HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արաքսում ՔՊ-ի թեկնածու վարչական ղեկավարը ընտրության օրը բացել է նստավայրի դուռը

Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում են ավագանու ընտրություններ։ Մինչ ընտրողները քվեարկում էին Արտիմետ բնակավայրի թիվ 15/4 ընտրատեղամասում, դրա դիմաց գտնվող վարչական ղեկավարի նստավայրում էր նաև վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու է։

Միրզախանյանը նստավայրի դիմաց շփվում էր ընտրողների հետ։ Քվեարկությունից առաջ և հետո մարդիկ մոտենում էին նրան ու զրուցում։ Վարչական ղեկավարը նաև հեռախոսազանգերով հրահանգներ էր տալիս։

Հարցրինք Հ. Միրզախանյանին, թե ինչու է ընտրության՝ ոչ աշխատանքային օրը բացել վարչական ղեկավարի նստավայրը և ինչու է ինքն այնտեղ գտնվում։

Նրա խոսքով՝ գրասենյակը բացել է, որպեսզի հասարակական կարգը պահպանող ոստիկաններին հանգստի սենյակ տրամադրի։ Իսկ տարածքում մնալու պատճառը, նրա պնդմամբ, հնարավոր միջադեպերը կանխելն է։

«Ի՞նչ անեմ, թողնեմ գնամ տո՞ւն։ Դա էլ ճիշտ չի։ Ես վարչական ղեկավարն եմ, բա չիմանա՞մ՝ ինչ ա կատարվում։ Ես ընտրություններ հորինողի հերն եմ անիծել, ընտրությունները ժողովրդին թշնամացնում են»,- ասաց Հենրիկ Միրզախանյանը։

Նա դժգոհեց, որ իրեն անընդհատ նկատողություն են անում՝ նախկինում ընտրատեղամասի մոտ կանգնելու, իսկ այժմ՝ վարչական ղեկավարի նստավայրը բացելու և մարդկանց հետ շփվելու համար։

Արտիմետում գրանցված է 1231 ընտրող։ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։45-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 78 ընտրող։

Թիվ 15/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի օգնականն է։ Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով։ Ղազարյանն այս ընտրություններում գլխավորում է ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակը։

Արաքս համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում են երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter