապարհորդությունների և անձի՝ Հայաստանից բացակայելու հանգամանքները պարզելու համար։ Օրինակ՝ եթե հայտարարագրի ստուգման ընթացքում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը տվյալ ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի տարածքում, սահմանային տվյալները կարող են օգնել ստուգել այդ հանգամանքը։

Համակարգի տվյալները կարևոր են նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք որևէ անձ պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ։

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամ է համարվում նաև պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող չափահաս անձը, եթե նա պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում առնվազն 183 օր բնակվել է նրա հետ։ Այս հանգամանքը պարզելը կարող է բարդանալ, եթե տվյալ անձը պնդում է, որ երկար ժամանակ բնակվել է Հայաստանից դուրս և փաստացի չի ապրել պաշտոնատար անձի հետ։

Ըստ հիմնավորումների՝ նման դեպքերում սահմանային տվյալներին ուղիղ հասանելիությունը թույլ կտա ավելի արագ պարզել անձի՝ երկրում գտնվելու հանգամանքները և գնահատել հայտարարագիր ներկայացնելու պարտականության առկայությունը։

Նույն տվյալները կարող են անհրաժեշտ լինել նաև պաշտոնատար անձանց բարեվարքության ուսումնասիրությունների ընթացքում։ Այդ ուսումնասիրությունները ներառում են նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների, այդ թվում՝ նրանց հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերի ուսումնասիրությունը։

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Ակնկալվում է, որ նոր կարգավորումը թույլ կտա Հանձնաժողովին ավելի արագ և արդյունավետ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter