HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։

Հիշեցնենք, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր»-ը ՀՀ Կառավարության կողմից 2025 թվականի գարնանը ստեղծված պետական հիմնադրամ է, որի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական անվտանգությանը և հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին: Հիմնադրամում հավաքագրված միջոցների հաշվին դրամաշնորհներ են տրամադրվում այն հեռարձակողներին, որոնք ունեն հանրային սլոթի օգտագործման լիցենզիա: Այն կոչված է դառնալու հարթակ՝ մեդիադաշտում պատասխանատու և հանրօգուտ բովանդակության խթանման համար:

«Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային և սոցիալական բովանդակություն, որը կա՛մ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով, կա՛մ դա շատ բարդ է իրականացնել»,- Կառավարության նիստում ասել էր այդ ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ խնդիր է առաջացել պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից, ուստի որոշել են նման հիմնադրամ ստեղծել։

ՀՌՀ հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2026 թվականի դրամաշնորհային ծրագրի կազմակերպման և իրականացման ընթացքի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։

«Խորհրդի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիստի ընթացքում հաստատվել է հիմնադրամի 2026 թվականի միջանկյալ հաշվետվությունը և քննարկվել են առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀՌՀ ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter