Զրո դրամից մինչև 60 մլն դրամ. ովքե՞ր են Իջևան համայնքի ավագանու թեկնածուները և ի՞նչ են հայտարարագրել
Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Համայնքում 29 730 ընտրող կա։ Այստեղ ավագանու մանդատների համար պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Թեև թեկնածուները 65-ն են, ավագանու կազմում կարող է ընդգրկվել ընդամենը 27-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 51 թեկնածուների շարքում կան միլիոնավոր դրամների եկամուտ, բազմաթիվ անշարժ գույքեր ու տասնյակ միլիոնների հասնող դրամական միջոցներ հայտարարագրած անձինք, բայց կան նաև թեկնածուներ, որոնք որևէ դրամական միջոց չեն ունեցել։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 14 թեկնածուներից որևէ մեկը գույք չունի, դրամական միջոցներն էլ չեն գերազանցում 500 հազ. դրամը։ «Հետք»-ն ուսումնասիրել է թեկնածուների գույքը, եկամուտներն ու դրամական միջոցները։
Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։
ՔՊ ցուցակը գլխավորում է Իջևանի համայնքապետը
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Նա 2015-2021թթ. Իջևան համայնքի ղեկավարի տեղակալն է եղել, 2021թ. զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը։
Հայտարարագրել է 1 բնակարան (108քմ) Իջևան քաղաքում, 2 բնակելի տուն՝ տնտեսական շինություններով (80,2քմ և 156.1քմ) Բերքաբեր բնակավայրում, համատեղ սեփականությամբ 2 հողամաս:
Որպես եկամուտ հայտարարագրել է 5 մլն 556 հազ. դրամ աշխատավարձ, իսկ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 201 հազ. դրամ։
21 գույք, 26,9 մլն դրամ եկամուտ, 45 մլն դրամ գումար. ամենաշատ գույք ու եկամուտ ունեցողները
Ամենաշատ գույքն ու եկամուտն ունի ցուցակի 4-րդ համար Խաչատուր Համզյանը։ Նա «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։
Հայտարարագրել է 4 բնակարան, որից 3-ը Երևանում է, մեկն՝ Իջևանում (բնակարաններից 2-ը սեփականության իրավունքով են պատկանում նրան, մյուս երկուսը համատեղ և բաժնային սեփականություններ են), 7 բնակելի տուն Իջևան քաղաքում (2-ը սեփականության իրավունքով, մեկը՝ կառուցապատման, մյուս 4-ը՝ համատեղ և բաժնային սեփականության իրավունքներով), 7 հողամաս (2-ը՝ կառուցապատման իրավունքով, մեկը՝ սեփականության, մյուսները համատեղ և բաժնային սեփականություն են), որից 6-ը՝ Իջևանում, մեկը՝ Գեղարքունիքի մարզում, 1 արտադրական նշանակության շինություն։
Խաչատուր Համզյանը հայտարարագրել է նաև 2 ավտոմեքենա՝ 1978թ. արտադրության «Գազ-24» և 2025թ. արտադրության Lixiang։
Ըստ Համզյանի հայտարարագրի՝ ընթացիկ տարում նա 26 մլն 909 հազ. 129 դրամի եկամուտ և 45 մլն դրամ գումար է ունեցել։ Դրամական միջոցներով նա երկրորդն է։
Ամենաշատ եկամուտ ունեցող երկրորդ թեկնածուն ցուցակի 31-րդ համար, Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն է։ Ընթացիկ տարում ունեցել է 11 մլն 931 հազ. 600 դրամի եկամուտ, որից 9 մլն դրամը ստացել է գյուղմթերքի վաճառքից, մնացած 2 մլն 931 հազ. 600 դրամը Իջևանի համայնքապետարանից աշխատավարձ է ստացել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 3 մլն դրամ է ունեցել։ Հայտարարագրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս՝ 0,5 հա մակերեսով և 2 ավտոմեքենա (1991թ. և 2015թ. արտադրության)։
Երրորդ տեղում 11 մլն 852 հազ. դրամ եկամտով «Վահան և թոռներ» ՍՊԸ տնօրեն Վարդան Սարգսյանն է։ Որպես աշխատավարձ հայտարարագրել է ՍՊԸ-ից ստացած 852 հազ. դրամ, 2 մլն դրամ մեղուների, 9 մլն դրամ էլ մեքենայի վաճառքից է ստացել։ Հայտարարագրել է բնակարան Իջևանում՝ բաժնային սեփականության իրավունքով, 6 հողամաս և 2 ավտոմեքենա՝ 2010թ. և 2024թ. արտադրության։
Ովքե՞ր են ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուները
Վարդան Սարգսյանը ամենաշատ դրամական միջոց ունեցող թեկնածուն է։ Նա հայտարարագրել է 45 մլն դրամ և 42 հազ. դոլար (ընդհանուր՝ 60 մլն 162 հազ. դրամին համարժեք)։
Երրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն ցուցակի 5-րդ համար, «ՀայՓոստ» ՓԲԸ Տավուշի մարզային ցանցի ղեկավար Սասուն Անտոնյանն է։ Հայտարարագրել է 1 առևտրի սրահ, 1 վառելիքի լիցքավորման կայան, 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, 1 բնակելի տուն՝ սեփականության իրավունքով և 1 շինություն՝ համատեղ սեփականությամբ։ Բոլոր անշարժ գույքերն Իջևանում են։ Հայտարարագրել է նաև 4 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենա։
Ընթացիկ տարում ընդհանուր 10 մլն 106 հազ. դրամի եկամուտ է ունեցել, որից 4 մլն 368 հազ. դրամը «ՀայՓոստից» աշխատավարձ է ստացել, իսկ 5 մլն 738 հազ. դրամը՝ իր ԱՁ-ից։
Դրամական միջոցները կազմել են 18,5 մլն դրամ և 6000 դոլար (ընդհանուր՝ 20 մլն 660 հազ. դրամին համարժեք)։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ՍՊԸ-ների տնօրեններ են, 11 վարչական շրջանների ղեկավարներ, ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներ և այլք։
Թեկնածուների միջին տարիքը 43 է: Տղամարդիկ այստեղ մեծամասնություն են, 51 թեկնածուից 33-ը տղամարդ է, 18-ը՝ կին։

Թեկնածուներից 3-ի հայտարարագրերը թերի են եղել. նրանց եկամուտների և դրամական միջոցների էջը բացակայել է հայտարարագրից։
Թեկնածուների մեծամասնությունը 1-5 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել մեկ տարվա ընթացքում։ 10 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել միայն 4 անձ։

Թեկնածուներից 6-ը որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, 7-ը մինչև 100 հազ. դրամ գումար է հայտարարագրել, օրինակ՝ կան թեկնածուներ, որոնք հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել են 800, 8000, 40 հազ. դրամ գումար։

Մինչև 1 մլն դրամ գումար է հայտարարագրել 19 անձ, իսկ 10 մլն դրամից ավելի գումար ունի 6 թեկնածու։ 4 թեկնածու գործազուրկ է։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 14 թեկնածուներից 10-ը տղամարդիկ են, 5-ը՝ կանայք։ Նրանց միջին տարիքը 24 է։ 18-24 տարեկան 13 թեկնածու կա, նրանցից 8-ն ուսանող է։
Թեկնածուներից ամենաշատ եկամուտն ունեցել է ցուցակի 9-րդ համար, «Ռեստարտ Քաղաքացիական Երիտասարդական» հիմնադրամի մեդիա պատասխանատու Էրիկ Սուքիասյանը, նա հայտարարագրել է 5,5 մլն դրամի եկամուտ և 300 հազ. դրամ գումար։


Ամենաշատ դրամական միջոցներն ունեցել է ցուցակի 11-րդ համար Արամ Վարդապետյանը, ով հայտարարագրել է 500 հազ. դրամ։ Թեկնածուներից 11-ը որևէ եկամուտ չի ունեցել։
3 թեկնածու որևէ դրամական միջոց չի ունեցել, մինչև 1 մլն դրամ է հայտարարագրել 11 թեկնածու։
Գլխավոր նկարի ձևավորումը և ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Լևոն Վարդապետյանը և Արթուր Ճաղարյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել