Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահի պաշտոնում
Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է այդ երկրի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Քվեաթերթիկների 98,87 %-ի հաշվարկի արդյունքներով՝ նա ստացել է ձայների 51,79 %-ը։ Նրա մրցակիցը՝ սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն, որը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է, ստացել է ձայների 48,21 %-ը։
Քվեների հաշվարկից հետո Բոլսոնարուն հրաժարվել է ընդունել պարտությունը և պահանջել անվավեր ճանաչել արդյունքները՝ պատճառաբանելով Բրազիլիայի Գերագույն դատարանի որոշումը, որով քվեարկության ժամկետը երկարաձգվել էր երկու ժամով։ Սակայն, ինչպես նշում է BBC News-ը, Բրազիլիայի պատմության ընթացքում նախագահական ընտրությունների արդյունքները երբևէ անվավեր չեն ճանաչվել։
81-ամյա Լուլա դա Սիլվայի համար սա կլինի նախագահական չորրորդ ժամկետը։
Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր 2026 թվականի հոկտեմբերի 4-ին։ Դրա արդյունքներով՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել ձայների ավելի քան 50 %-ը։
Լուլա դա Սիլվան ներկայացնում է Աշխատավորների կուսակցությունը, որը համարվում է ձախ կենտրոնամետ և սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուժ։ Նա նախկինում երեք անգամ՝ 2002, 2006 և 2022 թվականներին, ընտրվել է Բրազիլիայի նախագահ։
Ժաիր Բոլսոնարուի որդու՝ Ֆլավիու Բոլսոնարուի պարտությունը մեծ հարված է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը իշխանափոխության արդյունքում ցանկանում էր ուժեղացնել իր ազդեցությունը Լատինական Ամերիկայում։ Լուլա դա Սիլվայի և Թրամփի միջև կան քաղաքական տարաձայնություններ։
Լուսանկարը՝ Andre Penner/AP Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել