Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ՝ խարդախությունների զանգվածային դեպքերի և կեղծ հայտարարությունների համար:
ԵՄ-ն ցանկանում է պարզել,՝ արդյոք առցանց ամրագրումների ոլորտի հսկան թերանում է սպառողներին զեղծարարներից պաշտպանելու հարցում:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամլո ասուլիսի ժամանակ մատնանշել է հարթակում կիբերհանցագործությունների մտահոգիչ ծավալները:
Պաշտոնական տվյալներով՝ Booking.com-ին է բաժին ընկնում Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների շուրջ 66 տոկոսը:
Ընկերության ներքին ցուցանիշները ցույց են տալիս, որ 2022-2024 թվականների ընթացքում հարթակում խարդախությունների թիվն աճել է 500 տոկոսով, իսկ միայն 2024 թվականին սպառողներին պատճառված ընդհանուր նյութական վնասը գնահատվում է մոտ 4.2 միլիարդ եվրո:
Հետաքննությունը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղությունների վրա:
Գրանցվել են հազարավոր դեպքեր, երբ զբոսաշրջիկներն ամրագրում են կատարում, սակայն տեղ հասնելով պարզում են, որ տվյալ հասցեում ոչ մի հյուրանոց կամ բնակարան չկա:
ԵՄ-ն ուսումնասիրելու է, թե որքանով է Booking.com-ը արդյունավետ կանխարգելում և հեռացնում գոյություն չունեցող հյուրանոցների ու օրավարձով բնակարանների կեղծ հայտարարությունները։
Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են նաև ֆիշինգային հարձակումներն ու տվյալների պաշտպանության համակարգային թերությունները:
Կան լուրջ մտահոգություններ այն մասին, որ ընկերությունը բավարար չափով չի պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, այդ թվում՝ անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, բանկային տվյալները:
Booking.com-ի թերի աշխատանքի հետևանքով կիբերհանցագործները կարողանում են կեղծ վճարման հարցումներ ուղարկել հաճախորդներին և մոլորեցման միջոցով գումարներ կորզել սպառողներից:
Եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպություններն իրենց զեկույցներում հաստատել են, որ զեղծարարները հաճախ կոտրում են իրական հյուրանոցների հաշիվները և պաշտոնական հավելվածի միջոցով անհապաղ վճարման հարցումներ ուղարկում՝ խաբեությամբ կորզելով մարդկանց բանկային տվյալները:
ԵՄ-ն պատրաստվում է գնահատել նաև հարթակում գովազդի թափանցիկությունը:
Թեև կացարանների տերերին օրենքով թույլատրվում է վճարել որոնման արդյունքներում հայտարարություններն առաջ մղելու համար, ԵՄ կանոնները պահանջում են, որ նման առաջխաղացումները հստակ նշվեն որպես գովազդ, որպեսզի սպառողները հասկանան՝ արդյոք հյուրանոցը բարձր հորիզոնականում է բնական որոնման արդյունքով, թե վճարված առաջխաղացման շնորհիվ:
Խախտումների հաստատման դեպքում Booking.com-ին սպառնում են խոշոր տուգանքներ կամ անվտանգության ու գովազդի կանոնների արմատական փոփոխման պահանջներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել