Նեթանյահուի դաշինքն առաջատարն է Կնեսետի ընտրություններում
Նախօրեին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 66%-ի հաշվարկից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության շուրջ ձևավորված դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ստանում է Կնեսետի (Իսրայելի խորհրդարան՝ խմբ.) 120 մանդատներից 56-ը։ Նրա հիմնական մրցակից Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության շուրջ ձևավորված ընդդիմադիր դաշինքը ստանում է 48, իսկ Իսրայելի հիմնական արաբական կուսակցությունների միավորումը՝ 16 մանդատ։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական, ոչ ամբողջական տվյալներին։ Սակայն քաղաքական ուժերից և ոչ մեկը չի կարողանում ստանալ Կնեսետում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։
Associated Press գործակալության փոխանցմամբ, Նեթանյահուն արդեն իսկ մերժել է արաբական կուսակցությունների հետ կառավարող կոալիցիա ձևավորելու հնարավորությունը՝ նման համագործակցությունը որակելով «դավաճանություն»։ Հիշեցնենք, որ արաբական կուսակցությունների ընտրողները կազմում են Իսրայելի բնակչության շուրջ 20 %-ը։
«Մենք պետք է ձևավորենք ուժեղ, աջ, ազգայնական կառավարություն»,- հայտարարել է Նեթանյահուն։ «Մենք չպետք է վտանգի ենթարկենք Իսրայելն ու ձևավորենք կառավարություն, որը հենված կլինի արաբական հակասիոնիստական կուսակցությունների վրա»,- շարունակել է նա։
Իր հերթին, աջ կենտրոնամետ քաղաքական հայացքներ ունեցող Գադի Այզենկոտը, որը նախկինում զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետի պաշտոնը, որոշ պայմաններով չի բացառել արաբական կուսակցությունների հետ համագործակցությունը։ Սակայն նրա հավանական կոալիցիոն գործընկերներից մի քանիսն արդեն իսկ մերժել են այդ տարբերակը։
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին։ Դեռևս պետք է հաշվարկվեն հեռակա կարգով ընտրություններին մասնակցած Իսրայելի քաղաքացիների հարյուր հազարավոր քվեաթերթիկներ։
Ինչպես նշում է Associated Press-ը, ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մի քանի շաբաթ տևող քաղաքական բանակցությունների, որոնց արդյունքում կամ կհստակեցվի ապագա վարչապետի հարցը, կամ կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ։
Այս ընտրություններն Իսրայելում առաջինն էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո։ Շատերն այս ընտրությունները վճռորոշ են համարում Իսրայելի քաղաքական և հասարակական զարգացման հետագա ուղղությունը որոշելու առումով։
Իսրայելում ընտրելու իրավունք ունի 7,3 միլիոն մարդ։ Ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում էր ավելի քան 30 կուսակցություն, որոնք պայքարում են Կնեսետի 120 պատգամավորական մանդատների համար։
Լուսանկարը՝ CNN-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել