
Ծառերի ջարդ՝ Ծաղկաշատի անտառներում (լուսանկարներ)
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղին պատկանող Ծաղկաշատի 5500 հա անտառներից 500 հա-ն վերահսկում է Սանահինի, իսկ 5000 հա անտառային տարածքը՝ Ծաղկաշատի անտառապետությունները: Վերջինս վերահսկում է 4 անտառապահ: «Ծաղկաշատի անտառներում 3 հատատեղ ունենք` 2-ը Սանահինի անտառապետությանն է, 1-ը` Ծաղկաշատի: Ծաղկաշատի անտառներից փայտանյութը արտադրվում է հիմնականում ինքնապատրաստման եղանակով»,- ասաց «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Արամ Ռամազյանը:
Անտառի ճանապարհների անանցանելիության պատճառով մեզ «Նիվա»-ով չհաջողվեց հասնել հատատեղեր: Գյուղացիներն ասացին, որ միայն բեռնատարով կարող ենք գնալ այնտեղ: Ծաղկաշատի «Տիգրոյի թալա» հանդամաս գնացող ճանապարհին սեպտեմբերի 11-ին հանդիպեցինք թափված մեծ քանակության փայտակույտի, որի մոտ նաև փայտով բեռնված մի բեռնատար էր կանգնած: Ծաղկաշատցի Վարդիշաղ Սահակյանն ասաց, որ արճիսեցի փայտահատներն են փայտը թափել այնտեղ. «Նրանք միշտ անտառից փայտ են հանում, էս քանի օր է՝ փայտահատները չեն երևացել»: Ակնհայտ էր, որ ավագ անտառապետի՝ ինքնապատրաստման եղանակով անտառից փայտ հանելու տեղեկությունը այնքան էլ իրականության հետ չէր առնչվում: Արամ Ռամազյանն ասաց, որ թափված փայտը պատկանում է Սանահինի անտառապետությանը: Սանահինի անտառապետության անտառապետ Արտուշ Ջավախյանն էլ փաստեց, որ իր վերհսկողության տակ գտնվող անտառներից փայտը հանում է ավտոմեքենայով և թափված վայրից վաճառում է:
Ծաղկաշատցիների տների բակերում նույնպես մեծ քանակության փայտ էր թափված: Նրանց տերերից ոչ մեկը փայտի գնման փաստաթուղթ չուներ: Արտուշ Ջավախյանն ասաց, որ տեղյակ չէ այդ փայտից: Ծաղկաշատի անտառապետության անտառապետ Հարություն Ամիրջանյանն էլ ասաց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի Ն-144-Ա, ՀՀ գյուղատնտեսության նախարարի Ն-227-Ա և ՀՀ բնապահպանության նախարարի Ն-254 –Ա հրամանների համաձայն՝ ոչ արտադրական նպատակներով թույլատրվում է անտառից անվճար 8 խմ թափուկ փայտ տրամադրել անտառամերձ Ծաղկաշատ գյուղի բնակիչներին: Անտառապետը ենթադրում էր, որ հենց արտոնությամբ տրված փայտն է եղել թափված գյուղացիների բակերում: Հարություն Ամիրջանյանը շրջանցեց այն, որ այդ դեպքում նույնպես գյուղացիները պարտավոր էին իրենց ձեռքի տակ ունենալ փայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
Գյուղացիների բակերում թափված փայտը թափուկ համարելը մեղք կլիներ: Հարությունը հայտնեց, որ ծաղկաշատցիները տարին բոլոր փայտ են վառում, որի համար յուրաքանչյուր ընտանիք այստեղ տարեկան սպառում է մոտ 30 խմ փայտ: Դժվար է ասել, թե տարվա 10-րդ ամսվա շեմին ծաղկաշատցիները քանիերորդ անգամ էին օգտվում իրենց միանվագ արտոնությունից:
Ծաղկաշատի գյուղապետ Հրաչիկ Պարանյանը մեզ հետ զրուցելիս ասաց, որ գյուղը գազաֆիկացված չէ: Ծաղկաշատցիները լրիվ անտառի հույսին են մնացել: «Ասում են՝ անտառից շատ են անօրինական փայտ տանում, հա՞»,- գյուղամիջում հարցրինք ծաղկաշատցի Ռուբեն Թանդիլյանին: «Ասում են, հա, տերուտիրական չկա, համ էլ տենց ա, էլի, աշխարհի բանը»,- պատասխանեց Ռուբենը: Անօրինական փայտահատումներից առանձնապես տուժած վիճակում էր Ծաղկաշատի «Տիգրոյի թալեն»: Հանդամասում սփռված էին հատված ծառերի հարյուրավոր կոճղեր: «Դրանք հնուց են գալիս»,- ասաց անտառապետ Հարությունը: Գյուղապետ Հրաչիկ Պարանյանն էլ վկայեց, որ «Տիգրոյի թալում» ժամանակին շատ անօրինական անտառահատումներ են եղել:
«Տիգրոյի թալում» սեպտեմբերի 11-ին հանդիպեցինք դիզվառելիքով այրված և կացնի մի քանի թարմ հարվածով սպանդի ենթարկված, սակայն դեռ կանգուն երիտասարդ մի բոխու:
Անտառապետ Հարությունը տեղյակ էր բոխուց. «Ծաղկաշատի գյուղացիներից են արել»: Այրված բոխին գյուղապետը բացառիկ դեպք համարեց: Ծաղկաշատցի Ռուբեն Թանդիլյանը այրված բոխու մասին ասաց. «Կարող ա և վառած լինեն: Էդ բոխին հեչ: Մի դիրեկտոր Նալբանդյան ունեինք, ասեր՝ բոխին միայն վառելափայտի համար ա: Բոխին, որ տարածվում ա, լավ չի, էլի»:
Ռուբենի կարծիքով՝ անտառը ինչքան կտրում են, էնքան շատանում է: Օրինականությունից անտեղյակ Ռուբեն Թանդիլյանը ծառի նկատմամբ կատարված դաժանությունն արդարացրեց. «Դե հմի, ժողովուրդը խու ցրտահարվիլ չպտի»:
Անտառապետ Հարություն Ամիրջանյանը 2001 թ.-ից է աշխատում Ծաղկաշատի անտառապետության անտառապետ. «Հենց առաջին օրերին նկատել եմ, որ ծաղկաշատցիները ծառերը շրջանագծով խազում են, այսինքն՝ ծառի սնուցումը խանգարում են, որ ծառը չորանա, հետո այն կտրեն: Ես հասել եմ նրան, որ դա դադարեցվել է»: Ավագ անտառապետ Արամ Ռամազյանն էլ ասաց, որ նկատել է, թե ծաղկաշատցիները ծառերի սնուցումը խանգարելու համար նաև կեղևն են ծառից պոկում: Անտառապետները նաև դժգոհեցին. «Անտառը բաց պահեստ է, մինչդեռ անտառապահների աշխատանքային օրը սահմանված է 8 ժամ: Ժամը 17:00-ից անտառապահները տուն են գնում, շաբաթ և կիրակի օրերին էլ նրանք չեն աշխատում»: Ըստ Արամ Ռամազյանի՝ անտառապահները ցածր աշխատավարձ են ստանում ` 45-50 հազար դրամ, նրանք նույնիսկ զենք չունեն:
Անտառապահների չկանոնակարգված աշխատանքից դժգոհեց նաև անտառապետ Արտուշ Ջավախյանը. «Սահմանված է 8-ժամյա աշխատանքային օր, բայց պահանջում են շուրջօրյա աշխատանք»: «Մեր հաշվարկներով 1 հա անտառը 20 միլիարդ դրամի հարստություն է պարունակում, մինչդեռ դրանց պատշաճ վերահսկողություն պետության կողմից չի ապահովվում»,- ասաց ավագ անտառապետ Ռամազյանը: Անտառի պատասխանատուների՝ «Հետքի» հետ զրույցից կարելի էր ենթադրել, որ Ծաղկաշատի անվերահսկելի անտառներից ցանկացած փայտահատ, այդ թվում՝ նաև ծաղկաշատցիները, անարգել կարող են անօրինական փայտ տեղափոխել: Այդուհանդերձ, Հարություն Ամիրջանյանն ասաց, որ անտառափայտի մթերման իր անտառապետության տարեկան պլանը կազմում է 800 խմ խտացված փայտ, որի 70 տոկոսը արդեն մթերել է: Նա ասաց, որ արդեն իրացրել է նաև պլանով նախատեսված 40 խմ շինափայտը:
Անտառապետ Արտուշ Ջավախյանն էլ հայտնեց, որ փայտի մթերման իր տարեկան պլանը Ծաղկաշատի անտառներից կազմում է 400 խմ խտացված փայտ: «Պլանից քիչ է մնացել»,- ասաց նա: Անտառապետ Ջավախյանը պլանով նախատեսված 35 խմ շինափայտի իրացումը դեռևս չէր կատարել: Ծաղկաշատում անօրինական ծառահատումների վրա աչք է փակվում:
Հ.Գ. Իսկ այս գերանները «Հետքը» լուսանկարել է օգոստոսի 11-ին:
Հատված միանգամայն առողջ ու հաստաբուն ծառի գերանները թափված են Ծաղկաշատ գյուղին հարակից «Տիգրոյի թալա» հանդամասում՝ «Մաուգլի» հանգստյան գոտու մուտքի մոտ: Մի քանի հոգի գերանները բարձում էին բեռնատարի մեջ:
«Մաուգլի» հանգստյան գոտու տնօրենը, ով ներկայացավ որպես Արման, ասաց, թե իբր այս գերանները Թեղուտի հատված ծառերն են, և թե իբր գնվել են 1 խմ-ն 11 հազ. դրամով: Սա ասելուց հետո Արմանը նույնիսկ հավելեց, թե պետությունը ստուգումներ է անում, որ ծառահատում չլինի, և ո՞վ է գժվել ապօրինի ծառ կտրի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել