HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շինարարական աշխատանքները կարող են թույլատրվել գիշերային և շուրջօրյա ռեժիմով

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է սահմանել շինարարական աշխատանքները գիշերային ժամերին և շուրջօրյա իրականացնելու հստակ կանոններ։ Նախագծով նախատեսվում է տարբերակել ցածր աղմուկ առաջացնող, պայմանականորեն թույլատրելի և բարձր աղմուկ կամ թրթռում առաջացնող աշխատանքները, ինչպես նաև սահմանել բնակիչներին իրազեկելու և աղմուկը վերահսկելու պահանջներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ շինարարական աշխատանքներն ավելի ճկուն կազմակերպել և կրճատել դրանց իրականացման ժամկետները՝ միաժամանակ պահպանելով բնակիչների հանգստի, առողջության և բարենպաստ կենսամիջավայրի պաշտպանության պահանջները։

Ըստ հիմնավորումների՝ գործող շինարարական նորմերը սահմանում են շենքերն ու տարածքները աղմուկից պաշտպանելու հիմնական պահանջները, սակայն բավարար չափով մանրամասնված չեն գիշերային և շուրջօրյա շինարարության պայմանները։ Հստակ սահմանված չեն նաև ըստ աղմուկի և թրթռման ազդեցության աշխատանքների տեսակները, բնակչության իրազեկման և աղմուկի վերահսկողության մեխանիզմները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշ շինարարական աշխատանքների ընդհատումը կարող է տեխնոլոգիական սահմանափակումների պատճառով դժվար լինել կամ բացասաբար անդրադառնալ կառուցվող կառույցների որակի, ամրության, հուսալիության և անվտանգության վրա։

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է գործող՝ «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերը լրացնել նոր հասկացություններով և առանձին բաժնով, որը կկարգավորի գիշերային ու շուրջօրյա շինարարության իրականացումը։ Մասնավորապես, նախատեսվում է՝

  • Դասակարգել գիշերային ժամերին իրականացվող աշխատանքները՝ ըստ դրանց առաջացրած աղմուկի և թրթռման մակարդակի,
  • սահմանել, թե որ աշխատանքները կարող են իրականացվել գիշերը, որոնք՝ որոշակի պայմաններով, իսկ որոնք պետք է սահմանափակվեն բարձր աղմուկի կամ թրթռման պատճառով,
  • կարգավորել տեխնոլոգիական պատճառներով անընդհատ կատարվող, վթարային և անհետաձգելի աշխատանքները,
  • սահմանել իրավասու մարմնին ծանուցելու և բնակչությանը տեղեկացնելու պահանջներ,
  • նախատեսել աղմուկը նվազեցնելու տեխնիկական ու կազմակերպական միջոցառումներ, ինչպես նաև աղմուկի մակարդակը գնահատելու և վերահսկելու մեխանիզմներ։

Նախագծով նախատեսվում է նաև սահմանել օրինակելի ցանկեր, որոնցով հնարավոր կլինի որոշել գիշերային ժամերին տարբեր տեսակի շինարարական աշխատանքների իրականացման պայմանները։ Կսահմանվեն նաև բնակչության և կազմակերպությունների իրազեկման օրինակելի շառավիղներ՝ կախված իրականացվող աշխատանքների տեսակից։

Ըստ հիմնավորման՝ նոր կարգավորումները կարող են արագացնել շինարարական աշխատանքները, ավելի արդյունավետ դարձնել աշխատանքային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը և կառուցված օբյեկտների ավելի վաղ շահագործմանը։

Միաժամանակ հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները չեն նախատեսում մեղմացնել աղմուկի և թրթռման թույլատրելի մակարդակների պահպանման պահանջները։ Այսինքն՝ շինարարական աշխատանքների կազմակերպման հնարավորությունները կընդլայնվեն, սակայն աղմուկից պաշտպանության գործող պահանջները պետք է պահպանվեն։

Լուսանկարը մշակվել է արհեստական բանականությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter