«0»-ով և «XYZ» տառերով համարանիշերի համար գներ են առաջարկվում
Ավտոմեքենաների առանձնահատուկ համարանիշերի ընտրության հնարավորությունները կընդլայնվեն, իսկ որոշ թանկ համարանիշերի գները կնվազեն։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է նոր համադրությունների համար սահմանել առանձին գներ՝ կախված թվերի և տառերի դասավորությունից։ Նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է Կառավարության 2026թ. հոկտեմբերի 15-ի թիվ 1503-Ն որոշման ընդունմամբ, որով ընդլայնվել է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները։
Նոր չափորոշիչներում ներառվել են նաև «0» թիվը, տարբեր թվերի համադրություններն ու նույն կամ տարբեր լատինական տառերով կազմված տարբերակները։ Նախատեսվել է նաև «XYZ» տառային համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրությունը նոր տարբերակների նկատմամբ։
Կառավարության որոշումից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ՆԳ նախարարի 2024թ.-ի փետրվարի 16-ի թիվ 2-Ն հրամանում, որով սահմանվում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
Նախագծով առաջարկվում է փոփոխել նախարարի հրամանի երկու հավելվածները, որոնք վերաբերում են համապատասխանաբար ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշերին։
Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի գները նախատեսվում է սահմանել 100 հազար կամ 250 հազար դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
Միաժամանակ, գործող կարգավորմամբ 1 մլն դրամ արժողությամբ համարանիշերի երեք համադրությունների գինը նախատեսվում է նվազեցնել մինչև 600 հազար դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ փոփոխությամբ փորձ է արվում հաշվի առնել տվյալ համադրությունների առանձնահատկությունները և ապահովել գնային համակարգի համաչափությունը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր։
Նախագիծը մշակել է Ներքին գործերի նախարարությունը։ Դրա ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների էական ավելացում է ակնկալվում, սակայն այս փուլում , ըստ նախարարության, հնարավոր չէ կանխատեսել, թե որքանով կավելանան դրանք։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել