ՆԳՆ-ն միասնական հարցաշար կմշակի՝ համայնքների աշխատանքը ստուգելու համար
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է սահմանել միասնական հարցաշար, որով կստուգվի, թե ինչպես են տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում արտակարգ իրավիճակներին արձագանքելու և վաղ վերականգնման ուղղությամբ պետության պատվիրակած լիազորությունները։
Հարցաշարը նախատեսվում է կիրառել համայնքների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում։ Այն պետք է հստակեցնի, թե ինչ պահանջներ են ստուգվելու, ինչ իրավական նորմերի հիման վրա և ինչպես են արձանագրվելու հայտնաբերված խախտումներն ու թերությունները։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նախատեսում է, որ պետական լիազոր մարմինները համայնքների կողմից պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ պետք է իրականացնեն իրավական և մասնագիտական հսկողություն։
Իրավական հսկողության շրջանակում ստուգվում է, թե համայնքների ընդունած որոշումներն ինչքանով են օրինական, իսկ մասնագիտական հսկողության նպատակն է գնահատել պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը։
Նախարարության ներկայացրած հիմնավորմամբ՝ միասնական հարցաշարի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր համայնքներում ստուգումները պետք է իրականացվեն նույն չափանիշներով՝ նվազեցնելով տարբեր մոտեցումների կիրառման հնարավորությունը։
Հարցաշարում նախատեսվում է յուրաքանչյուր ստուգվող պահանջի համար նշել դրա իրավական հիմքը և արձանագրել՝ պահանջը պահպանվել է, թերի է պահպանվել, չի պահպանվել, թե համապատասխան լիազորությունն ընդհանրապես չի իրականացվել։
Հայտնաբերված խախտումները պետք է փաստաթղթավորվեն՝ նշելով դրանց իրավական հիմքերը։ Նախատեսվում է նաև արձանագրել խախտումները վերացնելու վերաբերյալ առաջարկությունները և հետևել դրանց կատարման ընթացքին։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել համայնքների կողմից պետության պատվիրակած լիազորությունների իրականացման որակը, ժամանակին բացահայտել իրավական և մասնագիտական թերությունները և կանխել դրանց կրկնությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել