HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն միանում է Արկտիկան ռազմականացնելու մրցավազքին

Այսօր Ստրասբուրգում Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Արկտիկայի վերաբերյալ իր թարմացված ռազմավարությունը։ Փաստաթղթում բևեռային տարածաշրջանը նկարագրվում է որպես Եվրոպայի Հյուսիսային հարևանություն։

Ըստ նոր ռազմավարության՝ ԵՄ-ն պլանավորում է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածել Արկտիկայի վրա սառցահատների, ստորջրյա մալուխների, արբանյակների և ենթակառուցվածք կառուցելու միջոցով։

Կլիմայի փոփոխման պատճառով Արկտիկան տաքանում է աշխարհի միջին ցուցանիշից գրեթե չորս անգամ ավելի արագ։ Հալվող Արկտիկան պետությունները դիտարկում են նոր ծովային ուղիներ բացելու, տարածաշրջանը ռազմական նպատակների համար օգտագործելու և օգտակար հանածոներ ու էներգակիրներ ստանալու տեսանկյունից։

Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները արդեն ակտիվորեն առաջ են շարժվում դեպի այս տարածաշրջան։ Բրյուսելը որոշել է հետ չմնալ։

2021 թվականի ռազմավարության մեջ ԵՄ-ն, բնապահպանական նկատառումներից ելնելով, շեշտադրում էր Արկտիկայում նավթի և գազի նոր հորատման աշխատանքների միջազգային արգելք սահմանելը։

Այժմ ԵՄ-ն, ըստ երևույթին, հրաժարվում է Արկտիկայում նավթի և գազի հորատման համընդհանուր արգելք սահմանելու ջանքերից։

Ըստ եվրոպական մամուլի, այս փոփոխության հետևում մասամբ կանգնած է Նորվեգիան։ Պաշտոնական Օսլոն հետաքրքրված է դեպի ԵՄ գազի մատակարարման ծավալները մեծացնելու մեջ և Բարենցի ծովում օգտակար հանածոների, մասնավորապես՝ բնական գազի հետախուզման նոր լիցենզիաներ է տրամադրել։

ԵՄ-ի նոր ռազմավարության մեջ շեշտադրվում է Արկտիկայի ռազմավարական նշանակությունը անվտանգային հարցերի տեսանկյունից։ ԵՄ-ն ցանկանում է ռազմականապես ամրապնդել Եվրոպայի հյուսիսային եզրը, կանխելով տեսականում հնարավոր դիվերսիայի կամ լրտեսության փորձերը։

Ըստ նոր ռազմավարության՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միավորելու են ուժերը, Արկտիկայի ցուրտ և բարդ պայմաններում ավելի արդյունավետ գործելու և կարևոր կառույցների անվտանգությունը ապահովելու համար։

Նախատեսվում է ստեղծել հատուկ կենտրոն, որի միջոցով պետությունները միմյանց արագ կտեղեկացնեն արկտիկական ջրերով անցնող նավերի վերաբերյալ։

Առանձին կառույց զբաղվելու է օվկիանոսի հատակով անցնող ինտերնետային և կապի մալուխների հսկմամբ ու վերանորոգմամբ։

Բրյուսելը ցանկանում է Համարկտիկական մալուխով Եվրոպան կապել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ՝ Գրենլանդիայի ու Կանադայի միջով։ Առաջին քայլը Գրենլանդիան ԵՄ-ի հետ կապող «ինքնիշխան և անվտանգ» գիծն է։ Նախատեսվում է արբանյակային ծածկույթ ապահովել IRIS2-ի միջոցով, որը համարվում է Իլոն Մասկի Starlink-ի եվրոպական մրցակիցը։

Նշվում է, որ ապագայում այս տեխնոլոգիաները թույլ կտան ամրապնդել ԵՄ-ի աշխարհաքաղաքական դիրքը, օրինակ՝ հայտնաբերել և հետևել ռուսական ստվերային նավատորմի կազմում գործող նավերին։

Համակարգը, ըստ ռազմավարության, կօգնի նաև կանխել ապօրինի որսն ու ջրի աղտոտումը։

Սակայն բացի ընդանուր նկարագրությունից, ռազմավարությունը չի սահմանում ո՛չ վերջնական երթուղի, ո՛չ հստակ բյուջե կամ ժամկետներ։

ԵՄ-ն առայժմ Գրենլանդիայի կապի համար առանձնացրել է 107 միլիոն եվրո։ Far North Fibre առևտրային նախագիծը գնահատվել է մոտ 1,15 միլիարդ դոլար, սակայն ստացել է ընդամենը մոտ 11 միլիոն եվրո ֆինանսավորում։

ԵՄ-ի նոր ռազմավարությունը խոստանում է նաև կլիմայական մոնիթորինգ՝ OceanEye օվկիանոսի դիտարկման նոր նախաձեռնության միջոցով։ Նախատեսվում են նաև Բևեռային հետազոտությունների կենտրոն և Rail Nordica երկաթուղային նախագծի մեկնարկ։ Rail Nordica-ն Ֆինլանդիայից դեպի Շվեդիա եվրոպական ստանդարտի՝ 1435 մմ լայնությամբ երկաթուղային կապերի նախագծման և կառուցման նախագիծ է։ Ֆինլանդիայի գործող երկաթուղային ցանցում օգտագործվում են ռուսական ստանդարտի՝ 1524 մմ լայնությամբ երկաթուղագծեր։

PHOTO 1.png (89 KB)

Այժմ Արկտիկայի ջրերում ամենաակտիվ առևտրային ուղին Հյուսիսային ծովային ուղին է (Northern Sea Route, NSR)։

Այն ձգվում է Ռուսաստանի հյուսիսային ափով, կապում է Արևելյան Ասիան Եվրոպայի հետ և Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհը կրճատում է մինչև 40 տոկոսով։ Ուղով հիմնականում փոխադրվում են էներգակիրներ։ Այն գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Երկրորդ ուղին Հյուսիս-արևմտյան անցումն է (Northwest Passage, NWP)։ Այն անցնում է Կանադայի Արկտիկական արշիպելագով և կապում է Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները։

Սակայն NSR-ի համեմատ շատ ավելի թույլ է զարգացած. ենթակառուցվածքն այստեղ գրեթե բացակայում է, նեղուցները ծանծաղ են, իսկ շարժվող սառցե զանգվածները լուրջ վտանգ են ներկայացնում նավերի համար։ Դրա պատճառով այս ուղով երթևեկությունը խիստ սահմանափակ է։

Երրորդ ուղին՝ Տրանսբևեռային ծովային ուղին (Transpolar Sea Route, TSR), առայժմ միայն տեսական է։

Այն ուղիղ գծով կանցնի Արկտիկական օվկիանոսի կենտրոնով՝ Հյուսիսային բևեռի մոտով։ Քանի որ ուղին անցնում է միջազգային ջրերով, նավերը կշրջանցեն ազգային կանոնակարգերն ու վճարները։ Սակայն առայժմ այն փակ է հաստ սառույցի պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter