HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան) որոշել է, որ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Երկու գործերով էլ դատարանի որոշումները հրապարակվել են մոտ 2 ամիս ուշ։ Դրանք նախատեսված էին հրապարակել 2026թ.-ի օգոստոսին։

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ 

Ստեփան Ասատրյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ 2025թ. հոկտեմբերի 21-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Դատարանը, սակայն, գործի քննության ընթացքում հանգել է այն եզրակացության, որ վեճը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքին և չի կարող լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։

Ասատրյանը հայտնել էր, որ 2019թ.-ից հոգևոր ծառայություն է իրականացրել, և նույն տարվա սեպտեմբերից ծառայել է Սուրբ Հովհաննավանքում՝ որպես հոգևոր հովիվ։ Նրա պնդմամբ՝ ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարել է պատշաճ, և որևէ հիմք չի եղել իրեն կարգալույծ հռչակելու համար։

Հայցվորը նշել է, որ 2025թ.-ի հոկտեմբերի 21-ին առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման՝ իրեն կարգալույծ են հռչակել։ Նրա գնահատմամբ՝ հոգևոր հովվի պաշտոնից ազատելու որոշումը չէր կարող կամայական լինել, իսկ իրեն վերագրված արարքները պետք է հաստատվեին կոնկրետ փաստերով։

Եկեղեցու որոշման հիմքում դրվել են հետևյալ փաստերը՝ եկեղեցուն, թեմակալ առաջնորդին և ծառայակից հոգևորականներին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելը, թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգներն անտեսելը, պատարագների ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը կամայականորեն բաց թողնելը, ինչպես նաև կարգապահական հանձնախմբի նիստերին ներկայանալուց հրաժարվելը։

Ասատրյանը հերքել է իրեն վերագրված արարքները և պնդել, որ տնօրինությունը հիմնավորված չէ։ Նա նաև փաստարկել է, որ խախտվել են կրոնի ազատության և դատական պաշտպանության իր իրավունքները։ Նրա դիրքորոշմամբ՝ հոգևոր ծառայության նկատմամբ վերադասների վերահսկողությունը, նկատողություններն ու կարգապահական միջոցները վկայում են, որ իր և եկեղեցու միջև աշխատանքային հարաբերություններ են եղել։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը պահանջել էր կարճել գործի վարույթը՝ պնդելով, որ դատարանն իրավասու չէ քննելու հոգևորականին կարգալույծ հռչակելու վերաբերյալ վեճը։

Եկեղեցու ներկայացուցիչների դիրքորոշմամբ՝ հոգևորականին ձեռնադրելը, կարգալույծ հռչակելը, հոգևոր պաշտոնների նշանակելն ու ազատելը եկեղեցու ներքին գործերն են, և պետությունը չի կարող միջամտել դրանց։ Նրանք վկայակոչել էին Սահմանադրությունը, եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենքները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը։

Եկեղեցին նաև պնդել էր, որ իր կանոնադրությամբ հոգևորականին կարգազրկելու իրավասությունը պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոսին, իսկ կարգապահական հարցերի հանձնախումբը խորհրդակցական մարմին է։ Ըստ պատասխանողի՝ Ստեփան Ասատրյանը հնարավորություն է ունեցել ներկայանալու հանձնախմբի նիստերին և պարզաբանումներ ներկայացնելու։

Եկեղեցին վիճարկել է նաև Ասատրյանի և իր միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։ Պատասխանողի պնդմամբ՝ նրանց միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվել, և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ չի ընդունվել։ Հետևաբար, ըստ եկեղեցու, հայրապետական տնօրինությունը չէր կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատման հրաման։

Դատարանի դիրքորոշումը

Դատարանը նախ անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքին՝ նշելով, որ դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր վեճ կարող է լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։ Գործի վարույթը կարող է կարճվել, եթե պարզվի, որ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Դատարանը նշել է, որ Ասատրյանը չի ներկայացրել իր և եկեղեցու միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը հաստատող թույլատրելի ապացույցներ։ Մասնավորապես՝ գործում չեն եղել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ։ Այս հանգամանքը դատարանը դիտարկել է աշխատանքային հարաբերությունների առկայության հարցը գնահատելիս։

Միաժամանակ դատարանը վերլուծել է Սահմանադրության, եկեղեցու և պետության հարաբերությունների մասին օրենքի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրության դրույթները։ Դատարանն արձանագրել է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին ինքնակառավարվում է իր նվիրապետության սահմաններում։

Որոշման մեջ դատարանն անդրադարձել է նաև Եկեղեցու կանոնադրության 39-րդ և 40-րդ հոդվածներին։ Դրանց համաձայն՝ հոգևորականների նկատմամբ կարգապահական միջոցներ կարող են կիրառվել աստիճանաբար, իսկ կարգազրկման որոշումը կայացվում է միայն Ամենայն հայոց կաթողիկոսի միջոցով։ Դատարանն ընդգծել է, որ հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու որոշմանը նախորդող գործողությունները պետք է համապատասխանեն կանոնադրությամբ սահմանված ընթացակարգին, և հոգևորականը պետք է իրական հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքները ներեկեղեցական ընթացակարգերով։

Այդուհանդերձ, դատարանը եզրահանգել է, որ Ասատրյանի և եկեղեցու միջև հարաբերությունները վերաբերում են Եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են կանոնական իրավունքով։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված հայցով ընտրված իրավական պաշտպանության եղանակը բացակայում է, և Ս. Ասատրյանի պահանջը չի բխում օրենքով պաշտպանվող այնպիսի իրավահարաբերությունից, որը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։

Այս հիմքով դատարանը կարճել է գործի վարույթը՝ առանց հայցը ըստ էության քննելու և առանց կարգալույծ հռչակելու որոշման իրավաչափության վերաբերյալ վերջնական գնահատական տալու։

Դատարանը վերացրել է նաև 2026թ.  փետրվարի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով եկեղեցին և այլ անձինք պարտավորվել էին մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չխոչընդոտել Ասատրյանի պաշտոնավարմանը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Արամայիս Թախմազյանի վերաբերյալ 

Արամայիս Թախմազյանը, դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

Հայցվորի պնդմամբ՝ 2015թ.-ին ամուսնացյալ քահանա ձեռնադրվելուց հետո նա պատշաճ կերպով է կատարել հոգևոր ծառայության իր պարտականությունները, և իր ծառայության ընթացքում չի եղել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք դառնալ կարգապահական պատասխանատվության համար։

Թախմազյանը նշել էր, որ իրեն կարգալույծ են հռչակել առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման։ Նրա խոսքով՝ համապատասխան տնօրինությունը չի ստացել և դրա մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։

Թախմազյանի դիրքորոշմամբ՝ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը չի նշանակում, որ այն կարող է անտեսել հոգևորականների իրավունքներն ու օրինական շահերը։ Նա պնդել է, որ խախտվել են նաև իր կրոնի ազատության և դատական պաշտպանության իրավունքները, քանի որ կարգալույծ հռչակվելու հետևանքով զրկվել է հոգևոր հովվի պաշտոնում ծառայությունը շարունակելու հնարավորությունից։

Հայցվորը խնդրել էր անվավեր ճանաչել Կաթողիկոսի տնօրինությունը և իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

Եկեղեցու ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Թախմազյանը 2025թ.-ի սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան գրառմամբ աջակցություն էր հայտնել Տեր Արամ քահանա Ասատրյանին և քննադատել վերջինիս հասցեին հնչած արտահայտությունները։

Եկեղեցու Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը Թախմազյանին հրավիրել է հանդիպման՝ եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդության և կրոնական խախտումների վերաբերյալ հարցերը քննարկելու համար։ Մասնավորապես՝ նրան վերագրվել էին պատարագների ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը բաց թողնելը և կարգալույծ հռչակված քահանայի հետ աղոթակից լինելը։

Հանձնախմբի նիստում Թախմազյանը հայտնել է, որ աջակցել է Տեր Արամին, քանի որ, իր պնդմամբ, Արագածոտնի թեմի քահանաները ժողովի ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։ Թեմի քահանաները հերքել էին այդ մեղադրանքը։

Թախմազյանը նաև հայտնել է, որ պատարագի ընթացքում գիտակցաբար չի հիշատակել Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները։ Որպես պատճառ՝ նա նշել է իր կասկածները, թե Մայր Աթոռից իր և կնոջ անուններով գումարներ են դուրս գրվել ու յուրացվել, ինչպես նաև այն, որ թեմն իրենից վերցրել է իր հովվության տակ գտնվող Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցին։

Հանձնախմբի հարցին, թե արդյոք այդ մեղադրանքները հաստատող փաստեր ունի, Թախմազյանը պատասխանել է, որ դրանք իր ենթադրություններն են, և ինքը փաստեր չունի։

Նիստի արդյունքներով հանձնախումբը որոշել էր Կաթողիկոսին առաջարկել Թախմազյանին կարգալույծ հռչակել և նրան վերադարձնել աշխարհականի կարգավիճակին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով։ Այնուհետև՝ 2025թ.-ի նոյեմբերի 26-ին, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետի հրամանով Թախմազյանն ազատվել է Թալինի հովվության հոգևոր հովվի պարտականություններից։ Իսկ դեկտեմբերի 2-ին Կաթողիկոսը նրան կարգալույծ է հռչակել։

Դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան, որ Թախմազյանին բանավոր նկատողություն կամ կարգապահական այլ տույժ նշանակելու վերաբերյալ Թեմական խորհուրդը որոշում է կայացրել։ Այնուամենայնիվ, դատարանը եզրակացրել է, որ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին կանոններով, իսկ գործող օրենսդրությունը չի սահմանում այդ հարցի կարգավորման առանձին կարգ։ Այդ պատճառով դատարանը համարել է, որ վեճը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով։

Դատարանը որոշել է կարճել քաղաքացիական գործի վարույթը՝ այն քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։ Դատարանը նաև որոշել է գործով նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել, որով նախատեսված էր՝ մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Եկեղեցին և այլ անձինք չպետք է խոչընդոտեին Թախմազյանի՝ Թալինի հոգևոր հովվի պաշտոնում պաշտոնավարմանը։ 

Դատարանի որոշումները կարող են բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։

Հիշեցնենք, որ երեկ գրեթե նույն հիմնավորումներով կարճվել էր նաև Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Նա էլ դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ 

Մեկնաբանություններ (1)

Արմեն Խարատրյան
❗ Եկեղեցական ինքնավարություն՝ առանց եկեղեցական արդարադատությա՞ն․ Հայ եկեղեցու սինոդականության վերականգնման հրամայականը Ես դեռ ամիսներ առաջ էի հրապարակել իմ այն վերլուծությունը, որ նման բնույթի ներեկեղեցական վեճերը չեն կարող լուծվել ՀՀ քաղաքացիական դատարանների միջոցով, և որ դրանք ենթակա չեն աշխարհիկ դատարանների վերահսկողության։ Եկեղեցին, լինելով պետությունից անկախ հոգևոր և կանոնական կառույց, ունի իր ներքին կառավարման համակարգը, իսկ հոգևորականների կարգավիճակի, ծառայության և եկեղեցական իշխանության հետ կապված հարցերը և տարաձայնությունները նախևառաջ պետք է կարգավորվեն եկեղեցական կանոններով։ Սակայն այստեղ կա մի էական վերապահում. եկեղեցական ինքնավարությունը չի կարող նշանակել, որ ներեկեղեցական վեճերը պետք է մնան առանց պատշաճ քննության, իսկ վիճարկվող որոշումները՝ առանց կանոնական վերանայման որևէ իրական հնարավորության։ ♦️ Աշխարհիկ դատարանը և եկեղեցական ինքնավարության սահմանները Աշխարհիկ պետությունում եկեղեցու ինքնավարության պահպանումը կարևոր սահմանադրական և իրավական սկզբունք է։ Պետական իշխանությունը պետք չէ ստանձնի հոգևոր իշխանության դեր, որոշի եկեղեցական պաշտոնների բաշխման հարցերը կամ փոխարինի եկեղեցական մարմիններին դավանաբանական ու կանոնական խնդիրների լուծման գործում։ Միաժամանակ պետք է տարբերակել երկու հանգամանք՝ եկեղեցու ներքին կառավարման ինքնավարությունը և այդ կառավարման շրջանակում կայացվող որոշումների արդարացիության հարցը։ Սույն գործով դատարանի եզրակացությունն այն մասին, որ կաթողիկոս-եպիսկոպոս վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ, ինքնին չի նշանակում, թե հայցվորի բոլոր պնդումները հիմնավորված էին կամ անհիմն։ Դատարանը գործի վարույթը կարճել է իրավասության և վեճի բնույթի վերաբերյալ իր գնահատականի հիման վրա, այլ ոչ թե ըստ էության լուծել է եկեղեցական որոշման իրավաչափության կամ կանոնական հիմնավորվածության հարցը։ Հետևաբար, այս որոշումը պետք չէ մեկնաբանել որպես որևէ կողմի բոլոր փաստարկների վերջնական հաստատում։ Այն ընդգծում է, որ խնդրի լուծման հիմնական պատասխանատվությունը պետք է կրի հենց Եկեղեցին՝ իր կանոնական կարգի և իրավասու մարմինների միջոցով։ Սակայն հենց այստեղ է ի հայտ գալիս գլխավոր հակասությունը. եկեղեցական ինքնավարությունը լիարժեք գործելու համար անհրաժեշտ է ոչ միայն որոշում կայացնելու իշխանություն, այլև այդ որոշումները կանոնական կարգով քննելու, վերանայելու և անհրաժեշտության դեպքում ուղղելու գործուն համակարգ։ Եթե այդ համակարգը թերի է կամ գործնականում չի գործում, ներեկեղեցական հակասությունները կարող են վերածվել երկարատև ճգնաժամի՝ վնասելով ինչպես եկեղեցական միասնությանը, այնպես էլ հավատացյալների վստահությանը։ 🔹 Սինոդականությունը՝ եկեղեցական կառավարման հիմնարար սկզբունք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական ավանդույթում կարևոր տեղ է զբաղեցնում սինոդականությունը՝ եկեղեցական հարցերի կոլեգիալ, այսինքն՝ միանձնյա որոշումից տարբերվող, համատեղ քննության և լուծման սկզբունքը։ Սինոդականությունը չի նշանակում, թե եկեղեցական բոլոր որոշումները պետք է ընդունվեն համընդհանուր քվեարկությամբ կամ կաթողիկոսի հոգևոր իշխանությունը պետք է վերացվի։ Այն ենթադրում է, որ եկեղեցական կառավարման կարևոր հարցերը, հատկապես՝ համաեկեղեցական նշանակություն ունեցող և կանոնական հետևանքներ առաջացնող խնդիրները, քննարկվում են համապատասխան լիազորություններ ունեցող կոլեգիալ մարմիններում։ Այս համակարգի նպատակը ոչ թե կաթողիկոսի իշխանությունը թուլացնելն է, այլ այն եկեղեցական կանոնների, ընդհանուր պատասխանատվության և փոխադարձ հաշվետվողականության շրջանակում գործադրելն ապահովելը։ Կոլեգիալ կառավարման առավելությունն այն է, որ որոշումները կախված չեն լինում միայն մեկ անձի գնահատականից, որոշ դեպքերում նաև` քմահաճույքից։ Դրանք կարող են քննարկվել տարբեր փորձառություն, գիտելիքներ, տեսակետներ և հոգևոր պաշար ունեցող եպիսկոպոսների կողմից, իսկ բարդ հարցերը՝ ուսումնասիրվել կանոնական, աստվածաբանական և հովվական տեսանկյուններից։ Այսպիսի մոտեցումը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է օծյալ եկեղեցականի, հատկապես` եպիսկոպոսի պաշտոնից ազատմանը, կարգապահական պատասխանատվությանը, կարգալուծությանը կամ այլ ծանր հետևանքներ ունեցող որոշումներին։ Այդպիսի հարցերում անհրաժեշտ են հստակ ընթացակարգեր, որոշման հիմքերի ուսումնասիրություն, շահագրգիռ կողմի լսված լինելու հնարավորություն և կանոնական կարգով վերանայման մեխանիզմներ։ Դրանք պետք է բխեն Եկեղեցու կանոններից ու իրավասու մարմինների լիազորություններից, այլ ոչ թե կամայականորեն փոխառվեն աշխարհիկ դատավարությունից։ 🔸 Սուրբ Սինոդի պատմական դերը և դրա վերականգնման անհրաժեշտությունը Հայ եկեղեցական ավանդույթում Սինոդը (Սյունհոդոս) կամ ընտրյալ եպիսկոպոսների ժողովը կարևոր կոլեգիալ և բարձրագույն կառավարման մարմին է եղել։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել պատմական տարբեր ժամանակաշրջաններում գործող մարմինների իրավասությունները և ներկայիս եկեղեցական կառույցը։ Պատմական Սուրբ Սինոդի լիազորությունները, նրա դատավարական գործառույթները և կաթողիկոսի որոշումների նկատմամբ ունեցած վերահսկողական հնարավորությունները պետք է ուսումնասիրել համապատասխան կանոնական ու պատմական աղբյուրների հիման վրա։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացմամբ՝ Եպիսկոպոսաց ժողովը Հայ եկեղեցու հնագույն ժողովական մարմիններից է, որը զբաղվում է վարդապետական, ծիսական և եկեղեցական-կրոնական հարցերով։ Այն լիագումար նիստերով վերջին անգամ կայացել է 2013 և 2014 թվականներին՝ երկարատև ընդմիջումից հետո։ Սակայն եպիսկոպոսների ժողովի գոյությունը կամ պարբերաբար գումարվելը դեռ ինքնին չի լուծում եկեղեցական արդարադատության խնդիրը։ Էականն այն է, թե ինչպիսի’ լիազորություններ ունի տվյալ մարմինը, արդյոք կարո՞ղ է քննել կոնկրետ տեսակի եկեղեցական վեճեր, ի՞նչ ընթացակարգով են ընդունվում որոշումները և հնարավո՞ր է արդյոք վերանայել կաթողիկոսի կողմից միանձնյա կայացված որոշումները։ Այդ պատճառով Սուրբ Սինոդի վերականգնման հարցը պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական իրողության վերակենդանացում, այլև որպես եկեղեցական կառավարման և կանոնական պատասխանատվության համակարգային բարեփոխման խնդիր։ ✅ Անհրաժեշտ է հստակեցնել. 1️⃣ Ո՞ր մարմինն է իրավասու քննելու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների կարգապահական գործերը, 2️⃣ Ինչպե՞ս պետք է քննվեն կաթողիկոսի որոշումների դեմ ներկայացվող կանոնական բողոքները, 3️⃣ Ի՞նչ պայմաններում և ի՞նչ ընթացակարգով կարող են վերանայվել նման որոշումները, 4️⃣ Ինչպե՞ս պետք է ապահովվեն անաչառ քննությունը, կողմերի լսված լինելու իրավունքը և որոշումների պատճառաբանվածությունը, 5️⃣ Ինչպե՞ս պետք է տարանջատվեն հոգևոր իշխանության, վարչական կառավարման և կանոնական վերահսկողության գործառույթները։ Այս հարցերի հստակ կարգավորումը կարող է կանխել այն իրավիճակները, երբ եկեղեցական վեճը միաժամանակ վերածվում է իրավական, վարչական և հանրային ճգնաժամի։ 🔴 Սահակ պատրիարք Մաշալյանի առաջարկը՝ որպես քննարկման առիթ Եկեղեցու սինոդական կառավարման անհրաժեշտության մասին խոսել է նաև Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ 2026 թվականի փետրվարին նա առաջարկել է ձևավորել սինոդական կառույց՝ կաթողիկոսին և Մայր Աթոռին աջակցելու, եկեղեցական կառավարման կոլեգիալությունը ամրապնդելու և ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը նպաստելու նպատակով։ Սահակ պատրիարք Մաշալյանը նշել է նաև, որ «Գերագույն հոգևոր խորհուրդը, դժբախտաբար, հեղինակազրկված է»` առաջարկելով սինոդական կառույց ստեղծել, որն «իր կազմում կներգրավի նաև որոշ ընդդիմադիր եղբայրների»: Կ. Պոլսի հայոց պատրիարքը նաև կարևորել է Ազգային-եկեղեցական ժողովի գումարման ժամկետների հստակեցումը։ Այս առաջարկի նշանակությունը պետք չէ սահմանափակել ընթացիկ եկեղեցական հակասությունների շրջանակով։ Այն առնչվում է Հայ եկեղեցու կառավարման ավելի խորքային հարցին՝ ինչպե՞ս համադրել կաթողիկոսի բարձրագույն հոգևոր իշխանությունը եկեղեցական մարմինների համատեղ պատասխանատվության և վերահսկողական գործառույթների հետ։ Սինոդական կառույցի ձևավորումը պետք չէ ընկալվի որպես որևէ անհատի կամ խմբի դեմ ուղղված քայլ։ Ընդհակառակը՝ այն պետք է ծառայի Եկեղեցու միասնությանը, կանոնական կարգի ամրապնդմանը և բոլոր կողմերի համար ընդունելի ընթացակարգերի հաստատմանը։ Միաժամանակ, սինոդական մարմինը պետք չէ դառնա զուտ խորհրդակցական կառույց, որի կարծիքը հնարավոր է անտեսել առանց պատճառաբանության։ Եթե նպատակը եկեղեցական կառավարման համակարգի կատարելագործումն է, անհրաժեշտ է հստակ սահմանել այդ մարմնի ընտրովի կազմը, իրավասությունները, որոշումների ընդունման կարգը և դրանց պարտադիր ուժի սահմանները։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև այն հարցը, թե ինչպե’ս պետք է ապահովվի տարբեր դիրքորոշումներ ունեցող եպիսկոպոսների մասնակցությունը։ Իրական կոլեգիալությունը ենթադրում է ոչ միայն համախոհների հավաք, այլև տարբեր տեսակետների լսում, փաստարկված քննարկում և կանոնական կարգով որոշումների կայացում։ 🔵 Ազգային-եկեղեցական ժողովը և եկեղեցական վերահսկողության համակարգը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման համակարգում կարևորագույն տեղ ունի նաև Ազգային-եկեղեցական ժողովը, որը Եկեղեցու բարձրագույն օրենսդիր մարմինն է և իրավասու է ընտրել Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ ընդունել համաեկեղեցական նշանակության հարցերի վերաբերյալ և հաստատել Եկեղեցու սահմանադրությունն ու կանոնադրությունը։ Այն նաև իրավասու է սահմանելու եկեղեցական կառույցների կարգավիճակն ու նրանց իրավահարաբերությունների սկզբունքները։ Հետևաբար, եկեղեցական կառավարման բարեփոխումները պետք չէ սահմանափակվեն միայն Սինոդի վերականգնմամբ։ Անհրաժեշտ է դիտարկել կառավարման ամբողջ համակարգը՝ Ազգային-եկեղեցական ժողովի, Եպիսկոպոսաց ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և մյուս մարմինների փոխհարաբերությունները։ Յուրաքանչյուր մարմնի լիազորությունները պետք է լինեն հստակ և փոխլրացնող։ Եթե մի մարմին զբաղվում է կառավարման ընդհանուր հարցերով, մյուսը՝ վարդապետական և կանոնական խնդիրներով, իսկ երրորդը՝ կարգապահական գործերով, ապա դրանց իրավասությունների սահմանները պետք չէ մնան անորոշ։ Միևնույն ժամանակ պետք չէ ենթադրել, որ Ազգային-եկեղեցական ժողովը կամ Եպիսկոպոսաց ժողովն արդեն իսկ ինքնաբերաբար կարող են քննել ցանկացած անհատական վեճ։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան կանոնական հիմքեր և հստակ ընթացակարգեր։ Հենց այդ պատճառով խնդրի լուծումը պետք է սկսվի գործող կանոնների համակողմանի ուսումնասիրությունից, բացթողումների բացահայտումից և անհրաժեշտ փոփոխությունների ընդունումից։ 🟢 Գերագույն հոգևոր խորհուրդը՝ Սինոդի փոխարեն Հայ եկեղեցու սինոդական կառավարման խնդիրը քննարկելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմավորման պատմությանը, կարգավիճակին և գործառույթներին։ Գերագույն հոգևոր խորհուրդն Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի օրոք՝ 1924 թվականի հունվարի 1-ին՝ նախկին Սինոդի փոխարեն։ Այսպիսով, եկեղեցական կառավարման պատմականորեն ձևավորված կոլեգիալ մարմինը անհասկանալի կերպով փոխարինվել է կաթողիկոսին առընթեր խորհրդով, որի իրավասությունների և կազմավորման կարգի հարցերը սկզբունքային նշանակություն ունեն Եկեղեցու ներքին հավասարակշռության տեսանկյունից։ Գործող կարգով Գերագույն հոգևոր խորհրդի կազմավորման գործընթացում նախատեսված է Ազգային-եկեղեցական ժողովի մասնակցությունը։ Սակայն վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում խորհրդի անդամների ընտրության և նշանակման գործելակերպը, ըստ առկա քննադատական մոտեցումների, էապես հեռացել է այդ սկզբունքից․ անդամները ոչ թե ընտրվել են Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, այլ նշանակվել են կաթողիկոսի կողմից` ըստ իր նկատմամբ համախոհության։ Այս գործելակերպը խիստ քննադատության է արժանացել առաջին հերթին Կ. Պոլսի հանգուցյալ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կողմից, որը կարևորում էր եկեղեցական կառավարման կոլեգիալության և պատշաճ ներկայացուցչության սկզբունքները։ Խնդրի էությունն այն չէ, թե կաթողիկոսն անձամբ ո’ւմ է նախընտրում տեսնել խորհրդի կազմում, այլ այն, թե որքանո’վ է պահպանվում այդ մարմնի ձևավորման համար սահմանված կարգը և որքանո’վ է ապահովվում նրա ինստիտուցիոնալ անկախությունը։ Եթե կոլեգիալ մարմնի անդամների կազմը ձևավորվում է բացառապես այն անձի կամքով, որի գործունեությանն ու որոշումներին այդ մարմինը կոչված է աջակցելու կամ որոնց վերաբերյալ պետք է խորհրդատվություն տրամադրի, ապա առաջանում է շահերի բախման և վերահսկողության թուլացման իրական վտանգ։ Այդ պայմաններում խորհուրդը կարող է աստիճանաբար վերածվել ոչ թե ինքնուրույն քննարկման ու հավասարակշռման հարթակի, այլ կաթողիկոսի որոշումների հաստատման կամ դրանց իրականացմանն աջակցող կառույցի։ Այստեղ, սակայն, անհրաժեշտ է տարբերակել մարմնի իրավական գոյությունը և նրա կազմավորման կարգի պահպանման հարցը։ Միայն անդամների նշանակման ընթացակարգի վերաբերյալ քննադատությունը դեռ ինքնաբերաբար չի նշանակում, որ ԳՀԽ-ն իրավաբանորեն դադարել է գոյություն ունենալ կամ նրա բոլոր որոշումներն անվավեր են։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել գործող կանոնադրությունը, համապատասխան կանոնական ակտերը, դրանց փոփոխությունները և խորհրդի կազմավորման վերաբերյալ ընդունված որոշումները։ Այդուհանդերձ, եթե Ազգային-եկեղեցական ժողովի՝ սահմանված կարգով մասնակցությունը փաստացի շրջանցվել է, ապա լուրջ հիմքեր են առաջանում` կասկածի տակ դնելու խորհրդի կազմավորման ընթացակարգային լեգիտիմությունը և նրա՝ որպես կոլեգիալ մարմնի ներկայացուցչականությունը։ Սա է’լ ավելի է ընդգծում Սինոդի վերականգնման անհրաժեշտությունը։ Հայ եկեղեցուն անհրաժեշտ է այնպիսի կանոնական մարմին, որի կազմավորումը, լիազորությունները և որոշումների ընդունման կարգը հստակորեն սահմանված կլինեն, իսկ գործունեությունը կախված չի լինի բացառապես մեկ անձի հայեցողությունից։ Խոսքը ոչ թե կաթողիկոսի հոգևոր իշխանությունը սահմանափակելու ինքնանպատակ ձգտման, այլ եկեղեցական իշխանության իրականացումը կոլեգիալության, կանոնական կարգի և փոխադարձ պատասխանատվության սկզբունքներով ամրապնդելու մասին է։ Եթե Սինոդը փոխարինվել է Ամենայն Հայոց կաթողիկոսին առընթեր խորհրդով, իսկ այդ խորհրդի կազմավորման գործում Ազգային-եկեղեցական ժողովի դերը փաստացի զրոյացվել է, ապա անհրաժեշտ է վերանայել ոչ միայն մարմնի անվանումն ու կառուցվածքը, այլև ամբողջ կառավարման համակարգի հավասարակշռությունը։ Եկեղեցական ինքնավարությունը չի կարող լիարժեք լինել, երբ կոլեգիալ կառավարման մարմինների ինքնուրույնությունն ու վերահսկողական գործառույթները կախված են նույն կենտրոնից, որի գործունեությունը դրանք կոչված են հավասարակշռելու։ Ուստի անհրաժեշտ է օրակարգ բերել Գերագույն հոգևոր խորհրդի կազմավորման կարգի և լիազորությունների համակողմանի վերանայումը, Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրական դերի վերականգնումը և Սինոդի կամ համարժեք լիազորություններով օժտված կոլեգիալ մարմնի ստեղծումը։ Միայն այդպիսի բարեփոխումը կարող է ապահովել, որ եկեղեցական վեճերը քննվեն պատշաճ կանոնական ընթացակարգով, իսկ կարևոր որոշումները կկայացվեն ոչ թե անձնական հայեցողության, այլ եկեղեցական կարգի և ընդհանուր կանոնականության հիման վրա։ 🟠 Եկեղեցու ինքնավարությունը ենթադրում է նաև պատասխանատվություն Եկեղեցու ինքնավարության մասին խոսելիս երբեմն ուշադրությունը կենտրոնացվում է միայն պետության միջամտության անթույլատրելիության վրա։ Սակայն ինքնավարությունը չի կարող սահմանափակվել արտաքին միջամտությունից պաշտպանվելու իրավունքով։ Այն ենթադրում է նաև սեփական ներքին հարցերը կանոնական, արդար և պատասխանատու եղանակով լուծելու պարտականություն։ Եթե Եկեղեցին պնդում է, որ իր ներքին կառավարման հարցերը պետք է լուծվեն ոչ թե աշխարհիկ դատարաններում, այլ եկեղեցական կարգով, ապա պետք է ապահովի, որ այդ կարգը գործի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում։ Հակառակ դեպքում առաջանում է փակուղային իրավիճակ. աշխարհիկ դատարանը հրաժարվում է ըստ էության քննել վեճը, իսկ եկեղեցական համակարգում բացակայում է այնպիսի հստակ և գործուն ընթացակարգ, որի միջոցով շահագրգիռ կողմը կարող է հասնել իր գործի պատշաճ քննությանը։ Սա չի նշանակում, թե աշխարհիկ դատարանը պետք է փոխարինի եկեղեցական ատյանին։ Ընդհակառակը՝ դա նշանակում է, որ Եկեղեցին պետք է զարգացնի իր կանոնական կառավարման մեխանիզմները՝ ապահովելով որոշումների հիմնավորվածությունը, իրավասությունների հստակությունը և պատասխանատվության արդյունավետ համակարգը։ 🔻 Սինոդականությունը՝ ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն Հայ եկեղեցու ներկայիս մարտահրավերները պահանջում են ոչ թե հապճեպ կամ անձնակենտրոն լուծումներ, այլ կանոնական հիմքեր ունեցող համակարգային մոտեցում։ Սուրբ Սինոդի կամ պատշաճ լիազորություններով օժտված սինոդական մարմնի վերականգնումը պետք է դիտարկել որպես այդ մոտեցման կարևոր բաղադրիչ։ Դրա նպատակը պետք չէ լինի կաթողիկոսի իշխանության վերացումը կամ եկեղեցական ղեկավարության թուլացումը։ Նպատակը պետք է լինի հոգևոր իշխանության իրականացումը եկեղեցական կանոնների, կոլեգիալ քննարկման և փոխադարձ պատասխանատվության շրջանակում։ Անհրաժեշտ է հստակեցնել եկեղեցական վեճերի քննության կարգը, ապահովել կանոնական որոշումների վերանայման հնարավորությունը և ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով եպիսկոպոսների, թեմակալ առաջնորդների ու մյուս հոգևորականների վերաբերյալ կարևոր որոշումները կկայացվեն պատշաճ քննությունից հետո։ Եկեղեցական ինքնավարությունը չի կարող լինել միայն որոշումներ կայացնելու ազատություն. այն պետք է ներառի նաև այդ որոշումների կանոնական հիմնավորվածության և արդարության ապահովման պարտավորությունը։ Հայ եկեղեցու սինոդականության վերականգնումը, հետևաբար, ոչ թե ժամանակավոր ճգնաժամից դուրս գալու միջոց է, այլ եկեղեցական կառավարման պատմական ավանդույթը վերաիմաստավորելու և արդի պահանջներին համապատասխան ամրապնդելու հրամայական։ Սա կարող է դառնալ այն կարևոր քայլերից մեկը, որը կնպաստի ներեկեղեցական վստահության վերականգնմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնության ամրապնդմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter