Արժե՞ մեր ՀՆԱ-ի 2-3 %-ը տալ գիտությանը
Նախաբան. «Նեվերայատնի պյան ա…»
Ֆեյսբուքում, որոնման տողում, գրած կա՞ք «պահանջում ենք»…
Էջեր են՝ որ բացվու՜մ են: Էդքան պահանջել կլինի՞: Բա մեղք չի՞ մեր կառավարությունը: Չենք թողնում աշխատեն էլի՝ անընդհատ շեղում ենք: Ախր որ մի քիչ քիչ պահանջենք, որոշ ժամանակ բնականոն ռիթմով կաշխատեն, կիրագործեն բարեփոխումները, կյանքի կկոչեն ծրագրերը ու էդ «պահանջում»-ների քանակը կտրուկ կնվազի, «պահանջողներն» էլ ավելի շատ գործ կանեն ու կզարգանանք…Երեւի ճիշտ կլինի, որ կառավարությանը հանգիստ թողնենք:
Օրինակ, բացենք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջը: …Վայ ձեր խիղճը կտրվի…Պահանջում են մեր բոլորիս ՀՆԱ-ի 2-3 %-ը: Ա՛յ ՊԳՖԱ, գոնե անունդ հնչեղ լիներ (ռուսերեն հապավումդ ա «զվարճալի»՝ ТУФ-Н կամ ТУФ Науки): Բա դուք «պահանջելուց» առաջ մի հատ չեք դիտարկու՞մ, թե ինչ երկիր ենք, ինչ հարեւաններ ունենք, համաշխարհային գործընթացները ինչ ազդեցություն են թողնում մեր վրա…
Չփորձե՞նք դիտարկել: Արժե՞ մեր ՀՆԱ-ի 2-3 %-ը տալ գիտությանը, թե ոչ: Մի քիչ միտք անելուց հետո 4 տարբերակ է ուրվագծվում:
- Կառավարությանը հանգիստ թողնենք
Թույլ, հետամնաց, անծով, անգազ, սպասարկող երկիր ենք: Բայց դե ի՞նչ ա եղել որ: Մենակ մե՞նք ենք: Աշխարհում լիքը սպասարկող երկիր կա, որտեղ ժողովուրդը ուրախ ու երջանիկ վայելում է կյանքը: Ամեն բան լավ ա: Դեռ մենք մի հսկայական առավելություն ունենք՝ սփյուռքը: Սփյուռքին՝ էստեղի դժգոհների հաշվին, մշտապես համալրում ենք ապահովում, իրենք էլ ամեն ամիս հարազատներին փող են ուղարկում: Մի քանի տելետոն-մելետոն էլ որ կազմակերպվի՝ էլ ի՞նչ դարդ…Կեր, խմիր, սպասարկիր:
Սպասարկող երկրին ի՞նչ գիտություն…
Սակայն. բա մենք սրան էինք արժանի՞: Սովետի քանդվելուց առաջ («Վայ, թաղե՛մ Գորբաչովին, сказать не боюсь…») տասնամյակների ընթացքում ստեղծված գիտության, արդյունաբերության էդքան ժառանգությունը ինչու՞ փոշիացրինք: Հա, օբյեկտիվ պատճառներ էլ կային: Բայց դե էդ աստիճան չէր կարելի ամեն բան «վարի տալ»: Օրինակ, մի 50 տարի առաջվա ոչ մի ռեսուրս չունեցող, աղքատ, հարեւանների հետ տարաձայնությունների մեջ գտնվող էդ Սինգապուրը: Բա դրանք ո՞նց «հաջողացրին»… Ինչպես նշել է «Սինգապուրյան հրաշքի» ճարտարապետ (կասեի՝ Գրանդ Ճարտարապետ), Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն Երեւանում՝ «…երրորդ աշխարհից հայտնվեցինք առաջինում»: Ո՞նց արեցին է՜: Կոռուպցիայի գլխին շատ կոշտ ձեւով տվին, կարգ ու կանոն հաստատեցին երկրում ու այնուհետեւ, արդեն 80-ականներին, սկսեցին զարկ տալ գիտությանն ու ինովացիաներին: Ու ի՞նչ… Ու էն, որ արդեն երկրի բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ազգային արդյունքով Սինգապուրը աշխարհում առաջատարների թվում է (2008թ – 38972.1 ԱՄՆ դոլար):
- Կառավարությանը հանգիստ թողնենք
Մենք լավն ենք, ուզում ենք գիտելիքի վրա հենված տնտեսություն սարքենք: Ամեն բան լավ ա: Կռվում հաղթել ենք («…Էդ եթիմի ռեխն ու քյալլեն մին արեցի»): Բայց չմոռանանք, որ դեռ պատերազմը չի ավարտվել: Նապոլեոնը վախտին ասել ա՝ «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են»: Այնպես, որ գիտության ու ուրիշ ֆինանսավորում պահանջողները թող առայժմ «տազ անեն»: Չեն հասկանու՞մ, որ պատերազմական վիճակում գտնվող երկիրն ուրիշ առաջնահերթություններ ունի: Ումի՞ց կտրեն՝ իրենց տան: Փոխանակ մտահոգվեն, որ ամեն ասպիրանտ բանակի թվաքանակը պակասեցնում է 1-ով…
Էս պատերազմական իրավիճակին ի՞նչ գիտություն…
Սակայն. Հայրենական մեծ պատերազմի ամենադժնդակ պահին Ստալինը, ով մինչ այդ էնքա՜ն մարդկանց գլուխ էր կերել, գլխին զոռ տվեց ու հասկացավ, որ գլուխ ունեցող մարդիկ թիկունքում իրենց գլուխներն աշխատեցնելով ավելի օգուտ կտան ռազմաճակատին ու երկրին, քան պարզապես ֆրոնտ գնալով: Բոլոր կարող ուժերը մոբիլիզացվեցին գոյություն ունեցող եւ նոր ստեղծվող ակադեմիայի մասնաճյուղերում, կոնստրուկտորական բյուրոներում (Հայաստանի գիտությունների ակադեմիան էլ հիմնվեց հենց այդ ժամանակ՝ 1943թ): Արդյունքը՝ հաղթանակ, գիտության եւ տեխնոլոգիաների հետագա զարգացում եւ նրանց շնորհիվ ձեռքբերումների ներդրում թե՛ գիտական ու ռազմական արդյունաբերության, թե՛ ժողովրդական տնտեսության մեջ: …Ու Սովետը դարձավ գերտերություն…
- Կառավարությանը հանգիստ թողնենք
Պատերազմը ավարտվել ա՝ էն էլ մեր հաղթանակով: Ամեն բան լավ ա: Դեմոկրատիա ենք կառուցում կամաց-կամաց: Հա՛յ քաղաքացիական հասարակություն, հա՛յ հասարակական կազմակերպություններ, հա՛յ իրավապաշտպաններ, հա՛յ բազմազանություն, հա՛յ ԱՄՆ դեսպանատուն, հա՛յ ֆուտբոլ, հա՛յ ազգայնականներ, հա՛յ գրանտակերներ, հա՛յ Վանյան («Մարուս, հանգստացի…Relax…) … Ո՞վ է հնարե՞լ…
Բայց էդ անտեր կրիզիսը…
Կարելի էր ճգնաժամ ասել, բայց զի «զի»-ն քաթ անելով «կրիզիս» եզրույթը մի տեսակ ավելի է բացահայտում է երեւույթի «կրիսական» բնույթը՝ թողնենք կրիզիս: Չնայած մերոնք հավաստիացնում էին, որ էդ անտերը մեզ շրջանցելու է՝ արխային մնանք: Բայց դե դրա շորշոփն էլ հերիք եղավ, որ երկրիս երկնիշ տնտեսական աճը դառնա երկնիշ տնտեսական նվազում…Դե հո չպրծավ՝ հետեւանքները հլա կան ու կմնան…
Էս կրիզիսին ի՞նչ գիտություն…
Սակայն. բա 1930-ական թվականների Մեծ ճգնաժամը ո՞նց հաղթահարվեց: 33թ. նախագահ ընտրված Ֆրանկլին Ռուզվելտը առաջին քայլով «տեղը դրեց» բանկիրներին եւ օլիգարխներին, զգալիորեն ավելացրեց պետության մասնակցությունը տնտեսական կյանքի կարգավորմանը: Կառավարության մշակած «Նոր ուղի» ծրագրի միջոցառումների մեջ հիմնական դերը հատկացվեց արդյունաբերության վերականգնմանը։ …Ու Ամերիկան դարձավ գերտերություն…
Բայց ինչու՞ այդքան հեռու գնանք: Աշխարհի զարգացած երկրները, հենց այս վերջին ֆինանսական ճգնաժամի ժամանակ, կտրուկ մեծացնում են գիտության ծախսերը: Բարակ Օբաման ասում է, որ այսօր «գիտությունը պետք է, ինչպես երբեք նախկինում», գիտությունը հայտարարում է երկրի գլխավոր առաջնահերթություն եւ ավելացնում «հիմնարար գիտությունների ամբողջ սպեկտրի» ֆինանսավորումը 2 անգամ:
- Կառավարությանը հանգիստ թողնենք
Չհասկացա, ոչ մեկը «Հայլուր» չի նայու՞մ: Տնտեսությունն էսա էլի թռիչքաձեւ զարգանալու ա: Տոն, հրավառություն, տոլմա, խորոված, «Ոսկե ծիրան», գրքի մայրաքաղաք («Երգի, երգի, երգի, պա-րի…» (2 անգամ)): Ամեն բան լավ ա: Էն Վրաստանին եվրոստանդարտի երկիր համարող կույր վրացասերները հաշվե՞լ են, թե էնտեղ քանի եվրոպատուհան կա, էստեղ քանի…Ասենք, կույր են՝ ո՞նց հաշվեն: Դե թող իմանան, որ էդ ցուցանիշով շատ եվրոպական երկրների էլ ծալած ունենք…
Մնում ա գիտության փողերն ավելացնել՝ կավելացնեն: Բայց ինչու՞ շտապել,
չգիտե՞ք որ «շտապողին տղա չի ծնվում»: Հերթով, մտածված…Դա էլ կարվի… 20 թվին…
Չնայած, եթե ամեն բան լավ ա՝ էլ ի՞նչ գիտություն…
Սակայն. ինչ սակայն է՜…Ոչ կարգին արեւելք ենք, ոչ էլ կարգին արեւմուտք:
Ինչպես ասում էր Տիգրան Կարապետիչը՝ մենք կենտրոնում ենք: Լավ, բա էս Արեւելքն ու Արեւմուտքը ե՞րբ են խելքի գալու ու պահելու իրենց Կենտրոնին…
Պարզվում ա, ոնց դիտարկում ենք՝ ստացվում ա, որ ամեն բան լավ ա:
Բայց… Բայց, ամոթն էլ ա լավ բան…
Ով ուզում է ինչ-որ բան անել՝ ձեւեր է փնտրում դա անելու համար, իսկ ով չի ուզում՝ պատճառ՝ դա չանելու համար:
Վերջաբան. «Բալքի դյուզն էլ տյա ա…»
Հ.Գ. Լավ ա, որ «Պահանջում ենք տաքսիների ու ավտոբուսների ֆինանսավորման ավելացում» շարժում չկա՝ ռուսերեն հապավումը շատ անհարմար բան կստացվեր:
Ստեփան Գյոզալյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել